Ներքին 2 տարի առաջ - 09:50 14-12-2023

Հույս չկար, որ եղբայրս կլիներ այդ ցանկում․ 20-ամյա Արենի պատմությունը

Ադրբեջանն այսօր ՀՀ վերադարձրեց 32 գերիների,որոնցից 26-ը՝ Շիրակի մարզից, ովքեր գերեվարվել էին երեք տարի առաջ՝ 2020 թվականի դեկտեմբերին՝ Արցախի Խծաբերդ - Մեծ Թաղեր գյուղերի տարածքում։ Պարզվում է՝ Հայաստան վերադարձած ռազմագերիներից մեկը՝ Արեն Իսանյանը, Հադրութի շրջանի Տումի գյուղից է, ով գերեվարվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ի մարտերի ընթացքում։

Oragir.News-ին հաջողվել է կապ հաստատել Արենի հորաքրոջ աղջկա՝ Կարինե Հայրապետյանի հետ, ում խոսքով՝ այնքան անսպասելի ու անհավանական է եղբոր վերադարձը, որ ընտանիքում տիրող ուրախությանը չափ ու սահման չկա։

Կարինեի խոսքով՝ հրապարկված ցանկում եղբոր՝ Արենի անունը չի եղել, բայց հոգու խորքում բոլորը սպասել են հրաշքի։

«Պատահական տեսանք,որ գերիներին վերադարձրել են, հույս չկար, որ եղբայրս կլիներ այդ ցանկում։ Նույնիսկ չգիտեմ, այդքան ուժ կունենայինք սպասել այդքան տարիներ, ինչպես սպասել են մյուս գերեվարվածների հարազատները»,- ասում է Կարինեն։

Ընդամենը մեկ շաբաթ առաջ է լրացել Արենի 20-ամյակը։ Կարինեի խոսքով, ժամկետային եղբայրը, երբ սկսել է պատերազմը, ընկերների հետ հայտնվել է շրջափակման մեջ։

«Արենը ժամկետային զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ 6 հոգով հայտնվել են շրջափակման մեջ։ Նրանցից մեկը եղել է վիրավոր։ Արենը որոշել է մնալ վիրավոր ընկերոջ մոտ, մյուսները ճեղքել են շրջափակումն ու փրկվել։ Պատահական ենք տեսել Արենին ադրբեջանական տելեգրամյան ալիքներում, երբ ադրբեջանցի զինծառայողները մոտենում են նրանց ու իբր «օգնություն ցուցաբերում»,- ասում է Կարինեն,ում խոսքով՝ հենց այդ տեսանյութն է օգնել ընտանիքին հույսը չկորցնել ու դիմել Կարմիր խաչին՝ ճշտելու լուրի հավաստի լինելը։

Կարինեն համբերություն է ցանկանում բոլոր այն ընտանիքներին,ովքեր, ցավոք,ստիպված են անցնել այն մղձավանջով, որով անցել են իրենք։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում