Ադրբեջանը շահագրգռված է հնարավորինս արագ իրականացնել «Թրամփի ուղի» (TRIPP) նախագիծը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
Բայրամովի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ն և Հայաստանը բանակցություններ են վարել նախագծի նախապատրաստման, դրա իրականացման համար ընկերության ստեղծման, բաժնեմասերի բաշխման և մի շարք այլ հարցերի շուրջ։ Այդ աշխատանքների ընթացքի մասին Ադրբեջանը պարբերաբար տեղեկացվել է։
«Պատճառը պարզ է․ այս միջանցքի թե՛ մուտքը, թե՛ ելքը գտնվում են Ադրբեջանի հետ սահմանին։ Հետևաբար, մեզ համար կարևոր է տեղյակ լինել գործընթացին, որպեսզի նախագիծը հնարավոր լինի իրականացնել, և մենք կարողանանք համապատասխան կերպով համակարգել մեր աշխատանքը», – ասել է Բայրամովը։
Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, թե TRIPP-ը կարևոր է Բաքվի համար մի քանի առումներով։ Մասնավորապես, այն լրացուցիչ հնարավորություններ կստեղծի Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև հաղորդակցության համար։
Նրա խոսքով՝ նախագիծը նաև կդառնա Միջին միջանցքի և «Արևելք-Արևմուտք» միջազգային տրանսպորտային միջանցքի նոր ուղղություն՝ լրացուցիչ հնարավորություններ ստեղծելով Ադրբեջանի, Հայաստանի և տարածաշրջանի մյուս երկրների համար։
Բայրամովը հավելել է, որ նախագծի իրականացումը լրացուցիչ առավելություններ կապահովի ամբողջ Հարավային Կովկասի համար։