Ուղիղ եթեր
Մշակույթ 2 տարի առաջ - 20:31 08-12-2023

Հավատում եմ՝ ձեր մեջ կան նրանք, ովքեր կանցնեն բոլոր մեղքերի միջով և անմեղ կմնան․ Լևոն Խեչոյանի ծննդյան օրն է

««Գարուն» ամսագրում կարդացել եմ Լևոն Խեչոյանի երկու պատմվածքը: Կյանքը գիտի և գիտի՝ գրականությունը ինչ է: Մեր պայմաններում իր ճշմարիտ էջերը շարադրել է: Նշանակում է մեր մշակույթի վերջը չի, և հակառակը՝ գրականությունը մի լավ ժամանակի առաջին օրերն է ապրում»,- Լևոն Խեչոյանի գրականության մասին մի հարցազրույցում այսպես է արտահայտվել հայ նորագույն գրականության արձակի հսկան՝ Հրանտ Մաթևոսյանը։

Եվ իսկապես, անկախության շրջանի գրականության նախակարապետներից էր Խեչոյանը՝ իր ուրույն ոճով, մտածողությամբ, ժամանակի խնդիրների արծարծմամբ ու որոնումներով:

Այսօր հայ արձակագիր, ազատամարտիկ Լևոն Խեչոյանի ծննդյան օրն է։

Նա Արցախյան ազատամարտի նվիրյալ էր, «Սասուն» կամավորական ջոկատի մարտիկ։ Ռազմաճակատից տված մի հարցազրույցում ասել է․ «Բոլորս ռոմանտիկներ էինք, քանի որ մեր առաջին կռվին գնացինք որսորդական հրացաններով, երբ թուրքերը մտել էին Արմաշ։ Եվ մեզ թվում էր, թե մեզանից ոչ մեկին գնդակ չի կպչի, որովհետև մեր հայրենիքի գույները, մեր երազները, մեր ազատագրությունը նույնպես հեքիաթային են»։



Հոգու պարտքի մղումով ծառայեց հայրենիքին, հետո պատերազմը կարմիր թելի նման հայտնվեց նրա գրականության մեջ ու փոխեց հոգեբանությունը, արժեհամակարգը։

1999 թվականին լույս տեսավ Լևոն Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ» վեպը, որը հայ գրականության մեջ առաջին և ամենահաջողված արձագանքներից էր Արցախյան հերոսամարտին։ Գրքում նկարագրվում են պատերազմը, պատերազմից հետո և առաջ կատարված դեպքերը։ Պատերազմի մասին մենք իմանում ենք զինվոր Օնանի օրագրային գրառումներից, որոնք թեև ժլատ են, բայց սարսռեցնող։

Ինչքանով են գրքում տեղ գտած օրագրային գրառումները ինքնակենսագրական՝ դժվար է ասել, բայց փաստ է, որ դրանք պատերազմի միջով անցած ու պատերազմի ողջ սարսափները ճաշակած մարդու ապրումներն են։

Անկախ ամեն ինչից՝ Խեչոյանի մեջ լավատեսություն կա, Հայաստանի ապագայի հանդեպ ամուր հավատ․ «Շատ արագ էլ թաքստոցից դուրս եկան ցուրտը, սովը և պատերազմը, բայց դեռ որևէ մեկի կողմից չգիտակցված անմերձենալին կար՝ Հայաստանը՝ հեռուներից, համամարդկային պատմության ընթացքով եկողը։ Անկասկած էր՝ ինչ էլ դառնար այն, դարձյալ պիտի մնար որպես Հայաստան»,-օրերի իրողություններին իր գնահատականն է տալիս գրողը։



Այս գիրքը պատերազմի թելադրած պայմաններում մարդկայնությունը չկորցնելու, մահվանն ու կորուստներին բաց աչքերով նայելու մասին է։ Հավաքում ես թշնամու՝ արդեն քանի օր թաղած մարմինների ոսկորները, որ փոխանակես ընկերջդ՝ Մհերի մարմնի հետ: Քայքայվող մարմինը քայքայվող մարմնի դիմաց: Ոսկորը՝ ոսկորի: Ինքդ քո առաջ։ Դու դժոխքով անցնում ես, զզվանքից փսխում ես (այնքան, մինչև «զուլալ ջուր գա», մինչև մաքրվես զուլալության աստիճան), որ Հողի ու Երկնքի առաջ հանկարծ չմեղանչես. Հողը թող իր զինվորին վերցնի: Չէ՞ որ հողը սրբագործվում է զինվորի մարմնով և արյամբ:

Դու գերի ես պահում մի անմեղ աղջկա, նա լաց է լինում խոշոր արցունքներով։ Պահում ես, որ որդուդ դիակի հետ փոխանակես։ Գերի ես պահում, բայց մեջդ ատելություն չկա․․․

Դու ամեն անգամ հացին նայելիս, զզվում ես, փսխում, որովհետև ընկերդ զոհվելուց առաջ ասաց․ «Հաց չուտե՞նք․ առանց հաց ուտելու մարդ կռվի չի գնա»։ Իսկ օրեր անց քեզ փոխանցեցին մարմինը՝ ամբողջությամբ այլանդակված․ քարշ էին տվել։

Դու հետդ պտտում ես ընկերոջդ՝ Գարեգինի դիակը․ ֆորմալին չկա։ Թաղում ես, հետո էլի հանում ու էլի հետդ պտտում, մինչև մեկը կդիահերձի։ Դիահերձող չկա։ Բուժքույր Լյուդմիլան էր դիահերձում ու աղիողորմ լաց լինում․․․

Սա պատերազմն է, ուր մեղավորն ու անմեղը դժոխքի նույն կաթսայում են․ «Հավատում եմ՝ ձեր մեջ կան նրանք, ովքեր կանցնեն բոլոր մեղքերի միջով և անմեղ կմնան, նրանք՝ ում ձեռքին հանկարծ կհայտնվի մի մահակ, մի սուր, մի քար, մի բան՝ արյուն հանող…»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ