Ներքին 2 տարի առաջ - 09:00 20-11-2023

Բեսպրեդելը, որի մասին այնքան խոսում էին, դուրս եկավ մայրուղի 

Քանի՞ ոստիկան ու պարեկ է պատասխանատվության ենթարկվել անիրավչության, մարդու իրավունքները խախտելու համար։ Այսպիսի վիճակագրություն չկա։ Հակառակը՝ բազմաթիվ խախտումներն ու սահմանափակումները վաղուց ստեղծել են պատկեր, թե ՀՀ-ում իրավապահներն ինչ ուզենան՝ կարող են անել և անպատիժ մնալ։ Կարծես՝ «բեսպրեդելի» կանաչ լույս է վառվում նրանց համար։

Մասնավորապես՝ զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ Սեպտեմբերի 21-ին բռնություն կիրառած ոստիկանների նկատմամբ հարուցված գործի քննությունը կարճվում է հանցակազմի բացակայության պատճառով։ Պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ, թեմային անդրադառնալով, չի նշում, որ ոստիկանները քաշքշել են սևազգեստ մայրերին՝ վերջիններիս կամքին հակառակ, այլ սոսկ ընդգծում է, որ ոստիկանները գրկել են ծնողներին, A կետից տեղափոխել B կետ։

Անպատիժ մնալու պատկերն ամբողջացնում է ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ԱԺ ամբիոնից հայտարարելով՝ «2022 թվականից մինչ օրս, գրեթե ամեն օր եղել են հանրահավաքներ, միտինգներ, մասայական անկարգություններ, Երևանում ոչ մի անգամ փշալար չի փռվել, ոչ մեկի քթից արյուն չի եկել։ Դա ո՞ւմ շնորհքն է»։ Պատասխանատու պաշտոնյան պարզ ակնարկում է, որ կարող էին արյունլվա անել քաղաքացիներին, բայց շնորհ են արել։ Եվ ուրեմն՝ քաղաքացին պիտի գնահատի շնորհն ու շնորհակալություն հայտնի։ ՆԳ նախարարը, հավանաբար, չէր կարող պատկերացնել, որ իր խոսքը լսող ոստիկաններն այնքան կոգևորվեն ու այնպես կխախտեն մարդու իրավունքները, որ աշխարհով մեկ խայտառակ կլինենք։

ՆԳ նախարարի ելույթից երկու օր անց BBC-ն, վկայակոչելով Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան, հաղորդեց, որ Հայաստանում Ուելսի ֆուտբոլային 32 երկրպագու է ձերբակալվել։ Երկրպագուները BBC-ի թղթակցին ասել են, որ ոստիկանները ստորացրել են նրանց ու սահմանափակել իրավունքները։ Ժամեր անց ՀՀ ոստիկանությունը պարզաբանեց, որ 16 օտարերկրացի խուլիգանություն կատարելու հիմքով ձերբակալվել և համապատասխան փաստաթղթերով ներկայացվել է քննչական մարմին, ևս 16-ը հասարակական վայրում ոգելից խմիչքի ազդեցության տակ երևալու հիմքով ձերբակալվել, բերվել են բաժին և ազատ են արձակվել։ Այսպես ախարհն իմացավ, թե ՀՀ-ում ինչպես է սահմանափակվում մարդու ազատությունը, ինչպես են հարգում մարդու իրավունքները, իսկ ոստիկաններն ինչպես են վարվում գինովցած հյուրերի հետ։

Կարո՞ղ է բան փոխվել BBC-ի անդրադարձից և աշխարհով մեկ խայտառակվելուց հետո։ Ենթադրաբար՝ այո։ Միացյալ Թագավորությունն ուշադրություն է դարձնում իր քաղաքացիների իրավունքների խախտման դեպքերին։ Այս առումով՝ BBC-ի անդրադարձը դեղին քարտ է։ Ենթադրելի է նաև, որ ՄԹ դեսպանությունը նոտաներ է ուղղել։ Այսպիսի ճնշման տակ ՀՀ իշխանությունը, որին թթվածնի պես անհրաժեշտ է միջազգային հանրության, այդ թվում՝ ՄԹ աջակցությունը, պիտի առնվազն՝ ցույց տա, որ ՀՀ-ն հակաժողովրդավարական և վտանգավոր երկիր չի։ Սա հաշվի առնելով նիկոլականներն արդեն ասեկոսե են տարածում, թե ՆԳ նախարարը վարչապետի կողմից նկատողություն է ստացել, ուելսցի երկրպագուների իրավունքները ոտնահարելու փաստով ծառայողական քննություն է նշանակվել, և որոշ ոստիկաններ պատժվելու են առաջիկա օրերին։

Աներկբա է, որ եթե ցուցարարների, սևազգեստ ծնողների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանները համարժեք պատասխանատվության ենթարկվեին, իսկ նախարարն էլ ԱԺ ամբիոնից հանդես գար օրինականության, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության դիրքերից, այլ ոչ թե խոսեր մարդկանց քթից արյուն չբերելու մասին, ապա ոստիկանները չէին ոգևորվի իրենց անպատժելիության երաշխավորի ինքնավստահ խոսքից, ուելսցի հյուրերին հրապարակավ չէին ստորացնի, իսկ երկիրն ու ժողովուրդն աշխարհով մեկ խայտառակ չէին լինի։

Այս տեսանկյունից՝ ՆԳ նախարարին և ուելսցի հյուրերին ստորացրած ոստիկաններին համարժեք պատասխանատվության ենթարկելը քաղաքական անհրաժեշտություն է, որպեսզի իրավական, ժողովրդավարական պետություն ունենալու երազանքը մի օր իրականություն դառնա։ Իսկ եթե չենթարկեն, ապա ՀՀ-ն կմնա ոստիկանական բոստանի մակարդակի, ինչպես ներկայացնում է BBC-ն։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur