Ներքին 3 տարի առաջ - 18:30 20-10-2023

Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարը հյուրընկալվել է ՀՀ քննչական կոմիտեում

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Քննչական կոմիտեի նախագահը շնորհավորել է պարոն Մարագոսին՝ Հայաստանում ԵՄ դիվանագիտական առաքելության ղեկավարումն ստանձնելու կապակցությամբ և արգասաբեր աշխատանք է մաղթել՝ ի շահ Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման։

Արգիշտի Քյարամյանը բարձր է գնահատել ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ ամրապնդման և այդ համատեքստում՝ դատաիրավական ոլորտի շարունակական բարեփոխումների գործընթացին։

Կարևորվել է վերջին շրջանում ՀՀ քննչական կոմիտեի և եվրոպական իրավապահ կառույցների՝ մասնավորապես «Եվրոջասթի» և «Եվրոպոլի» հետ արդյունավետ հաղորդակցության հաստատման իրողությունը՝ որը նպաստում է հատկապես անդրազգային բնույթի հանցագործությունների դեմ պայքարին։

Դեսպան Մարագոսը նշել է, որ Հայաստանի բարեփոխումների հաջող ընթացքը հիմք է տալիս արդեն իսկ ձեռք բերված փորձի և գործիքակազմի հենքին դատաիրավական ոլորտում համագործակցության նոր նախագծեր իրականացնելու համար։ Դեսպանը հավելել է, որ ԵՄ-ն պատրաստ է, մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի կարիքների և առաջարկությունների հենքին, աջակցելու օրենքի գերակայության ապահովմանը և հանցավորության դեմ պայքարում ռեսուրսների զարգացմանը միտված նոր համատեղ ծրագրերին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ քննչական կոմիտեի մասնագիտական ներուժի կատարելագործմանը, այդ նպատակով եվրոպական լավագույն փորձի փոխանցմանը, եվրոպական երկրների քննչական մարմինների հետ փոխգործակցության ընդլայնմանն ուղղված համագործակցության նոր հնարավորությունները։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը պարոն Մարագոսին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումների, իրենց հայրենիքում ԼՂ բնակչության հետագա կեցությունն անհնարին դարձնելուն ուղղված պլանավորված և ամիսների ընթացքում հետևողականորեն իրականացված գործողությունների, ԼՂ բնակչության դեմ կատարված ռազմական ագրեսիայի և բռնի տեղահանության վերաբերյալ բոլոր այն փաստական տվյալները, որոնք ձեռք են բերվել ՀՀ քննչական կոմիտեում իրականացվող մեծածավալ նախաքննությամբ։

Նա նշել է, որ այդ ամենն ուղեկցվել է ռազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններով՝ քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների կանխամտածված թիրախավորմամբ, քաղաքացիական անձանց նկատմամբ բռնություններով, գերեվարումներով, դիերի անարգմամբ և այլն։ ՀՀ ՔԿ նախագահը պատրաստակամություն է հայտնել արդեն իսկ փաստագրված այդ տվյալները, ցանկության դեպքում, փոխանցելու միջազգային գործընկերներին։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»