Ուղիղ եթեր
Մշակույթ 3 տարի առաջ - 21:53 08-07-2023

Անկրկնելի ու եղերական Ակսել Բակունցը․ այսօր սյունյաց աշխարհի «գեղանկարչի» հիշատակի օրն է

«Ինչ-որ էլեգիական երանգ կար նրա թե՛ քայլվածքի, թե՛ շարժուձևի, թե՛ խոսակցության տոների և թե՛, մանավանդ, նրա լռության մեջ։ Մինչև անգամ, երբ մանկական պարծենկոտությամբ խոսում էր իր պապերի երկարակեցության և նրանց բացառիկ ամրակազմության մասին և եզրակացնում, որ ինքը երկար պիտի ապրի, չէիր հավատում նրան և զգում էիր, որ ինքն էլ չի հավատում իր ասածներին»,- իր հուշերում Ակսել Բակունցի մասին գրում է Գուրգեն Մահարին։

86 տարի առաջ հենց այս օրը Երևանում՝ Զանգու գետի ափին, դաժանաբար գնդակահարվեց սյունյաց աշխարհի «գեղանկարիչը»՝ Ակսել Բակունցը։



1930-ականներին այլախոհի պիտակը բաժին հասավ նաև Բակունցին․ հակահեղափոխական, հակախորհրդային, ազգայնամոլ։ Բանտում շուրջ մեկ տարի նրան տանջում են։ Ի վերջո, 25-րոպեանոց դատական նիստից հետո Բակունցին դատապարտում են գնդակահարության՝ ունեցվածքի բռնագանձմամբ։

Հենց հաջորդ օրը՝ 1937 թ․ հուլիսի 8-ի արշալույսին, իրականացվում է դատավճիռը։

«Ես հաճախ, ուշ գիշերին անցնում եմ այն տան մոտով, ուր ապրում և ստեղծագործում էր մեծ, անկրկնելի, եղերական Ակսել Բակունցը։ Նա հիմա լեգենդ է, երգ ու էլեգիա, ու փողոցից այլևս չես տեսնի իր համեստ, փոքրիկ սենյակում, նստած իր գրասեղանի մոտ, գրելիս կամ կարդալիս։ Ես ուզում եմ նրան պատկերացնել 60 տարեկան հասակում, և դա ինձ ոչ մի կերպ չի հաջողվում։ Ես վերջին անգամ նրան տեսա, երբ նա երեսունյոթ տարեկան էր և այդպես էլ մնաց իմ հուշերում․․․»,- գրում է Մահարին։



Մահարին պատմում է, որ Բակունցը մեծ հարգանք չուներ դեպի պոեզիան։ Ամեն անգամ, երբ կարդում էր նրա բանաստեղծությունները պարբերական մամուլում, ներողամիտ ժպտում էր և ասում․

-Լրջացի՛ր, շարունակի՛ր արձակդ։

«Չեմ մոռանում նրա «էքսպրոմոտոն»։

-Դու կարծում ես՝ ես չե՞մ կարող բանաստեղծություն հորինել։ -Խնդրեմ․

Ես սիրում եմ լուսաբացը,
Լուսաբացը, նրա թացը,
Առուների ինչ-որ լացը
Ու․․․

Նա լարեց միտքը և վերջացրեց՝

Ու․․․ մատնաքաշ հացը։



«Մատնաքաշ հացը» պատահական հանգ չէր։ Դժվար տարի էր։

Ծիծաղեց՝ ինչո՞վ է վատ։

-․․․․Ուզում եմ մի մեծ պատմվածք գրել,- ասաց նա մի անգամ,- բերել, հասցնել մի հետաքրքրական հանգույցի և այդտեղ էլ վերջացնել, ավելացնելով՝ «բավակա՛ն է, չեմ ուզում շարունակել»։

Այդպես էլ եղավ․ քանքարավոր, մեծ գրողի կյանքը կտրվեց իր փայլուն ստեղծագործական մեծ հանգույցի վրա։ Նա ստեղծեց իր աշխարհը, սակայն շատ հրաշալիքներ մնացին այդ աշխարհում թերի ու անավարտ»։

Օվսաննա Իսրայելյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին