Մշակույթ 2 տարի առաջ - 20:37 09-01-2024

Անկրկնելի Սերգեյ Փարաջանովի ֆենոմենը․ այսօր մեծ կինոռեժիսորի 100-ամյակն է

Այսօր մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է։ Նա կդառնար 100 տարեկան։ Որքա՜ն գաղտնիքներ կան նրա հիրավի նորարարական լեգենդար արվեստի, նրա յուրահատուկ անհատականության մեջ։

Փարաջանովի ֆիլմերը համաշխարհային կինոյի պատմության մեջ մեծ հետք են թողել, դարձել անթիվ ակնարկների, վիճաբանության, հոդվածների և տեսական քննարկումների առիթ։ Այս բուռն հետաքրքրությունը չէր լինի, եթե նրա ֆիլմերը, նույնիսկ ամենավաղ ստեղծվածները, չպարունակեին ընկալման հազվագյուտ սրություն, ստեղծագործական հզոր ազդակ։

Սերգեյ Փարաջանովի կյանքը նրա երեսուն սցենարներից ամենաողբորգականն ու ամենակարնավալայինն է, ամենաառասպելականն ու ամենաանավարտը, նրա հազարավոր կոլաժներից ամենաառեղծվածայինը։



Ի վերջո, ո՞րն է Սերգեյ Փարաջանովի արվեստի գրավիչ հմայքը: Մեծ վարպետի ստեղծագործության բազմաթիվ հետազոտողներ փորձել են պատասխանել այս հարցին։

«Նա ստեղծագործում էր քմահաճույքով, հնազանդվելով գեղեցկության զգացմանը, և դա՝ այս տարերային զգացումը, նրա աշխարհայացքի էությունն էր»,- գրում է Փարանջանովի ստեղծագործության ուսումնասիրող Կարեն Քալանթարը։



Փարաջանովի ստեղծագործության գլուխգործոցը «Նռան գույնը» ֆիլմն է։

Ֆիլմը սկսվում է սիմվոլներով՝ գիրք, բաց պատուհանի պես դեպի աշխարհ, նռան ծանր պտուղները, որոնց կարմիր հյութը հոսում է սպիտակ կտավի վրա, մի դաշույն, որը ներկված է արյունով:

Նռան հյութն ու դաշույնը ներկող կարմիր արյունը նույն գույնի են։ Բայց եթե հյութի կարմիր գույնը Կյանքի գույնն է, ապա դաշույնի վրա թափված արյունը Մահվան նշան է... Կյանքն ու Մահը` գոյության երկու հիմքերն են, որ մարտահրավեր են նետում միմյանց:



Հիշենք, որ Պերսեփոնեն Դեմետրայի մոտ վերադառնալուց առաջ նռան հատիկ էր կերել, որպեսզի չմոռանա Հադեսի մութ թագավորությունը՝ մահվան աշխարհը։

Բայց մինչ այդ մեր առջև հայտնվում է Գիրքը։ «Ի սկզբանէ էր բանն և բանն էր Աստուած»։ Հենց այս հայտնի խոսքերով է Փարաջանովը սկսում է հերոսի մանկության տարիների պատմությունը․ Խոսքն ու Գիրքը դարձան նրա աշխարհ գալու և նրանում գոյության իմաստը։

Ահա փորագրված մի քար, վրան խաղողի մեծ ողկույզ է, ինչ-որ մեկի մերկ ոտքը ծանրորեն տրորում, քամում է հյութը, որը պիտի գինի դառնա․․․



Ահա հացը, որի ձևը նավ է հիշեցնում, կողքին՝ ձուկ՝ քրիստոնեության խորհրդանիշներից մեկը։

Ահա վարդ և քամանչա՝ բանաստեղծական ոգեշնչման խորհրդանիշները։

Բարդ և բազմաշերտ է Փարաջանովի աշխարհը։ Մեկ անգամ այնտեղ սուզվողը դժվար թե կարողանա դուրս գալ այդ անհատակ օվկիանոսից։ Այն ընկալելը անսահման մեծ գիտելիք է պահանջում հոգեվերլուծության, դիցաբանական շերտերի, սիմվոլիկայի մասին։



Մարիետա Շահինյանը մի առիթով նկատել է. «Մեծ գործերը ոճ են հաղորդում դարաշրջանին»։ Այս միտքը կարելի է կիրառել նաև Փարաջանովի, նրա ֆիլմերի նկատմամբ, որոնք ապրելու են ժամանակից դուրս, ինչպես Շեքսպիրի, Գյոթեի, Խաչատրյանի, Շոստակովիչի գործերը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում