Ներքին 3 տարի առաջ - 22:26 10-05-2023

Երևանը համաձայնել է նախ հանդիպում անցկացնել առանց Մակրոնի. «Ազատություն»

Բրյուսելում առաջիկա կիրակի նախատեսված Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը հնարավոր չէր լինի կազմակերպել, եթե կողմերը մինչ այդ առաջընթաց չունենային Վաշինգտոնում, այսօր «Ազատությանը» փոխանցեց Եվրամիության (ԵՄ) բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ անանուն մնալու պայմանով։

Ըստ այդ դիվանագետի՝ մայիսի 14-ին կայանալիք հանդիպումը Եվրամիության շարունակական դիվանագիտական ջանքերի, ինչպես նաև Միացյալ Նահանգներում տեղի ունեցած հաջող բանակցությունների արդյունքն է։

«Եթե վաշինգտոնյան հանդիպումը գոհացուցիչ չլիներ, դրանից հետո ևս մեկ քննարկում կազմակերպելն իմաստ չէր ունենա», - փոխանցում են եվրոպական աղբյուրները։

Բրյուսելի միջնորդությամբ հանդիպումները դադարել էին կես տարի առաջ․ վերջինը տեղի էր ունեցել անցած հոկտեմբերին Պրահայում, որտեղ Ալիև-Փաշինյան-Միշել եռյակին միացել էր նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։ Եվս մեկ՝ քառակողմ հանդիպում էլ նախատեսված էր անցած դեկտեմբերին, սակայն Ալիևը չեղարկեց այն՝ պնդելով, թե Փարիզը հակաադրբեջանական դիրքորոշում ունի և չի կարող չեզոք միջնորդ լինել։

Հայկական կողմն, իր հերթին, հայտարարել էր, թե ցանկանում է պահպանել Մակրոնի մասնակցությունը։ Տարաձայնությունը հարթելու համար Բրյուսելը անցած ամիսներին շարունակական շփման մեջ է եղել կողմերի հետ՝ փորձելով գտնել երկուստեք ընդունելի լուծում։ Ըստ դիվանագիտական աղբյուրների՝ այս հարցում որոշիչ է եղել Ֆրանսիայի արտգործնախարարի վերջին այցը տարածաշրջան, որը ցանկալի արդյունքը չի տվել՝ ակնհայտ դարձնելով, թե՛ կողմերի, թե՛ Փարիզի համար, որ պետք է գտնել փոխզիջումային տարբերակ։ Ըստ այդմ, Երևանը համաձայնել է նախ մեկ հանդիպում անցկացնել առանց Ֆրանսիայի նախագահի, մոտ երկու շաբաթից էլ շարունակել քննարկումը՝ Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ։ Ադրբեջանական աղբյուրները պնդում են, թե դա եղել է Բաքվի պայմանը՝ Մակրոնի միջնորդությանը համաձայնելու համար։

Կողմերը նաև համաձայնել են շարունակել եռակողմ հանդիպումները Բրյուսելում այնքան հաճախ, որքան անհրաժեշտ կլինի, երեկ հայտարարել էր Եվրամիությունը։

Առաջիկա հանդիպման մասին որոշ տեղեկություններ են հայտնի դարձել նաև ամերիկյան Pօlitico-ին։

«Մենք այդ հանդիպումը դիտարկում ենք որպես բրյուսելյան եռակողմ ձևաչափի վերսկսում և անցած շաբաթ Վաշինգտոնում տեղի ունեցած կարևոր և դրական քննարկումների շարունակություն»,- ասել են եվրոպացի դիվանագետները։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur