Ներքին Մշակույթ 3 տարի առաջ - 21:51 07-05-2023

Գյումրին և՛ ավանդապահ է, և՛ ժամանակակից, և՛ մերժող է, և՛ ընդունող. Հովհաննես Հովհաննիսյան

ՀՀ վաստակավոր արտիստն ասում է՝ չնայած դժվարություններին, Գյումրին պահել է իր դիմագիծն ու հպարտ կեցվածքը:

«Գյումրին առանձնահատուկ քաղաք է, որովհետև ունի շեշտված բնավորություն, որ սիրեց՝ կսիրի, որ մերժեց՝ կմերժի, որ ընդունեց՝ կընդունի մինչև վերջ: Ես աչքս բացել ու էս քաղաքն եմ տեսել, ես էս քաղաքը սիրում եմ ու էս քաղաքից անբաժան եմ: Ինձ առաջարկություններ են եղել աշխատել Երևանում, բայց ես չկարողացա լքել Գյումրին, որովհետև Գյումրու ամեն ինչի հետ ես կապված եմ:

Գյումրին և՛ ավանդապահ է, և՛ ժամանակակից, և՛ մերժող է, և՛ ընդունող. այ էս հակասությունների մեջ է քաղաքը սիրուն: Շիրակի հողը արգասաբեր է, էս հողի արգանդը բեղուն է՝ միշտ տաղանդավոր մարդիկ են ծնվում, ծնվում ու էլի ծնվում: Ամեն տեղ ստեղծագործություն է. տանը, հարսանիքի, կնունքի ժամանակ մարդիկ ստեղծագործում են»,- ասում է ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Հովհաննես Հովհաննիսյանը:

«Գյումրեցիները թասիբով են և ավանդապաշտ, թերևս այդ ավանդույթներն են մեզ ամուր կապել այս հողին: Գյումրու էներգետիկ դաշտը հզոր է, և հնարավոր չէ այդ էներգետիկ դաշտը թողնել ու հենց այնպես հեռանալ: Վերջերս շատ եմ շփվում հետ վերադարձածների հետ, իրենք արտասուքով են մոտենում ամեն քարին ու թփին, օրեցօր գեղեցկացող քաղաքին: Գյումրին շատ է կոկիկ դարձել, ես շատ եմ ուրախանում»,- ասում է արվեստագետը:

Հովհաննես Հովհաննիսյանի համար քաղաքի ամեն անկյունը հոգեհարազատ և սրտամոտ է, սիրում է այն ամեն անկյունը, որտեղ իր հիշողություններն են:

«Ինձ համար Գյումրու յուրաքանչյուր անկյուն հիշողություն ունի, 15 փողոցը, որտեղ ես ապրում եմ, ինձ համար թանկ փողոց է, իմ մանկությունն է անցել այդ փողոցում: Հիմա որտեղ իմ թատրոնն է, այդ փողոցն էլ է ինձ համար թանկ, և ես խնամքով ու խանդով եմ վերաբերվում:

Եթե դու Գյումրիում բեմ ես բարձրանում, ապա դա մաքսիմալ պատասխանատվություն է ենթադրում, որովհետև գյումրեցի հանդիսատեսը եթե քեզ մերժեց, ուրեմն մինչև վերջ կմերժի: Ես ամեն ներկայացումից հետո շնչակտուր սպասում եմ մինչև վարագույրը փակվի, որպեսզի հասկանամ՝ ինչ արձագանք կտա հանդիսատեսը ներկայացմանը, կընդունի՞, թե՞ չի ընդունի»:



ՀՀ վաստակավոր արտիստն ասում է՝ չնայած դժվարություններին, Գյումրին պահել է իր դիմագիծն ու հպարտ կեցվածքը: «Գյումրեցին ապրեց, դիմակայեց դժվարություններին, հպարտորեն դուրս եկավ այդ ամենից: Տխուր են, վիշտ ունեն, ցավ կա, բայց գյումրեցու մեջքը ամուր է, հպարտ է, թեկուզ աղքատ էլ լինի, ծնկել չգիտի»,- եզրափակեց Հովհաննես Հովհաննիսյանը:

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
20:00 Պակիստանը մինչև հոկտեմբերի 10-ը երկրից հեռանալու հրահանգ է տվել աֆղան բժիշկներին և բժշկական ուսանողներին