Արտաքին 3 տարի առաջ - 18:40 27-04-2023

Էրդողանը և Պուտինը մասնակցել են թուրքական Աքքույու ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի վառելիքի բեռնման արարողությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեսակապի ձևաչափով միասին մասնակցել է Ռուսաստանի աջակցությամբ կառուցված թուրքական առաջին՝ Աքքույու ատոմակայանի առաջին էներգաբլոկի վառելիքի բեռնման արարողությանը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Հաղորդվում է, որ արարողության ընթացքում ելույթ է ունեցել նաև Էրդողանը, ով երկու օր անց առաջին անգամ է հայտնվել հեռուստաէկրաններին, այն բանից հետո, երբ ապրիլի 25-ին տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում իր ինքնազգացողությունը վատացել էր, ինչի հետևանքով հարցազրույցը նախատեսվածից շուտ էր ավարտվել։

Էրդողանը շեշտել է, որ այս արարողությամբ իրենք կատարում են ժողովրդին տված հերթական խոստում, որի արդյունքում Թուրքիան կընդգրկվի աշխարհի միջուկային հզոր երկրների շարքում։ Նա հայտնել է, որ արարողության արդյունքում թուրքական Աքքույու ատոմակայանը ստանում է միջուկային օբյեկտի կարգավիճակ։

«Այսպիսով, մեր երկիրը, թեկուզ 60 տարվա ուշացումից հետո, մուտք է գործում աշխարհի միջուկային էներգիայի երկրների լիգա։ Այսօր աշխարհում գործում են 422 միջուկային ռեակտորներ, որոնցից 57-ը դեռ կառուցման փուլում են։ ԵՄ-ն իր էլեկտրաէներգիայի 25 տոկոսը ստանում է միջուկային էներգիայից։ Անցյալ տարի Եվրահանձնաժողովը միջուկային էներգիան ընդունեց որպես կանաչ էներգիա և վերացրեց այս հարցում տատանումները։ Աքքույուի հետ միասին մենք մեր երկիրը դարձրինք այս զարգացումների մի մասը»,- ասել է նա:

Թուրքիայի նախագահն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Աքքույու ատոմակայանի կառուցումը Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև ամենամեծ համատեղ ներդրումն է։ Նա շեշտել է, որ ատոմակայանի կառուցումն իրականացվել է ֆինանսավորման մոդելով, որը չի ծանրաբեռնել երկրի բյուջեն։ Վերջինս հայտնել է, որ ատոմակայանի բոլոր էներգաբլոկներն աստիճանաբար շահագործման կհանձնվեն մինչև 2028 թվականի, և այն կբավարարի Թուրքիայի էներգետիկ կարիքների 10%-ը։

Էրդողանը նաև հայտնել է, որ ատոմակայանը չի տուժել փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից, ինչը փաստում է, որ ինժեներներն ու բանվորները իրենց աշխատանքը բծախնդիր են կատարել։ Նա հավելել է, որ հնարավորինս արագ ջանքեր կգործադրեն թուրքական երկրորդ և երրորդ ատոմակայանների կառուցման համար, որոնք կկառուցվեն երկրի տարբեր տարածաշրջաններում։

Նշենք, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև Աքքույու կառուցման համաձայնագիրը ստորագրվել էր դեռևս 2010 թվականի մայիսին։

2018 թվականի ապրիլի 3-ին Անկարայում տեղի ունեցած համատեղ արարողության ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակամուրջի ձևաչափով իրականացրեցին ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի հիմնարկեքի արարողությունը։ 2 տարի անց՝ 2020 թվականի ապրիլի 8-ին երկրորդ բլոկի շինարարության մեկնարկով, աշխատանքները մեծ թափ ստացան։ 2021 թվականի մարտի 10-ին կայացավ երրորդ, իսկ 2022 թվականի հուլիսի 21-ին՝ չորրորդ էներգաբլոկի հիմնարկեքի արարողությունը։




Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»