Արտաքին 3 տարի առաջ - 19:08 30-03-2023

Բրյուսելը շահագրգռված չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության և մերձեցման ձևավորման հարցում. Զախարովան՝ Ռիտերի հայտարարության մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ շատ կարևոր է լսել ոչ թե նրանց, ովքեր երբեք միջնորդ չեն եղել կարգավորման հարցում, ովքեր երբեք չեն բերել հավելյալ արժեք և ովքեր չեն հասել որևէ գործնական արդյունքի, այլ կարևոր է լսել Երեւանին ու Բաքվին։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Զախարովան ասել է՝ մեկնաբանելով Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի հայտարարությունը։

Զախարովան ընդգծել է, որ անհրաժեշտ է լսել և գործել երկու երկրների շահերից ելնելով։ Նրա խոսքով՝ Մոսկվան հիանալի հասկանում է, որ երկու երկրները տարբեր տեսակետներ, երբեմն՝ տրամագծորեն հակառակ։

«Այո, մենք հիանալի հասկանում ենք, որ լինում են ծայրահեղ բարդությունների, սրացումների եւ այլնի ժամանակաշրջաններ։ Բայց միևնույն ժամանակ մենք ֆիքսում ենք նաև այն, որ կողմերը կարող են պայմանավորվել։ Գլխավորը նրանց համար համապատասխան մթնոլորտ, նման պայմանավորվածությունների, փոխըմբռնման համապատասխան հիմք ստեղծելն է և այդ փոխըմբռնմանը նպաստելը, այլ ոչ թե հակառակը»,- ասել է նա։

Մարիա Զախարովան շեշտել է, որ նման հայտարարությունը հաստատում են ռուսական եզրակացությունների վավերականությունը՝ տարածաշրջանում Եվրամիության ապակառուցողական մտադրությունների և գործողությունների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Բրյուսելը շահագրգռված չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության և մերձեցման ձևավորման հարցում։

«Բրյուսելն ակնհայտորեն շահագրգռված չէ Ադրբեջանի ու Հայաստանի միջև վստահության ու մերձեցման ձևավորման հարցում, և իր ապաշնորհ, անընդհատ, ոչ պրոֆեսիոնալ, ոչ խելամիտ, ոչ ազնիվ գործունեությամբ նրանք հակասություններ են հրահրում Բաքվի ու Երեւանի միջև։ Եվ, իմ կարծիքով, մենք բոլորս տեսնում ենք դա, ու դա թաքցնել պարզապես հնարավոր չէ»,- ասել է նա։

Ռուս պաշտոնյայի համոզմամբ՝ ոչ միայն դժվար, այլ ամենաբարդ հակամարտություններում արևմուտքի և ԵՄ-ի կողմից միջնորդության որևէ հաջող օրինակ չկա։ Նա ափսոսանք է հայտնել, որ ԵՄ-ն չի մտածում, թե Անդրկովկասում խաղաղության ու կայունության համար ինչ անկանխատեսելի հետեւանքների կարող է հանգեցնել անպատասխանատու քաղաքականությունը։

«Կոչ ենք անում հրաժարվել նման առճակատման սցենարներից։ Ուզում եմ հիշեցնել, որ հենց Ռուսաստանի Դաշնության ջանքերով հաջողվեց կասեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջեւ բախումը 2020 թվականի աշնանը, 2022 թվականի սեպտեմբերին։ Բաքվի և Երեւանի միջև հարաբերությունների բարելավման համար Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրերի ևդրան հաջորդած պայմանագրերի լիարժեք կատարումն այլընտրանք չունի»,- եզրափակել է Զախարովան։

Հիշեցնենք, որ Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը նախօրեին հայտարարել էր, որ եթե այս տարվա գարնանը Ադրբեջանի կողմից հարձակում չլինի, կարելի կլինի ասել, որ ԵՄ առաքելությունը հաջող է անցել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը