Մշակույթ 3 տարի առաջ - 23:25 29-03-2023

Ինձ ժողովուրդս պահեց, հա՛, ժողովուրդս․․․

1971 թվականի մարտի 29-ին մահացել է հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ավետ Ավետիսյանը։

Միշտ հետաքրքիր է կարդալ հուշեր մեր մեծերի մասին։ Դրանք բացահայտում են ոչ միայն նրանց կյանքի մանրամասները, այլ նաև նրանց մարդկային տեսակը, որակները, մտածողությունը, հույզերը, ներքին անհանգստությունները, ուրախություններն ու մտահոգությունները։ Այդպիսի մի գեղեցիկ հուշ է պատմում Սոս Սարգսյանը` իր ավագ գործընկերոջ` դերասան Ավետ Ավետիսյանի մասին։



«Առիթը չէինք փախցնում մեծերի հետ լինել, լսել նրանց, հարցեր տալ։ Էսպես մի գեղեցիկ օր ես ու Ֆրունզը ներկայացումից հետո Ավետ Ավետիսյանին ուղեկցում ենք տուն։ Ստալինն արդեն սատկել էր, ու մարդիկ ինչ-որ չափով շունչ էին առել։ Քայլում ենք գիշերային Երևանով. Ավետն էդ օրը բացվեց։

Սովորաբար շատ զգուշավոր մարդ էր, միանշանակ հավատարիմ կոմունիստ։ Ժողովներին բոցավառ ճառեր էր ասում կոմունիստական կարգախոսներով, բայց էդ օրը հանկարծ անկեղծացավ։ Պատմում էր, թե ինչ դժվար կյանք է ունեցել, ինչեր են գլխով անցել, ու ինչ սարսափներ։

Ավետը ուրիշ տեսակ երևաց մեզ` խորը, լուռ ու մունջ տառապած, հազար ու մի փորձանքից փրկված, հազար վախի միջով անցած։ Էսօր հեշտ է դատողություններ անել, էսօր դժվար է, գրեթե անհնարին պատկերացնել ստալինյան ժամանակները, քանի որ էդքան սուտ, էդքան դաժանություն երբևէ եղած չկա։



Մեծ տաղանդի տեր Ավետը ստեղծագործել է ու հետն էլ վախը սրտում։

Խուլ ձայնով կարծես ավելի շատ ինքն իր հետ մտորում էր, դառնացած պատմում Ջանանի մասին, թե ինչ դերասան էր, որ դերն ինչպես էր խաղում, և թե վերջը ինչպես տարան, տարան ու տարան։ Յաղուբյանի մասին էր պատմում, որ Փարիզից եկավ Հայրենիք ու տարան, կորցրին... Ու էլի շատ մարդկանց մասին, որոնց հետ անձամբ ծանոթ է եղել, ընկեր բարեկամ...

Ազդվեցինք ու տխրեցինք շատ, արդեն լուռ հասցրեցինք նրան մինչև իր տուն ու բաժանվելուց առաջ հարցրեցինք.
- Ավետ Մարկիչ, բա դու ո՞նց փրկվեցիր, ինչպե՞ս է որ ձեզ չկարողացան ձեռք տալ։

Երկար լռեց, հետո «Կազբեկի» տուփը հանեց գրպանից, վառեց ծխախոտը, մի քանի անգամ խորը ներս քաշեց ծուխը.
- Ի՞նձ... Ե՞ս... Հա, ասեմ։ Ինձ ժողովուրդս պահեց... Հա՛, ժողովուրդս։

Ու աչքերը լցվեցին։ Էնպես էր հուզված։ Ինքը ժողովրդինն էր, ժողովուրդը` իրենը, ինչպես կհամարձակվեին։ Ժողովուրդը թույլ չէր տա...

Երեխայի պես միամիտ մարդ էր Ավետը»։

Պատրաստեց Նաիրա Եղիազարյանը

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
15:35 8 կին բնապահպաններ միավորվել են՝ Հայաստանի էկոլոգիական ցավերը COP17-ի օրակարգ բերելու համար
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր

Ձեզ գուցե հետաքրքրի