Ներքին 3 տարի առաջ - 12:50 15-03-2023

Ինչպես Նիկոլ Փաշինյանը Ֆրիկից դարձավ Ֆռիկ

Երեկվա ասուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն աջակցեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին` թանկարժեք բնակարանի գնման սկանդալի հետ կապված:

Ինչպես հայտնի է, ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը Երևանի կենտրոնում թանկարժեք բնակարան է ձեռք բերել,165 քմ տարածքով, գործարքի գինը 412 հազար դոլար է, գործարքի ժամանակ՝ 6 ամսի առաջ, այն իբր արժեցել է 168 հազար դոլար, կառուցապատողը հայտնի հանրապետական Աշոտ Արսենյանի «Ջերմուկ գրուպն» է, Պապիկյանը չի պարզաբանել, թե ո՞նց է եղել, որ հնարավոր է եղել գույքը այդքան էժան ձեռք բերել՝ 100 մլն դրամ տարբերությամբ:

Փաշինյանը իրեն հատուկ ոճով «ֆռցրեց» ու մանիպուլացրեց՝ առաջարկելով լրագրողին 300 հազարով գնել, 400 հազարով վաճառել, ասաց, որ Պապիկյանը հայտարարագիր կներկայացնի, ամեն ինչ կերևա, միևնույն ժամանակ վստահեցրեց, թե իրավապահները ամեն ինչ ուսումնասիրում են և հատուկ հրահանգ տալու հարց չկա:

Հետո Փաշինյանը հիշեց, որ 2018-ից հետո 25 հազար մարդ նորակառույց շենքերում բնակարան են ձեռք բերել և օգտվում են եկամտահարկի վերադարձից, սահուն անցում կատարեց լրագրողներին՝ հարցնելով, թե ձեր մեջ եկամտահարկով տուն գնած մարդիկ կան, թե՝ ոչ, հիմա դուք էլ եք կոռուպցիայիով զբաղված, թե՝ ոչ:

Բայց նախ պարզ չէ, թե ինչու է Փաշինյանը հիշում եկամտահարկով տուն գնելու տարբերակը, միթե Պապիկյանը այդ եղանակով է տունը գնել: Նման պնդում վարչապետը չի անում, բայց այդ կոնտեքստում և ֆոնին հիշելով եկամտահարկով տուն գնելը՝ տպավորություն է ստեղծվում, թե Պապիկյանն էլ է շարքային քաղաքացիների պես այդ եղանակով տուն գնել:

Միանգամից կանխենք ստի գեներացումը և նշենք, որ Պապիկյանը այդ եղանակով չէր կարող տուն գնել, որովհետև եկամտահարկի վերադարձի օրենքը Կենտրոն վարչական շրջանում չի գործում, հանել են, երկրորդ՝ այդ եղանակով գնվող տան գինը չպետք է 50 մլն դրամից ավելի լինի, դա համարվում է սոցիալական ծրագիր, իսկ պետությունը ինչու պետք է աջակցի իբր 168 հազար դոլարով տուն գնելու հնարավորություն ունեցողին:

Երրորդ՝ լրագրողների՝ եկամտահարկով գնած տները այդ արժեքը չունեն, դրանք Կենտրոնում չեն գտնվում և 165 քմ չեն:

Եվ չորրորդ՝ երբ Փաշինյանը հիշատակում է լրատվամիջոցների տերերի տները եկամուտների հետ համեմատությամբ, հարց է առաջանում՝ 5 տարի իշխանության եք, բա ինչու չեք զբաղվել այդ հարցով:

Մի խոսքով, եթե նախկինում ընդդիմադիր Փաշինյանը միջանդարյան բանաստեղծ Ֆրիկն էր, այսինքն` պատեհ֊անպատեհ խոսում էր սոցիալական արդարությունից, հիմա այնքան է ֆռցնում, որ դարձել է մի իսկական «ֆռիկ», բայց այդ մանիպուլացիաներն արդեն էժանագին են ու ձանձրացնող:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան