Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:46 14-03-2023

Փաշինյանը Պապիկյանի տունն էժան գնով վաճառքի է հանում

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եկամուտների մասին հայտարարագիր կներկայացնի, և բոլորդ հնարավորություն կունենաք դա դիտարկելու և քննարկելու: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սուրեն Պապիկյանի՝ կասկածելի առքուվաճառքով ձեռք բերած բնակարանի մասին հարցին․ «ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը Երևանի կենտրոնում թանկարժեք բնակարան է ձեռք բերել,165 քմ տարածքով, գործարքի գինը 412 հազար դոլար է, գործարքի ժամանակ՝ 6 ամսի առաջ, այն արժեցել է 168 հազար դոլար, կառուցապատողը հայտնի հանրապետական Աշոտ Արսենյանի «Ջերմուկ գրուպն» է, պարոն Պապիկյանը չի պարզաբանել, թե ո՞նց է եղել, որ հնարավոր է եղել գույքը այդքան էժան ձեռք բերել՝ 100 մլն դրամ տարբերությամբ»,- ասաց լրագրողը:

Փաշինյանը պատասխանեց. «Եթե Դուք ճիշտ եք, ես Ձեզ առաջարկում եմ, որ գնաք բանկի հետ բանակցեք, 300 հազար դոլարով գնեք այդ տունը և 400 հազարով վաճառեք: Եթե վաճառեք, մենք բոլորս կիմանանք, որ դուք ճիշտ եք: Եթե այդ գործարքը բանկին առաջարկեք, բանկը երջանիկ կլինի նման գործարքից: Ես ներողություն եմ խնդրում պարոն Պապիկյանից՝ իր անձնական կյանք մտնելու համար, բայց ես կպնդեմ, որ Պապիկյանը 300 հազարով այդ տունը վաճառի Ձեզ, որ հետո Դուք 400 հազարով վաճառեք: Ես մի տարի է՝ ուզում եմ իմ տունը «Կինո Հայրենիքի» վաճառել, չեմ կարողանում իմ ուզած գնով վաճառել, ես էլ կուզեմ օգտվել, դեռևս չի հաջողվել»:

Փաշինյանն ասաց, որ 2018-ից հետո 25 հազար մարդ նորակառույց շենքերում բնակարան են ձեռք բերել և օգտվում են եկամտահարկի վերադարձից:

Նա ասաց, որ լավ զգաց, երբ իմացավ, որ նախարարը նոր բնակարան է գնել՝ 2-3 սենյականոց, կամ թեկուզ դրա կրկնակի չափով. «Թող ձեռք բերի, նոր ընտանիք է»:

Լրագրողի այն դիտարկմանը, որ գուցե Փաշինյանն իրավապահներին առաջարկի զբաղվել լրատվամիջոցների հրապարակումներով, Փաշինյանն արձագանքեց. «Իրավապահներին հրահանգելու կարիք չկա, բայց եթե դա ձեզ պետք է, ապա ես ուղիղ հրահանգում եմ՝ ստուգեք բոլոր տվյալները»:

Լրարողի դիտարկմանը, որ ըստ մամուլի ուսումնասիրությունների՝ Արշակունյաց պողոտա 18/4 հասցեի նորակառույց թաղամասում, բացի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից, բնակարան են ձեռք բերել ևս 3 պաշտոնյաներ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՔՊ-ական Արայիկ Հարությունյանը, ՔՊ-ական Տրդատ Սարգսյանը և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, Փաշինյանը պատասխանեց, որ ՔՊ-ական պաշտոնյաներից բացի՝ բնակարաններ են գնել նաև ևս 25 000 քաղաքացիներ։

Լրագրողը հիշեցրեց, որ Փաշինյանը պատգամավոր եղած ժամանկասում էր՝ լոլիկ աճեցնելով Հովիկ Աբրահամյանն ինչպե՞ս կարող էր այդքանը ձեռքբերել, հիմա կոռուպցիոն ռիսկեր չի՞ տեսնում, Փաշինյանը պատասխանեց, որ կոռուպցիոն ռիսկեր կան ամեն քայլափոխի․ «Կներեք, անգամ այս «ստենդի» մեջ կարող են դրանք լինել։ Ասել եմ, որ ասուլիս եմ անելու, և ինչ-որ մարդիկ ինչ-որ տեղ տպել են, պատվիրել են․․․ամեն տեղ կա կոռուպցիոն ռիսկ։ Մենք վախենում ենք բոլորս։ Դրա համար ենք այդքան քննարկում։ Ասում եք՝ Լիլիթ Մակունցը, Արայիկ Հարությունյանը, Տրդատ Սարգսյանը․․․ես ասում եմ՝ ևս 25 000 մարդ։ Այդ փողի մի մասը որտեղի՞ց․ 35 միլիարդ, պատկերացրեք, կառավարությունն է տվել։ Այսինքն, այդքան մարդու վարկի մի հսկա բաժինը կառավարությունն է տալիս։ Այ, եթե ասեիք, որ լինեին այդ չորս հոգին և երկրում էլ բնակարան ձեռք բերող չլիներ, կհասկանայի։ Հովիկ Աբրահամյանը, ասենք, հայտարարագրել է երկու միլիոն դոլար։ Հիմա մեր գործընկերներից որևէ մեկը երբ այդքան կհայտարարագրի, այն ժամանակ կխոսենք։ Որտե՞ղ գնեն բնակարան։ Ասեք՝ որտեղից վերցնեն։ Տեղը գիտե՞ք այդ ոչ կոռուպցիոն շենքի, որտեղ կարելի է բնակարան ձեռք բերել։ Մեր բնակարանն ուզում ենք վաճառել։ Հույսս դրել եմ Աշոտի վրա, ինքն էլ չի կարողանում վաճառել։ Վաղը մյուս օրը որտեղի՞ց ձեռք բերենք։ Տեղն ասեք»։

Փաշինյանի խոսքով՝ նշյալ պաշտոնյաները հրապարակելու են հայտարարագրեր, և կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործը դրանք ստուգելն է․ «Այդ հանձնաժողովը հատուկ դրա համար ենք ստեղծել։ Դրա նախագահի պաշտոնում ընտրվել է ընդդիմության առաջարկած թեկնածուն։ Որ վարչապետը ստիպված չլինի տնով, շենքով զբաղվի։ Ավելի մեծ գործեր կան։ Բնակարաններ են ձեռք բերել Մակունցը, Սարգսյանը, Հարությունյանը և ևս 25․176 ընտանիքներ։ Այն օրն անցնում էի։ Մի 7-8 շենք կար, բոլորը Մակունցն ու Պապիկյա՞նն են գնել (քմծիծաղում է,-հեղինակ)։ Հա՞։ Ո՞ր շենքում։ Ես կարդացել եմ այդ հրապարակումները։ Քանի՞ շենք է այդտեղ կառուցվում։ Հարյուրավոր բնակարաններ կան այդտեղ։ Մեծ թաղամաս է։ Կոռուպցիայի դեմ պայքարում մեր կամքն անսասան է, բայց մարդկանց չենք կարող ասել՝ բնակարան մի գնեք։ Ձեռք բերելիս պետք է եկամուտները լինեն օրինական ու հիմնավորված»։