Ներքին 3 տարի առաջ - 21:17 23-11-2022

Գումարվել է Արցախի Հանրապետության ԱԺ հերթական նիստը

Նոյեմբերի 23-ին գումարվել է ԱՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի հերթական նիստը:

Ինչպես տեղեկացրին ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, նախքան նիստի օրակարգի հարցերի հաստատմանը՝ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանը ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկությամբ է հանդես եկել՝ պայմանավորված նոյեմբերի 18-ին ԱԺ պատգամավորներ Դավիթ Գալստյանի և Արշակ Գրիգորյանի միջև տեղի ունեցած միջադեպով:

28 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցը ընդգրկվել է ընթացիկ նիստի օրակարգում:

Հաջորդիվ խորհրդարանն անցել է օրակարգային հարցերի քննարկմանը:

Առաջին հարցը ԱՀ Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցն էր: ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը պալատի անդամի պաշտոնում ներկայացրել է Միքայել Հենրիկի Մուսայելյանի թեկնածությունը:

Թեկնածուի մասնագիտական գործունեությանը վերաբերող տեղեկատվությունը լսելուց և պարզաբանումներ ստանալուց հետո, խորհրդարանն անցել է գաղտնի քվեարկության: Ամփոփելով գաղտնի քվեարկության արդյունքները՝ հաշվիչ հանձնախմբի նախագահ էդուարդ Աղաբեկյանը նշել է, որ թեկնածուի օգտին կողմ է քվեարկել 28 պատգամավոր: Քվեարկության արդյունքներով ԱԺ նախագահը հրապարակել է հետևյալ որոշումը.

«Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 161-րդ հոդվածի 2-րդ մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 128-րդ հոդվածի 9-րդ մասով Ազգային ժողովը որոշում է Միքայել Հենրիկի Մուսայելյանին ընտրել Հաշվեքննիչ պալատի անդամ 6 տարի ժամկետով»:

Կեսօրին կառավարության հետ հարց ու պատասխանի ժամին 14 պատգամավորի կողմից հարցեր են ուղղվել հանրապետության նախագահին, պետական նախարարին, նախարարներին ու նախարարների պաշտոնակատարներին:

Ամենաշրջանառվող թեման Սահմանադրական փոփոխությունների նախագծի հանումն էր օրակարգից: Մեկնաբանելով այն՝ նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է,որ Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը իրենն էր ու պայմանավորված էր «ամեն-ինչ կենտրոնացված է մի մարդու ձեռքում» շահարկվող դրույթի չեզոքացմամբ: Սակայն հաշվի առնելով հանրության լայն շրջանակներում առկա տրամադրությունները ու կարևորելով ներքին համերաշխությունը, երկրի ղեկավարը որոշել է առայժմ ձեռնպահ մնալ Սահմանադրական փոփոխություններից:

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը տեսակետ է հայտնել առ այն, որ, այնուամենայնիվ, պետք է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացվեր՝ ապահովելով յուրաքանչյուր քաղաքացու ձայնի իրավունքը:

Ի թիվս այլ հարցերի՝ նախագահ Արայիկ Հարությունյանը պատասխանել է նաև բյուջեի դեֆիցիտի մասին հարցին: Նա նշել է, որ սոցիալական ծրագրերում ու շինարարության մեջ պլանավորածից ավել է ծախսվել, ինչը, սակայն, չի խանգարելու մինչև տարեվերջ սոցվճարներն իրականացնելուն: Մինչև տարեվերջ կփորձեն կարգավորել նաև շինարարական կազմակերպությունների պարտքի հարցը:

Հայաստանում տեղահանված բնակչությունը չի կարողանում օգտվել տրամադրված սերտիֆիկատից՝ պատգամավորական հարցադրմանն ի պատասխան երկրի ղեկավարն ասել է, որ հարցը կքննարկվի ՀՀ իշխանությունների ու բանկային համակարգի հետ:

Խորհրդարանականների կողմից բարձրացվեցին այլ հարցեր ևս: Դրանք վերաբերում էին գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությանը, բանկերի պարտավորություններին, ուսման վարձավճարների փոխհատուցմանը և այլն:

Առաջին անգամ պետական նախարարի պաշտոնում նիստին ներկա Ռուբեն Վարդանյանը ողջունել է խորհրդարանականներին ու արդյունավետ աշխատանքի վստահություն հայտնել:

Հարց ու պատասխանից հետո խորհրդարանն անցել է օրենսդրական նախաձեռնություններին:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը նախապես քննարկվել և հավանության էր արժանացել գլխադասային հանձնաժողովի կողմից:

Նախագծի վերաբերյալ մտքերի փոխանակությամբ հանդես է եկել ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ կոչ անելով կողմ քվեարկել նախագծին,ընդգծելով, սակայն, որ այն կատարելագործելու անհրաժեշտություն ունի: 25 կողմ ձայնով խորհրդարանն այն ընդունել է որպես օրենք:

««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ մտքերի փոխանակությամբ հանդես է եկել պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ ընդգծելով օրինագծի հետ կապված իր անհամաձայնությունները: Նախագիծը 18 կողմ, 3 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է որպես օրենք:

««Զենքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ընդունվել է միաձայն:

Խորհրդարանի 1-ին ընթերցմանը ներկայացված «Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության մասին», ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ընդունվել է 26 կողմ ձայնով:

««Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթին և «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծին խորհրդարանականները քվեարկել են 27 կողմ ձայնով :

ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցում պատգամավորները համաձայնության չեն եկել:

Նիստի վերջում պատգամավորական հայտարարություններով հանդես են եկել Վահրամ Բալայանը և Արթուր Մոսիյանը:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին