Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 19:10 24-10-2022

Ռուսական գազը Եվրոպային կվաճառվի Թուրքիայի տարածքից և ոչ այլևս ՌԴ-ից․ փորձագետ

Ռուսներն արդեն հայտարարել են, որ իրենք Թուրքիայի տարածքում ՀԱԲ են ստեղծելու։ Այդ հանգույցի նպատակը գազի վաճառքն է։ Այսինքն, իրենք ստեղծում են գազի սակարան՝ Թուրքիայի տարածքում, որտեղից իրենց այդ գազը վաճառելու են եվրոպացիներին։ ՌԴ տարածքից ուղղակիորեն դեպի Եվրոպա գազի մատակարարում այլևս չի իրականացվի։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Էներգետիկ ոլորտի փորձագետ Արմեն Մանվելյանը։

«Հյուսիսային խողովակաշարերը պայթեցված են։ Ուկրաինայով գնացող 2 խողովակաշարերից մեկը չի աշխատում։ Երկրորդն էլ հնարավոր է՝ մինչև տարվա վերջ կանգ առնի։ Դեպի Եվրոպա միակ աշխատող խողովակաշար մնում է թուրքական հոսքը, որի ծավալը նույնպես մեծ չէ՝ 33 մլրդ խմ է։ Ադրբեջանը նույնպես դեպի Եվրոպա գազի մեծ ծավալներ չի արդյունահանում։ Այդ երկրի արդյունահանման առավելագույն ծավալը 10 մլրդ խմ է»,- ասաց նա։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից դեպի Եվրոպա մատակարարվող գազի ծավալների կրկնապատկման խոստումներին՝ փորձագետն ասաց, որ Ադրբեջանը դեպի Եվրոպա գազի մեծ ծավալներ չի արդյունահանում։ Այդ երկրի արդյունահանման առավելագույն ծավալը կազմում է ընդամենը 10 մլրդ խմ։

«Ընդհանրապես, 16 մլրդ խմ է (այդ խողովակաշարի- խմբ․) հզորությունը։ 6 մլրդ խմ-ն նախատեսված է Թուրքիայի համար, 10 մլրդ խմ-ն էլ գնում է Իտալիա։ Սա է իր հնարավորությունը։ Այսինքն՝ մնացածը (արտահանման ծավալները մինչև 12 մլրդ խմ-ի հասցնելու պլանները – խմբ․) արդեն PR-ի բնագավառից է։ Հիմա այդ ծավալն իրենք տեսականորեն կարող են իրականացնել առաջիկա 5-6 տարիների ընթացքում։ Բայց դրա համար ինքը պետք է կառուցի 2-րդ խողովակաշարը, որպեսզի այդ թիվը հասցնի 20-22 մլրդ խմ-ի»,- ասաց նա։

Փորձագետն անիրատեսական չհամարեց տեսակետը, թե Ադրբեջանը Եվրոպային ռուսական գազ է վաճառում։ Մանրամասնում է․ դա տեխնիկապես պարզապես հնարավոր չէ։

«Ադրբեջանը Ռուսաստանի հետ կապված է մի փոքր խողովակաշարով, որով գազ է ներմուծում իր ներքին սպասարկման համար։ Ինքն իր ամբողջ գազը վաճառում է դրսում, իսկ իր ներքին կարիքների համար Ռուսաստանից մինչև 2 մլրդ խմ գազ է վերցնում»,- ասաց նա։

Անդրադառնալով հայտարարությանը, թե Եվրոպան մինչև 2027 թվականը պատրաստվում են ամբողջությամբ հրաժարվել ռուսական գազից, փորձագետը համոզմունք հայտնեց․ դա նույնպես իրատեսական չէ։

««Կանաչ էներգետիկայի» քաղաքականությունն է, կոպիտ ասած, «իրենց հերն անիծում է»։ Եվ իրենք հիմար հայտարարություններով են հանդես գալիս, այդ թվում՝ որ իրենք կարող են հրաժարվել ռուսական գազից։ Ո՛չ, իրենք չեն կարող հրաժարվել ռուսական գազից։ Եթե իրենք հրաժարվեն, դա կբերի նրան, որ իրենց ամբողջ արդյունաբերական, քիմիակա, մետաղագործական ու մետաղաձուլական գործարաններն ուղղակի հեռանան Եվրոպայից»,- ասաց նա։

Ըստ փորձագետի՝ այժմ Եվրոպայում առկա գազի պաշարները կբավականացնեն առավելագույնը 2 ամիս՝ ռուսականից մի քանի անգամ ավելի թանկ ամերիկյան հեղուկացված գազը գնելու գործընթացը շարունակելու դեպքում։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
12:20 Հերի՛ք եղավ, կյանքներս կերան. խզե՛ք պայմանագրերը, թող գնան սև ցուցակ. պիտի պատժվեն. Ավինյանը բարկացավ