Միտք Ներքին 4 տարի առաջ - 09:27 24-06-2022

Քաոսը մեր իրականության մեջ ունի իր հոմանիշը՝ թավշե հեղափոխություն

Քաոսի մեր առաջին պատկերացումը աստվածաշնչյան է, երբ Աստված ոչնչից ստեղծեց երկինքը, երկիրը, իսկ վերջում մեզ՝ մարդուն: Այդ օրից այլևս քաոս չկա, քանի որ Աստված վերջակետ դրեց դրան, և ինքը մեզ հետ է որպես հակաքաոս: Հավանաբար մեր թերահավատ լինելն է, որ երբեմն-երբեմն քաոս ենք տեսնում մեզ շրջապատող աշխարհում և որոշ երևույթներ հենց այդ անունով բնորոշում: Քաոսը սկսեցինք իր բովանդակությունից ու նշանակությունից խլել, փոքրացնել, մասնավորեցնել, տեղայնացնել և կիրառել մեր շրջակա միջավայրում ու հասանելի աշխարհում՝ դարձնելով մեր ձեռքի գործիքն ու մտքի թիրախը:

Այդպիսի մի մասնավորեցում ու տեղայնացում էլ ստիպված ենք այսօր անել. քաոսը՝ որպես լեզվական բնորոշում՝ իրականությունը գնահատելու համար: Այլ կերպ չենք կարող բնորոշել մեր ներկան, քան Աստծու ձեռքով փակված և մեր թեթև ձեռքով բացված այդ անորոշությունն է՝ քաոսը: Եվ քաոս է սահմանից ներս, երբ թշնամին ներխուժել է քո ինքնիշխան տարածք, և դու պատասխան չունես: Երբ թշնամին սպանում է քո զինվորներին, իսկ դու լուռ ես: Քաոս է սահմանից դուրս, երբ նույն թշնամին հոխորտում է, ծաղրուծանակի ենթարկում քեզ, սպառնում ու իր կամքը թելադրում, իսկ դու հնազանդ ես: Քաոս է էլ ավելի հեռվում, երբ ռուսաստաններում ու եվրոպաներում քո երկրի, տարածքների ու իրավունքների, քո ժողովրդի արժանապատվության և գոյատևելու խնդիրները լուծում են՝ հարմարեցնելով իրենց շահերին, և դու համաձայն ես:

Քաոս է երկրի ներսում, երբ ընդդիմությունը բազմահազարանոց ցույցեր է անում և հայտարարում, որ երկիշխանություն է, և դու չգիտես՝ երկրում իշխանություն կա՞, թե՞ չկա: Իսկ եթե կա, ո՞վ է, ո՞ր մեկն է: Քաոս է տնտեսության մեջ, երբ գյուղացին ասում է՝ անտեր ենք, կառավարություն չունենք, ջրի պես ինքնահոս ենք: Բայց հաճախ այդ ինքնահոս ջուրն էլ չկա գյուղացու համար: Քաոս է, երբ կրակում են, սպանում, վիրավորում մեկ օրում մեկից ավելի մարդկանց: Երբ մեքենա են պայթեցնում, վարորդը՝ ղեկին, հասցնում են հիվանդանոց՝ արդեն մահացած: Երբ նույն օրը կամ հաջորդ օրը մեկ այլ փողոցում կրակում են կամ դանակահարում, պատկերը դարձյալ նույնն է՝ երիտասարդ զոհ: Արյուն է սահմանին, արյուն է սահմանից ներս, սպանդ է ու ավեր, քանդուքարափ, քաոս:

Այդ քաոսը, քանդուքարափն ու ավերը մեր իրականության մեջ ունեն իրենց հոմանիշը՝ թավշե հեղափոխություն՝ թվագրված 2018-ով: Եկավ ու բերեց պատերազմ՝ ապոկալիպսիս, որից դուրս չենք գալիս, որ շարունակվում է որպես արմագեդոն:

Աստված կարողացավ քաոսը կանխել, ժամանակ դարձնել լույսի շնորհիվ: Դա Աստծու ստեղծագործությունն էր, իրեն մատչելի աշխատանքը: Հիմա մենք ենք ստիպված քաոսը կանխել, ժամանակ դարձնել լույսի շնորհիվ: Բայց մենք Աստված չենք: Իսկ մեր մարդկային ուժին արդյո՞ք մատչելի է այդ աշխատանքը: Միակ սփոփանքն է, որ Աստծու պատկերով ենք ստեղծված:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը