Արտաքին 4 տարի առաջ - 15:32 24-04-2022

Գիտնականը կոչ է արել ցեղասպանության թեման դասավանդել Իրաքի համալսարաններում. նա ուսումնական ծրագիր է գրում

Միջազգային հանրությունը լավ դասեր չի քաղել, և մեծ տերությունների շահերը միշտ գերակա են եղել արդարադատությունից։ Այս մասին նշել է Բաղդադի Ալ-Մուսթանսիրիա համալսարանի Քաղաքական գիտությունների քոլեջի պրոֆեսոր, «MASARAT» հիմնադրամի հիմնադիր Սաադ Սալումը՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադառնալով դիտարկմանը, որ չպատժված հանցագործությունները կրկնվելու միտում ունեն. ո՞րն է առաջադեմ մարդկության անելիքը, որ «Այլևս երբեք»-ը գործնականում լինի տեսանելի:

«Պետություններն ավելի շատ մտահոգված էին ինքնիշխանության նկատառումներով, քան ցեղասպանությունը կանխելու միջամտության հարցով, այդ իսկ պատճառով ցեղասպանությունները կրկնվեցին Հայոց ցեղասպանությունից հետո։ Անգամ այն կանխելուն ուղղված միջազգային համաձայնագրի մշակումից հետո։ Ցեղասպանություն բազմիցս իրագործվել է 1948 թվականին ՄԱԿ-ի՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի մշակումից ի վեր։ Ամենակարևոր և նշանակալի օրինակներից մի քանիսը՝ Բանգլադեշ (1971), Կամբոջա (1975-1979), Գվատեմալա (1980-ականների սկիզբ), Իրաք (1975-1979), Ռուանդա (1994), Սրեբրենիցա (1995), Դարֆուր (2003-2009), Իրաք (2014), Մյանմա (2017)։ Կարծում եմ, որ քանի դեռ ուշ չէ, ցեղասպանությունը կանխելու, զոհերին փրկելու լուծումը միջազգային լայն կոալիցիա ստեղծելն է և ապահովելը, որ ցեղասպանությունն այլեւս չկրկնվի»,- նշել է գիտնականը:

Միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացի վերաբերյալ Սաադ Սալումը նկատել է, որ ճանաչումը ժամանակատար գործընթաց է։ «Ինչ վերաբերում է հայերի իրավիճակին, ապա վերջին տարիներին մեծ առաջընթաց է նկատվում, նույնիսկ Մերձավոր Արևելքի հարևան երկրներում կամ այն պետություններում, որոնք մոտ են Թուրքիային։ Տարբեր երկրներում ճանաչման առնչությամբ հայերի պահանջները սկսեցին տեղ գտնել հանրային կարծիքում, ինչպես դա տեղի է ունենում Իրաքում։ Հետևաբար, կարծում եմ, որ կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում դա Թուրքիայի վրա ճնշման հիմնական գործոն կլինի»,- ընդգծել է իրաքցի գիտնականը։

Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը վերջ դնելու միջազգային հանրության անելիքների մասին հարցին ի պատասխան Սաադ Սալումը նշել է, որ շատ կարեւոր է միջազգային դաշինքների ձեւավորումը։ Օրինակ, Ժնևի միջազգային կոալիցիան ընդդեմ ցեղասպանության, որը սկսել է իր գործունեությունն անցյալ տարի։ «Այն շատ կարևոր հարթակ է այս համատեքստում։ Յոթ տարի առաջ ես անձամբ կոչ արեցի ստեղծել «Ցեղասպանության զոհերի գլոբալ կոալիցիա՝ ընդդեմ ցեղասպանության»: Ես նաև կոչ եմ արել ցեղասպանության թեման դասավանդել Իրաքի համալսարաններում։ Ներկայում համալսարանների համար ես գրում եմ ակադեմիական ուսումնական ծրագիր ցեղասպանության վերաբերյալ։ Դրանք կարևոր գործողություններ են համաշխարհային և ազգային մակարդակով հասարակական կարծիքի ձևավորման ուղղությամբ ազդեցության լծակներ ստեղծելու գործում՝ անկախ պետության կողմից պաշտոնական ճանաչումից»,- ընդգծել է իրաքցի գիտնականը։

«Ձեր կարծիքով, ի՞նչ պարագայում կամ ի՞նչ պայմաններում Թուրքիան ի վերջո կառերեսվի պատմական ճշմարտությանը». հարցին ի պատասխան նա ասել է, որ արդարությունն ի վերջո կհաղթի. «Ոմանք կարող են տեսնել, որ դա կախված է տարածաշրջանային և միջազգային պայմաններից, բայց ես կարծում եմ, որ ներսից սկսելն ամենակարևորն է։ Այլ կերպ ասած, հենց Թուրքիայի ներսից՝ անկախ նրանից՝ մենք խոսում ենք պաշտոնական կառավարական մակարդակի, թե ժողովրդի հանրային կարծիքի մասին, որովհետև կարևոր է հարևանների, տարածաշրջանի և միջազգային հանրության հետ կայունության և երկարաժամկետ հաշտեցման համար ներդրումներ կատարելը»։

Աշխարհաքաղաքական ներկա բարդ իրավիճակում Հայոց ցեղասպանության հարցին բավարար ուշադրություն չհատկացնելու մտավախություններին ի պատասխան՝ նա տեսակետ է հայտնում, որ նման մտահոգություններ կան նույնիսկ Մերձավոր Արևելքում, որ ուկրաինական ճգնաժամը կնվազեցնի Արևմուտքի հետաքրքրությունը շատ կարևոր և հրատապ հարցերի նկատմամբ։ «Ինչ վերաբերում է ցեղասպանությանը, ապա իմ կարծիքով, հարցն այլ է։ Ուկրաինա-Ռուսաստան ճգնաժամում կա մի բաղադրիչ, որն ունի հին արմատներ։ Խոսքը արդարության և ցեղասպանության ճանաչման մասին է։ Այստեղ նկատի ունեմ Հոլոդոմոր կոչվող ցեղասպանության ճանաչումը։ Խորհրդային Ուկրաինայում սովը 1932-1933 թվականներին, սպանեց միլիոնավոր ուկրաինացիների։ Դա Ուկրաինայում և Խորհրդային Միության այլ հատվածներում Իոսիֆ Ստալինի ղեկավարությամբ գյուղատնտեսության կոլեկտիվացման ժամանակն էր։ Միլիոնավոր գյուղացիներ մահացել են սովից, արտաքսվելով աշխատանքային ճամբարներ և մահապատժի ենթարկվել։ Եթե արդարությունը մի տեղ հասնի, դա օրինակ կդառնա այլ վայրերում, և չպետք է մոռանալ նաև, որ ժողովուրդները չեն կարող մոռանալ կամ դադարել արդարություն պահանջել, որքան էլ փոխվեն աշխարհաքաղաքական հանգամանքները»,- նշում է Սաադ Սալումը։

Այս օրերին տեղի է ունենում երկխոսություն Հայաստանի և Թուրքիայի միջև: Ըստ Ձեզ, այդ գործընթացն ի՞նչ ձևով կարող է ազդեցության ունենալ Հայոց ցեղասպանության հարցի վրա:

Հայ-թուրքական հարաբերություններում հաշտեցումը, ըստ նրա, դարձել է անհրաժեշտություն։ Հատկապես այն լույսի ներքո, որ Թուրքիան ձգտում է տարածաշրջանային ավելի ակտիվ դեր խաղալ և բարելավել իր հարաբերություններն Արևմուտքի, Եվրամիության հետ: Հետևաբար, նրա կարծիքով, Հայաստանի հետ երկխոսությունն ու բանակցությունները կարող են կարևոր բաղադրիչ լինել Թուրքիայի տարածաշրջանային և միջազգային կարգավիճակի և նրա հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու գործում։ Երկու կողմերի շահերից կլինի հարաբերությունները կարգավորելու, սերունդների համար արդարություն ապահովելու նպատակով իմաստություն ցուցաբերելը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»