Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում. ապրիլի 22-ին հրազենի գործադրմամբ սպանություն և սպանության փորձ էր տեղի ունեցել։ Ժամը 00։15-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ Նոր Արմավիր գյուղից դեպի Նալբանդյան գյուղ տանող ճանապարհահատվածում կրակոցներ են հնչել, և, ըստ ահազանգողի, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, 1 հոգի էլ գետնին ընկած է։ Նալբանդյանի բնակիչ Լաերտ Հարությունյանն իր աներոջ՝ Էդիկ Մարտիրոսյանի տան բակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Է. Մարտիրոսյանի, նրա որդու՝ Նալբանդյան բնակավայրի բնակիչ 41-ամյա Արամ Մարտիրոսյանի հետ, որի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, հայհոյանքներ են հնչեցվել Լաերտ Հարությունյանի հասցեին, ինչի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած հրացանով կրակոցներ է արձակել աներոջ և աներձագի, ինչպես նաև կնոջ մոր՝ 72-ամյա Սիրվարդ Հարությունյանի ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով Մարտիրոսյանը գլխի շրջանում ստացված հրազենային վնասվածքից տեղում մահացել է, որդին և կինը տեղափոխվել են հիվանդանոց։
Այսօր տեղեկացանք, որ 72-ամյա կինը հիվանդանոցում մահացել է։
Oragir.news-ին մանրամասներ են հայտնի դարձել դեպքից։ Մասնավորապես, Նալբանդյանի մի բնակիչ մեզ պատմեց, որ կրակոցներ արձակածը և նրա կինը ազգակցական կապ են ունեցել. «Երկու ընտանիքներն էլ նորմալ ընտանիքներ էին, բայց էդ Լաերտը բորբոքվող տղա էր, գյուղի մեջ մթերային խանութ ուներ, կնոջ հետ աշխատացնում էր։ Լաերտի ծնողները դասատու էին, զոքանչն էլ էր դասատու, խեղճը մեռավ։ Մենք էլ ենք ապշած էս դեպքից, ոստիկանները լցվել էին էդ օրը գյուղ։ Ես ձեզ ասեմ, որ երկու ընտանիքները միշտ անհաշտ են եղել։ Գյուղում խոսում են, որ զոքանչն ու աները անընդհատ աղջկա հարցերին են խառնվել, աղջիկն էլ մորն ա լսել»։
Մեր զրուցակիցը նաև պատմեց, որ սպանված ամուսինները տարիներ առաջ թույն են խմել՝ ինքնասպանության նպատակով, բայց հաջողվել է նրանց կյանքը փրկել։ «Ասում են՝ տան 5 գնդակով խփել ա աներոջը, տեղում մահացել ա»,- ավելացրեց Նալբանդյանի բնակիչը։
Նշենք, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել։