Ներքին 4 տարի առաջ - 15:43 11-04-2022

Թաքնված տանտերը մուրճով խփել էր տուն մտած անձի գլխին

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրության է տարածել գողության փորձի դեպքի վերաբերյալ։

«Ոստիկանների հիմնական գործառույթներից մեկն էլ հանցագործությունների կանխարգելումն է: Այդ նպատակով տարածքային ստորաբաժանումների ծառայողները մշտապես շրջում են փողոցներով ու բակերով։

Ապրիլի 5-ին ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Վանաձորի Շինարարների փողոցում էին, երբ ժամը 11.40-ին ականատես եղան տարօրինակ տեսարանի: Բակից գլխապատառ դուրս էր վազում 30-35 տարեկան մի տամարդ, ընդ որում` գլխապատառ նաև բառի բուն իմաստով: Գլխի վերքն արնահոսում էր, ձեռնոցներով էր և ձեռքին էլ դանակ կար: Նրա հետևից վազում էր մուրճը ձեռքին մեկ այլ տղամարդ ու գոռում` բռնե՛ք:

Շրջագայության ելած Բազումի ոստիկանները` քրեական հետախույզն ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի տեսուչը, վազում են նրանց հետևից: Այդ ընթացքում արնահոսող տղամարդը ձեռքից գցում է դանակը, հանում ու նետում բանվորական ձեռնոցները, բայց ավելին անել չի հաջողվում. ոստիկանները բռնում են:

Տեղում հանդարտեցնելով իրավիճակը`տանում են բաժին, որտեղ բոլոր հարցերը ստանում են սպառիչ պատասխաններ: Պարզվում է, որ մուրճով տղամարդը Շինարարների փողոցի բնակիչ է, իսկ դանակով զինվածը` հանցավոր մտադրություններով մեկը: Իսկ մինչ նրանց փողոց վազելը կատարվել էր հետևյալը:

Տանտերը տարօրինակ ձայն էր լսել և մոտեցել դռանը: Նայելով դիտանցքից` նկատել էր արևային ակնոցով ու բժշկական դիմակով մեկին, որը փորձում էր բացել դուռը: Հասկացել էր, որ նա եկել է գողության: Հանցագործությունը կանխելու, նաև ինքնապաշտպանության նպատակով վերցրել էր մուրճն ու թաքնվել դռան հետևում:
Երկար չէր սպասել. տեխնիկական միջոցների գործադրմամբ դիմակավոր անձը բացել էր դուռը, բայց միայն մեկ-երկու քայլ էր կարողացել անել. թաքնված տանտերը մուրճով խփել էր գլխին: Հարվածից բնակարան մտած անձի ակնոցն ու դիմակն ընկել էին, ինքն էլ, գլխի արնահոսող վերքով, փախել էր փողոց: Իսկ ինչ էր կատարվել փողոցում, արդեն մանրամասնել ենք։ Գլխի վերքը մշակելուց և անհրաժեշտ գործողություններից հետո ոստիկանները 33-ամյա տղամարդուն ներկայացնում են Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվում։ Նա ձերբակալվել, ապա, դատարանի որոշմամբ, կալանավորվել է:

Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը