Ներքին 4 տարի առաջ - 17:40 26-02-2022

Կաթվածահար է գյուղի բնականոն կյանքը, դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները․ ՄԻՊ-ը Խրամորթում է

Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքում ադրբեջանցիների կողմից բարձրախոսներով հայ բնակչությանն ուղղված «կոչերն ու հորդորները» բնակչությանն ահաբեկելու ուղիղ դիտավորություն ունեն, այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի բնակիչներին ահաբեկելու, գյուղում վախի մթնոլորտ ձևավորելու և գյուղը հայաթափելու հստակ դիտավորությամբ արդեն 3-րդ օրն է համայնքի մերձակայքում տեղակայված և համայնքի բնակելի հատվածից 500 մետր հեռավորության վրա գտնվող բլրից ադրբեջանական կողմը բարձրախոսների կիրառմամբ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՄԱՆ սպառնալիքի ներքո գյուղը լքելու «կոչեր» է հղում համայնքի խաղաղ բնակիչներին, հետևյալ բովանդակությամբ․

«Դուք գտնվում եք Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Այստեղ իրականացվող ցանկացած գործողություն կարգավորում է Ադրբեջանի օրենքներով։ Այն ամենը, ինչ անում եք առանց պաշտոնական թույլտվության, անօրինական է։ Ներկայումս ձեր կողմից իրականացվող գյուղատնտեսական աշխատանքներն անօրինական են։ Մի պատրաստվեք պատերազմի և մի փորձեք սահման ստեղծել մեր տարածքում։ Եթե ցանկանում եք մնալ ու ապրել այստեղ, հնազանդվեք Ադրբեջանի օրենքներին։ Հաշվի առնելով ձեր անվտանգությունը՝ պահանջում ենք դադարեցնել աշխատանքը և անհապաղ հեռանալ տարածքից, հակառակ դեպքում ձեր նկատմամաբ ՈՒԺ ԿԿԻՐԱՌՎԻ, կորուստների համար պատասխանատվությունը ընկնելու է ձեր վրա։ Մի վտանգեք ձեր և ձեր ընտանիքի անդամների կյանքը։ Լքեք տարածքը, լքեք տարածքը»։

Փաստերի հավաքագրման նպատակով առավոտյան Մարդու իրավունքների պաշտպանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել ենք Խրամորթ համայնք։

Հավաքագրված փաստերը վկայում են, որ գյուղի բնակչությանն ահաբեկելու ադրբեջանական հերթական գործողությունները իրականացվում են հատուկ պլանավորված և ադրբեջանական ղեկավարության ուղիղ համակարգմամբ։ Դրանք Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի հոգեբանական անձեռնմխելիության դեմ ուղղված գործողություններ են, ինչի մասին է վկայում նաև այն հանագամանքը, որ այսպես կոչված «կոչերն ու հորդորները» տեսաձայնագրվում ու սոցիալական ցանցերում տարածվում են 44-օրա պատերազմի օրերին և դրանից հետո ադրբեջանական քարոզչությունն իրականացնող ալինքներով՝ (https://www.facebook.com/Caliber.az/videos/5129718323745410,

https://www.facebook.com/Caliber.az/videos/361354478963864 )։

Կոչերի բովանդակությունից պարզ երևում է, որ ադրբեջանական կողմը ՈՒԺԻ ԿԻՐԱՌՄԱՆ սպառնալիք է հնչեցնում Խրամորթ համայնքի խաղաղ բնակիչների նկատմամբ՝ նպատակ ունենալով զրկելու նրանց սեփական հայրենիքից, խաղաղ ու անվտանգ ապրելու, արժանապատիվ աշխատանքով բնականոն կյանք վարելու իրավունքից։

Համայնքում բնակվող 300 ավելի խաղաղ բնակիչների շրջանում 80 և ավելի նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաններ կան, տարեց ու հոգեբանորեն խոցելի այլ խմբի ներկայացուցիչներ։

Կաթվածահար է գյուղի բնականոն կյանքը, մարդիկ հիմնականում դադարեցրել են գյուղատնտեսական աշխատանքները, որը խաղաղ բնակիչների ապրուստի հիմնական միջոցն է։

Սա Ադրբեջանին իր կատարած հանցավոր արարքներ համար անպատիժ թողնելու և թողտվության մթնոլորտի հետևանքն է, որի պայմաններում ադրբեջանական կողմը նոր մեթոդներ ու միջոցներ է կիրառում իր հայատյաց ու ահաբեկչական քաղաքականությունը առաջ մղելու համար։

Համայնքի բնակիչերի անվտանգության, նրանց ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության ապահովման համար խիստ անհրաժեշտ են անվտանգության հավելյալ միջոցառումների իրականացումը թե՛ Արցախի անվտանգության մարմինների կողմից, թե՛ ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների կողմից։ Մասնավորապես համայնքի տարածքում ռուսական խաղաղապահ զորքերից կազմված խմբի մշտական առկայությունը կարող է ավելացնել անվտանգության զգացողությունը համայնքի բնակիչների շրջանում և խթանել համայնքում խաղաղ բնակչության բնականոն կյանքի ապահովմանը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի