Խոսք 5 տարի առաջ - 09:44 16-05-2021

Տիգրան Կարապետյան. «Հայաստանի ռազմական արդյունաբերությունն ապագա ունի... այն կարող է դառնալ մեր երկրի տնտեսության շարժիչ ուժը»

ՀՀ ԱԺ 7-րդ գումարման նախկին պատգամավոր, «Գորիսի Գամմա» ռազմական արդյունաբերական ձեռնարկության ղեկավար Տիգրան Կարապետյանի՝ «Armenian Military Portal» թելեգրամյան ալիքին տրված ծավալուն հարցազրույցը նվիրված էր Հայաստանի ռազմական արդյունաբերության ոլորտի հաջողություններին ու խնդիրներին: Բանախոսի դիտարկմամբ՝ մեր երկրում ռազմական արդյունաբերության ոլորտի տեսանելի հաջողություններն սկսեցին իրենց զգացնել տալ 2016թ.-ից, ինչն արդյունքն էր ինչպես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո պետության կողմից ոլորտին հատկացված ուշադրության, այնպես էլ ոլորտի համակարգող Դավիթ Փախչանյանի եռանդուն ջանքերի:

2016թ. Հայաստանի ռազմական արդյունաբերության գերակա ուղղություններ հռչակվեցին անօդաչու թռչող սարքերը, կապի միջոցները և այլ արտադրանքները: Ըստ բանախոսի, թեև ներկա արդյունքները դեռևս հեռու են մեր երկրի պաշտպանունակությունը երաշխավորելուց (պատկերավոր արտահայտած՝ 10 միավորանոց սանդղակով գնահատելու դեպքում մեր երկրի ռազմական արդյունաբերության վիճակը դեռևս նույնիսկ 2-ի չի հասնում, իսկ ամեն հաջորդ մակարդակի նվաճումը պահանջում է նախորդ մակարդակն ապահովելու համար ներդրված միջոցների բազմապատիկը), բայցևայնպես այդ արդյունքները, ներդրված ռեսուրսների համեմատությամբ ավելի քան գոհացուցիչ են: Այս փաստը ոգևորիչ համարելուց զատ Տ. Կարապետյանն ընդգծեց ռազմական արդյունաբերության ոլորտին քաղաքական և ֆինանսական նշանակալի աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը: Վկայակոչելով թուրքական «Բայքար մաքինա» ընկերության օրինակը, որտեղ 200 մլն ԱՄՆ դոլարի ներդրումը հինգ տարի անց տվեց հանրահայտ «Բայրաքթար» մոդելի անօդաչուները, Տ. Կարապետյանը շեշտեց, որ այս ծավալի ներդրումը Հայաստանի ռազմական արդյունաբերության ոլորտում շատ ավելի տպավորիչ արդյունք կարող է ապահովել: «Ռազմական արդյունաբերությունը Հայաստանում ապագա ունի... մեր ինժեներներն ու հետազոտողները տաղանդավոր մարդիկ են... արտասահմանյան բազմաթիվ ընկերություններում էլ շատ հայեր են աշխատում և հետազոտում»,-ասում է Կարապետյանը:

Ռուսական, եվրոպական, հնդկական և արտասահմանյան շատ այլ ընկերություններ, ըստ բանախոսի, մեծ հետաքրքրություն են ցուցաբերում հայաստանյան ընկերությունների հետ համատեղ նախագծեր իրականացնելու հարցում: Պետության դերն այստեղ մեծապես կարևորվում է՝ համագործակցությունը կայուն հիմքերի վրա դնելու առումով: Նրա խոսքով, վերջին քսան տարիներին, պետության հոգածության բացակայությամբ պայմանավորված, տասնյակ նախագծեր չեն կայացել. պատճառը եղել է այն, որ որոշ շրջանակներ Հայաստանում հետաքրքրված չեն եղել զրահաբաճկոնների, ռազմամթերքի արտադրությամբ, քանի որ այդ դեպքում նշված ապրանքներն այլևս չէին ներմուծվի, և այդ շրջանակներն էլ գործարքներից ստացվող գումարներից կզրկվեին:

Իր ղեկավարած ձեռնարկության օրինակով Տ. Կարապետյանը ցույց տվեց, թե ինչպես կարելի է համակարգված քաղաքականության միջոցով ապահովել հաջող արդյունք: Ի տարբերություն շատ գործարանների, որոնց հաստոցներն ու այլ սարքավորումները անկախացումից հետո, որպես մետաղի ջարդոն, վաճառվել էին, Գորիսի ռազմարդյունաբերական այն ընկերությունը, որ ղեկավարել է բանախոսի հայրը, չի դադարեցրել իր գործունեությունը՝ թողարկելով, օրինակ, ռուսական Սու-27 և Միգ-29 ինքնաթիռների դետալներ: Գործարանն այժմ թողարկում և Կանադա է արտահանում այնպիսի արտադրանք, որը հաջողությամբ մրցակցում է նույնիսկ ամերիկյան ու գերմանական նույնատեսակ արտադրանքի հետ:

«... հենց հիմա ժամանակն է ներդրումներ անել մեր ձեռնարկություններում... մենք ԱԹՍ-ների նախագծեր ունենք, ընկերություններ կան, որոնք արդեն լավ մշակումներ են արել...Ռազմական արդյունաբերությունը մեզ համար թիվ մեկ առաջնահերթություն պիտի լինի, այն մեր անվտանգության հարցն է լուծում: Այն կարող է դառնալ տնտեսության շարժիչ ուժ, զարկ տալ տեխոլոգիական կրթության զարգացմանը»,- նշում է Կարապետյանը և ավելացնում, որ մեր երկրի ռազմարդյունաբերական հնարավորությունները ներկայում տանկ արտադրելու հնարավորություն գուցե չունեն, այդուհանդերձ, արտասահմանյան ձեռնարկությունների հետ համատեղ նախագծերով զրահամեքենաներ, օրինակ, կարելի է արտադրել:

ՀՀ ԱԺ 7-րդ գումարման «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը 2020թ. նոյեմբերին կապիտուլյացիայի ստորագրումից անմիջապես հետո վայր է դրել ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը:

Ամենից շատ դիտված

22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
23:30 ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը չեղարկվել է Թրամփի ու Պուտինի էներգետիկ պայմանավորվածությունից հետո
20:00 Պակիստանը մինչև հոկտեմբերի 10-ը երկրից հեռանալու հրահանգ է տվել աֆղան բժիշկներին և բժշկական ուսանողներին
18:57 Երևանում բացեցինք Մհեր Մկրտչյանի արձանը, որի քանդակագործը Տիգրան Արզումանյանն է. Տիգրան Ավինյան