Վերջին շրջանում տարբեր կրթական ու մշակութային հաստատությունների պատերից հեռացվում են պատերազմի մասնակիցների, հանուն հայրենիքի զոհված տղաների լուսանկարները։
Այս շղթայում հերթական աղմկահարույց լուրը վերաբերում էր Երևանի պետական կոնսերվատորիային, որտեղից
Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ, հերքվեց այն։
Այնուամենայնիվ, երևույթը առկա է, և դրա հոգեբանական ազդեցության և հետևանքների շուրջ
Oragir.News-ը զրուցել է հոգեբան Կարինե Նալչաջյանի հետ։
«Ըստ էության, արդեն բացահայտ է, որ խնդիր է դրված՝ ոչնչացնելու ոչ միայն մեր պետությունը, այլ այն ամենը, ինչ կապված է հայության հետ, հայության ինքնության հետ․ մեր ինքնությունը ոչնչացնելու, մեր ինքնագիտակցությունը փոխելու, մեր ինքնագնահատականը ամենաստորին ինչ-որ մակարդակի հասցնելու հարցեր են լուծվում»,- նշեց Կարինե Նալչաջյանը։
Հոգեբանն ընդգծեց, որ հերոսների կերպարները ժամանակի ընթացքում սիմվոլացվում են և վերածվում լրջագույն ազդակների։
Պատերից նրանց նկարները ջնջելն ունի հստակ հոգեբանական նպատակադրում. «Դա միտված է ինքնության միջուկը թաքցնելու, այսինքն՝ ձեզ ինքներդ որպես ինչ-որ ազգի ներկայացուցիչ, որպես հայ զգալուն։ Եվ ոչնչացվում են կերպար-հերոսները, նվազեցվում է մեր ազգի անցած ամբողջ ճանապարհի հերոսական, հպարտություն ներշնչող այդ բոլոր դրվագները, որպեսզի մենք մեզ զգանք զրո, ոչ մի բան»։
Ըստ մասնագետի՝ այս ամենն ընթանում է նպատակաուղղված վիկտիմիզացիայի (զոհի հոգեբանության ձևավորման) համատեքստում, որպեսզի հայ մարդն իրեն զգա փոքր, անզոր ու ոչնչի ունակ։ Ջնջվում են ոչ միայն պատմական անցյալն ու մարդիկ, այլև աշխարհագրական խորհրդանիշները, ինչպիսին Մասիս սարն է, որն ունի հսկայական էմոցիոնալ ազդեցություն։
«Որպեսզի հանեն մեր հոգուց ու դուրս շպրտեն ու մեզ դարձնեն առանց հիշողության, առանց ինքնագիտակցության, առանց գնահատականի քայլող ստամոքսների մի հոտ։ Եվ այդպիսի հոտի հետ շատ հեշտ կլինի՝ ինչ ուզեն անեն․․․ ուղղակի չի կարելի թույլ տալ, արդեն բավականին առաջ են գնացել»,- զգուշացրեց հոգեբանը՝ հիշեցնելով հայտնի հոգեվերլուծաբան Կարլ Յունգի խոսքերը, ըստ որի՝ սեփական պատմությունը մոռանալը մեծագույն մեղք է. «Դա նման է նրան, որ մարդու ուղեղից ջնջես իր կենսագրությունը»։
Այս համատեքստում, ըստ հոգեբանի՝ հակառակորդը շարունակում է ստուգել մեր հանրության դիմադրողականության ու զգայունակության շեմը, երբ թշնամու զինվորները ներթափանցում են հայկական բնակավայրեր, իսկ հանրությանը հրամցվում է «մոլորվելու» թեզը. «Այսպիսով ստուգում են մեր ռեակցիաները․ և եթե թույլ լինեն այդ ռեակցիաները, մենք հաստատ կտեսնենք այդ նույն երևույթի կրկնապատիկը և բազմապատիկը»։
Ամենավտանգավոր հարվածը, սակայն, հասցվում է աճող սերնդին, երբ պատմության հաղթական էջերն ու հերոսներին դուրս են մղում կրթական ծրագրերից, մանկապարտեզներից ու դպրոցներից։
Oragir.News-ի դիտարկմանը, թե արդյոք սա չի՞ հանգեցնի լրջագույն հոգեբանական ճեղքվածքի երեխաների գիտակցության մեջ, Կարինե Նալչաջյանը պատասխանեց. «Բնականաբար, երեխան մտածելու է՝ մենք այն ազգն ենք, որ չենք ունեցել հաղթանակներ, չենք ունեցել հերոսներ... կմտածի նաև՝ «ես ուզում եմ՝ մի ինչ-որ ուժեղ «մենք»-ի, ուժեղ խմբի ներկայացուցիչ լինել, իրենից մի բան ներկայացնող․ ես չեմ ուզում այս թույլ, այս նվազ խմբի ներկայացուցիչը լինել, որը ոչ հերոս ունի, ոչ ուժեղության դրվագ ունի, բոլոր տեսակետներից թույլ է․․․»։ Եվ մենք, այսպիսով, սերունդներին օտարում ենք մեզնից»։
Հոգեբանի եզրահանգմամբ՝ այս ամենը գիտական հստակ օրինաչափությունների արդյունք է, և թշնամին մեր դեմ գործում է խելամիտ ու մտածված՝ հաշվի առնելով հոգեբանական բոլոր մանրուքները, ինչին հարկավոր է հակազդել կոլեկտիվ գիտակցության և հիշողության կոշտ պաշտպանությամբ։
Հասմիկ Մովսիսյան