Ուղիղ եթեր
Ներքին Միտք Խոսք 17 րոպե առաջ - 15:35 23-11-2026

Կարճ ասած` ռադ եղեք, տգետներ. Արա Սահակյան

Գերագույն խորհրդի նախկին փոխնախագահ, ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նոր Սահմանադրության ներկայացված նախագծին։

Նա իր գրառումը վերնագրել է «Երանի հասկացողներին»։

«ԵՐԱՆԻ ՀԱՍԿԱՑՈՂՆԵՐԻՆ
Սա հատված է ՔՊ-ի սահմանադրության նախագծի նախաբանից. «Սահմանադրությունը մեր հավաքական պայմանավորվածությունն է Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին հարաբերությունների հիմնական սկզբունքների մասին»:

Այս նախադասության հեղինակը ոչ թե իրավաբան է, այլ բլոգեր կամ միջակ լրագրող։ Սահմանադրության նախաբանն ունի հստակ ոճաբանական կանոններ. այն պետք է լինի վեհ, հանդիսավոր, սեղմ և հռչակագրային։

Վստահ եմ` այս նախադասությունը տեքստի մեջ զոռով (բուլդոզերով) մտցրել է ՔՊ-ի պարագլուխը: Այն չունի սահմանադրության տեքստին բնորոշ մոնումենտալություն և պատմաիրավական կշիռ։

Սահմանադրության առանցքային էությունը իշխանության սահմանափակումն է և մարդու հիմնարար իրավունքների երաշխավորումը։ Այս նախադասության մեջ ընդհանրապես բացակայում են մարդը, նրա իրավունքները, ազատությունները և իշխանության բաժանումը։

«Ներքին և արտաքին հարաբերություններ» ձևակերպումը չափազանց ընդարձակ է և անորոշ։ Ներքին հարաբերություններ են նաև քաղաքացիաիրավական, ընտանեկան կամ աշխատանքային հարաբերությունները, որոնք Սահմանադրության անմիջական առարկան չեն։

Բացի այդ, Սահմանադրությունը սահմանում է ոչ միայն սկզբունքներ, այլև կոնկրետ նորմեր, ինստիտուտներ և լիազորություններ։

«Հավաքական պայմանավորվածություն» եզրույթով փորձ է արվում արտացոլել Ժ.-Ժ. Ռուսոյի, Ջ. Լոքի և Թ. Հոբսի «հասարակական դաշինքի» դասական տեսությունը, ըստ որի՝ պետությունն ու իրավակարգը ձևավորվում են քաղաքացիների կամքի համընկնման արդյունքում։

Մի՞թե այս տեքստը գրող իրավաբանները չգիտեն, որ սահմանադրական իրավունքում կիրառվում է հասարակական դաշինք կամ համաձայնություն հասկացությունը, այլ ոչ թե պայմանավորվածություն։ Թե՞ սա էլ է ՔՊ-ի պարագլուխը բուլդոզերել։

Պայմանավորվածություն բառը կենցաղային, իրավիճակային կամ քաղաքական գործարքի իմաստներով է օգտագործվում։ Մինչդեռ սահմանադրությունը ընթացիկ ու պարզ պայմանավորվածություն չէ, այն ժողովրդի կամքի բարձրագույն իրավական արտահայտությունն է։

Կարճ ասած` ռադ եղեք, տգետներ»։