Թուրքիայի Վան քաղաքում մեկնարկել է «Արևելյան Անատոլիայի զբոսաշրջության և ճանապարհորդությունների» 15-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում է 4 երկրի 92 ընկերություն։ Ցուցահանդեսին մասնակցել են Իրաքից, Հայաստանից, Կիպրոսից և Իրանից։
Ցուցահանդեսին Հայաստանն առանձին տաղավարով ներկայացված է Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միությանը կից գործող զբոսաշրջային գործակալությունների պատվիրակության կողմից։ Քառօրյա ծրագրի շրջանակում հայ մասնագետներին ներկայացվել է Վանի պատմամշակութային ու բնական ժառանգությունը, խոհանոցը, հյուրանոցային և զբոսաշրջային հնարավորությունները։ Անցկացվել են գործարար հանդիպումներ՝ զբոսաշրջային հոսքերի ավելացման, համագործակցության ընդլայնման և նոր շուկաների ձևավորման շուրջ։
Վանում անցկացվող միջոցառմանը մասնակցում են տարբեր քաղաքների և երկրների ընկերություններն ու ներկայացնում իրենց արտադրանքն ու ծառայությունները։ Հայկական պատվիրակությանը հատուկ ընդունելություն է կազմակերպել Վանի առևտրի և արդյունաբերության պալատը (Van TSO)։
Պալատի վարչության անդամ Թուրան Ավջըն ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ առանձին ողջույնի խոսք է հղել Հայաստանի պատվիրակությանը՝ ընդգծելով Հայաստանի հետ կապերի և համագործակցության կարևորությունը։
Ավջըն նշել է, որ Վանի առևտրի և արդյունաբերության պալատը 2017-ից ի վեր բազմաթիվ այցեր է կազմակերպել Հայաստան և տարբեր ուղղություններով համագործակցություն հաստատել։
«Վանի առևտրի և արդյունաբերության պալատի անունից ցանկանում եմ ևս մեկ անգամ ողջունել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությանը։ Վերջին անգամ Հայաստան ենք այցելել սեպտեմբերին։ Հայաստանը մեզ համար շատ կարևոր է։ Քրդստանը շատ կարևոր է։ Իրանը ևս շատ կարևոր է»,- նշել է Ավջըն։
Նա նաև նշել է, որ հարևան շրջանների հետ առևտրային և մշակութային կապերը պետք է հիմնված լինեն ոչ միայն տնտեսական ցուցանիշների, այլև փոխըմբռնման, վստահության և երկարաժամկետ բարեկամության վրա։ Ավջըի խոսքով՝ պալատը շարունակական աշխատանքներ է տանում տարածաշրջանի տնտեսական զարգացման և միջազգային համագործակցության ընդլայնման ուղղությամբ։
Ավջըն նաև ընդգծել է, որ այս տարի 15-րդ անգամ անցկացվող ցուցահանդեսը Վանի զբոսաշրջային և տնտեսական ներուժը միջազգային հարթակում ներկայացնելու կարևոր հնարավորություն է։
Ermenihaber