Ուղիղ եթեր
Բաստիոն 13 րոպե առաջ - 21:30 13-11-2026

Մխիթար Սեբաստացին կամուրջ դարձավ եկեղեցիների, պետությունների և մարդկանց միջև. հայր Գևորգ Սարգսյան

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Գևորգ Էմին-Տերյանի հեղինակային «Բաստիոն» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել է Մխիթարյան միաբանության անդամ հայր Գևորգ Սարգսյանը:

Հայր Գևորգ Սարգսյանը խոսել է Մխիթար Սեբաստացու 350-ամյակի շրջանակում տեղի ունեցած միջոցառումների, վերջինիս նվիրված հուշադրամի թողարկության, գրական ժառանգության ներկայացման կարևորության, Հայաստանում բավարար չափով ճանաչված չլինելու, նրա գրական գործունեության, Մխիթարյան միաբանության հիմնադրման, դրա գործունեության ու տարբեր երկրներում ունեցած դպրոցների մասին:

«Կոմիտասի անվան կամերային տանը հնչեցին նրա տաղերը՝ օրկեստրի նվագակցությամբ, պետության կողմից տեղի ունեցավ Սեբաստացուն նվիրված հուշադրամի թողարկումը, դրա ցուցադրումը և նվիրված միջոցառումները տեղի ունեցան Եղիշե Չարենցի անվան արվեստի և գիտության թանգարանում, որի ընթացքում ցուցադրվեցին Մխիթարյան միաբանության հայրերի կողմից թողարկված հուշադրամները, որոնք գալիս են 1950-ականներից, հայոց պատմության փառավոր էջերին, հայ հերոսներին, եկեղեցականներին ու սրբերին, հեղինակներին, գրողներին նվիրված բացառիկ ցուցադրությունը տեղի ունեցավ, փողոց անվանակոչվեց նրա պատվին»,- պատմեց հայր Գևորգ Սարգսյանը:

Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Սուրբ Ղազարում առաջին անգամ տեղի է ունեցել Կոմիտաս վարդապետի երկսեռ երգչախմբի պատարագը:

Նա տեղեկացրեց, որ ճեմարանի մուտքի մոտ տեղադրվելու է նոր՝ կոթողային խաչքար, որի վրա Մխիթար Սեբաստացին է, խաչքարի վրայի պատկերները վերցված են Սևանավանքից:

Հայր Գևորգ Սարգսյանը ափսոսանքով նշեց, որ Մխիթար Սեբաստացին բավարար չափով ճանաչելի չէ Հայաստանում, միայն գիտական շրջանակներում, մինչդեռ նա մեծ հայ էր, Աստծո մարդ, որը կրում էր հայի անցյալը, տառապանքն ու կերտող, ստեղծող էությունը. նրա կյանքի ողջ նպատակը հայ ազգին ծառայելն ու վերջինիս խավարից հանելն էր:

Նա շեշտեց, որ 1700 թվականին Պոլսում հիմնած միաբանության գաղափարը արևմտյան աշխարհին ու կաթոլիկ եկեղեցուն հասնելու էր միայն 250 տարի հետո՝ ընդգծելով, որ Մխիթար Սեբաստացին միաբանությունը հիմնադրել է ընդամենը 24 տարեկանում՝ որպես գաղափարաբանական հիմք ունենալով եկեղեցու միությունը. «Մխիթար Սեբաստացին կամուրջ դարձավ եկեղեցիների, պետությունների և մարդկանց միջև»:

Տեսանյութ:


Գևորգ Էմին-Տերյան