Գևորգ Էմին-Տերյանի հեղինակային «Բաստիոն» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել է Դավիթ Բեկ գյուղի նախկին գյուղապետ, Շանթ Հարությունյանի զինակից Ալեք Պողոսյանը:
Ալեք Պողոսյանը խոսել է 13 տարի առաջ այս օրը փողոց դուրս գալու, ապա ձերբակալվելու, արժեքների հեղափոխության, հայ գրականության երկերի միջոցով մեր բարոյական նկարագիրն արտացոլելու, Կարսի պայմանագրի ու դրա հետևանքների, վերջինիս՝ կապիտուլյացիոն փաստաթուղթ լինելու, մինչ այժմ քաղաքական գործընթացների վրա ազդելու, մեր հասարակության՝ քաղաքականապես անգրագետ լինելու մասին:
«Մենք մեր ակցիայի անունը դրել ենք արժեքների հեղափոխություն: Արժեքների հեղափոխությունն ուներ երկու՝ բարոյական և քաղաքական շարժառիթ. մենք այլևս չէինք ցանկանում հանդուրժել այն բարոյական ու քաղաքական մթնոլորտը, որը տիրում էր Հայաստանում, այս երկուսը միահյուսված՝ մեզ դուրս հանեցին փողոց»,- նշեց Ալեք Պողոսյանը:
Ըստ վերջինիս՝ աշխարհում գոյություն ունեցած բազմաթիվ հզոր կայսրությունների, այդ թվում՝ հայկական պետականության կորուստը հասարակության բարոյական արժեհամակարգի կորուստի արդյունք էր:
Անդրադառնալով Կարսի պայմանագրին՝ Ալեք Պողոսյանը նշեց, որ այն Հայաստանի առաջին հանրապետության կործանման պայմանագիրն է, դրանով Հայաստանը ստորագրեց իր վերջը, տարածքներ հանձնեց, Կարսի պայմանագիրը այն ժամանակվա կապիտուլյացիայի փաստաթուղթն էր. «Իրական դավաճանական թուղթը Կարսի պայմանագիրն էր: Հայաստանը ոչ միայն իր տարածքների մի մասը հանձնեց Թուրքիային ու Ադրբեջանին, այլև ըստ պայմանագրի 10-րդ կետի՝ Թուրքիան, Ռուսաստանը և Ադրբեջանը կարող են միջամտել մեր երկրի ներքին գործերին, Կարսի պայմանագրով Ռուսաստանը և Թուրքիան որոշեցին Հայաստանի սահմանները»:
Խոսելով մեր քաղաքական գրագիտության մակարդակի մասին՝ Ալեք Պողոսյանն ընդգծեց, որ հայ հասարակությունը քաղաքականապես անգրագետ է, և որքան հասարակությանը քաղաքականապես անգրագետ պահեն, այդքան հեշտ կարող են կառավարել նրան:
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
Գևորգ Էմին-Տերյան