Ստալոնեն պատմել է Շվարցենեգերի հետ 20-ամյա թշնամանքի ավարտի մասին։ Ի՞նչը փոխեց նրանց հարաբերությունները։
Հոլիվուդյան մարտաֆիլմերի երկու լեգենդների՝ Սիլվեստր Ստալոնեի և Արնոլդ Շվարցենեգերի երկարամյա մրցակցությունը տևել է շուրջ 20 տարի։ Ստալոնեն բացահայտել է, թե ինչ հանգամանքներում է ավարտվել իրենց թշնամանքը և ինչպես են նախկին մրցակիցները դարձել ընկերներ։
«Rest Is Entertainment» փոդքասթի ժամանակ 80-ամյա դերասանը պատմել է, որ իրենց հակամարտությունն այնքան լարված էր, որ նույնիսկ չէին կարողանում միասին հանրային միջոցառումների մասնակցել՝ չնայած «Planet Hollywood» ռեստորանային ցանցի համասեփականատերեր էին։
1980-90-ականներին Ստալոնեն և Շվարցենեգերը Հոլիվուդի գլխավոր մարտաֆիլմային աստղերն էին։ Նրանց մրցակցությունը շարունակվում էր ինչպես էկրանին, այնպես էլ իրական կյանքում։ Դերասանները մշտապես փորձում էին միմյանց գերազանցել՝ նկարահանելով ավելի մասշտաբային ու տպավորիչ մարտաֆիլմեր։
Շրջադարձային պահը եղավ 2000-ականների սկզբին, երբ Շվարցենեգերը որոշեց զբաղվել քաղաքականությամբ և առաջադրվեց Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնում։ Ստալոնեն հասկացավ, որ իրենց մրցակցությունն այլևս ավարտված է։
Հետագայում պատահական հանդիպման ժամանակ նա շնորհակալություն է հայտնել Շվարցենեգերին՝ իրեն մշտապես ավելիին ձգտելու և կատարելագործվելու մղելու համար։
Այսօր նախկին մրցակիցները մտերիմ ընկերներ են և միասին նկարահանվել են «Անզուսպները» ֆիլմի երկրորդ ու երրորդ մասերում, ինչպես նաև «Փախուստի պլան» ֆիլմում։
Ստալոնեի խոսքով՝ մրցակցային ոգին դեռ պահպանվում է, սակայն նախկին թշնամանքն այլևս անցյալում է։