Պետական մարմինների կողմից սննդում թունաքիմիկատների և անտիբիոտիկների նկատմամբ պատշաճ վերահսկողության բացակայությունն ուղղակիորեն թունավորում է քաղաքացիներին։
Oragir.News-ի տաղավարում «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը ներկայացրել է, թե ինչ է հայտնվում սպառողների սեղաններին՝ պաշտոնական անգործության հետևանքով։
Նրա խոսքով՝ պետությունը չի վերահսկում, թե ինչ որակի և ինչ քանակի թունաքիմիկատներ կամ անասնաբուժական դեղամիջոցներ են տրամադրվում ֆերմերներին ու մեղվաբույծներին։
Նույնքան վտանգավոր է իրավիճակը բուսաբուծության մեջ։ Սննդում թունաքիմիկատների նկատմամբ իրական վերահսկողություն Հայաստանը պարզապես չի իրականացնում։
«Մենք գիտենք, որ կանաչին օգտակար է, անընդհատ գնում ու ուտում ենք։ Սակայն ֆերմերն ինչ է անում. երբ իր բանջարեղենը թունաքիմիկատով կամ պարարտանյութով մշակում է, վերջում ինչ հավելյալ քանակություն ավելանում է՝ շփում է կանաչու վրա, որովհետև ափսոսում է թափել»,-նշում է փորձագետը։
«Մեղքը ոչ թե գյուղացունն է, այլ պետությանը, որը լուծարեց Գյուղատնտեսության նախարարությունը։ Ֆերմերը պարտավոր չէ իմանալ, թե որն է քիմիկատի վտանգավոր չափաքանակը. նա տեսնում է սիրուն բերք ու ուրախանում։ Նախկինում նախարարությունը մարզերում ուներ հստակ մասնագետներ, որոնք սովորեցնում և վերահսկում էին այս գործընթացը, իսկ այսօր գյուղացին թողնված է բախտի քմահաճույքին»,- ասում է Պողոսյանը՝ հավելելով․ «Հայաստանի քաղաքացին մեղր է ուտում, բայց չգիտի, որ մեղրի մեջ կա անտիբիոտիկների բարձր մակարդակ»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Մովսիսյան