Ներքին Միտք 43 րոպե առաջ - 18:10 19-10-2026

Եվրոպական անկարգությունները կարող են չոքել նաև մեր դռանը

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում՝ Ֆրանսիայում, Ալբանիայում, Պորտուգալիայում, Իտալիայում։

Մինչև ո՞ւր կհասնի այս ճգնաժամը, այս առումով՝ ի՞նչ ընդհանրություն կա ԵՄ երկրների և Հայաստանի միջև, և հնարավո՞ր է ՀՀ-ում նույնպիսի հակակառավարական ցույցեր սկսվեն։

Ընդհանրություններից ակնհայտն այն է, որ ՀՀ-ում ևս ահավոր գնաճ է, թանկացել է գրեթե ամեն ինչը, բնակարանների վարձը, սննդամթերքը, տրանսպորտը և այլն։ Նույն պատկերն է եվրոպական երկրներում, ինչն էլ բողոքի մեծ ու ավերիչ ցույցերի պատճառ է դարձել։

Երկրորդ ընդհանրությունը Ռուսաստանի քողարկված ներգրավվածությունն է։ Օրինակ՝ Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման ժողովրդին ուղղված ուղերձում ակնարկել է, թե ցույցերի թիկունքում Ռուսաստանն ու Իրանն են։ ՀՀ-ում ռուսական գործակալների ծով կա։ Ուստի՝ նույնպիսի ցույցերի կարող են դրդել նաև այստեղ։

Ռուսաստանի համար, ենթադրաբար, ձեռնտու է, որ Եվրոպայում և Հայաստանում իշխանությունները հայտնվեն ճգնաժամի մեջ, սակայն դա դեռ չի նշանակում, թե բոլոր բողոքները կազմակերպվում են Կրեմլից։ Եվրոպական երկրներում մարդիկ փողոց են դուրս գալիս կոնկրետ խնդիրների պատճառով՝ թանկացումներ, ցածր աշխատավարձեր, բնակարանային ճգնաժամ, կոռուպցիա։ Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման Ռուսաստանի և Իրանի հնարավոր ներգրավվածության մասին խոսել է այն ժամանակ, երբ հազարավոր մարդիկ պահանջում են իր հրաժարականը։ Եվ արտաքին ուժերի մասին հայտարարությունները չեն վերացնում իշխանությունների պատասխանատվությունը սեփական քաղաքացիների առաջ։

ՀՀ-ում ևս իշխանությունները հանրային դժգոհությունը Մոսկվայի միջամտությամբ են բացատրում։ Սակայն երբ քաղաքացին բողոքում է գնաճից, սոցիալական ծանր վիճակից, բնակարանների վարձավճարներից կամ իշխանությունների վարած քաղաքականությունից, ապա ազնիվ չէ, որ պաշտոնյաները ժողովրդի դժգոհությունը վերագրում են միայն արտաքին ազդեցությանը և հանգիստ շարունակում թանկացումները։

Հայաստանում կա նաև մի հանգամանք, որով մեր իրավիճակն էապես տարբերվում է եվրոպական երկրներից։ Հայաստանի հասարակության մի հատվածի դժգոհությունը պայմանավորված է ոչ միայն սոցիալական խնդիրներով, այլև ազգային անվտանգության, Արցախի կորստի, տեղահանված արցախցիների խնդիրների և իշխանությունների վարած ռիսկային արտաքին քաղաքականությամբ։ Այս հարցերը հիրավի կարող են հասարակական դժգոհության լրացուցիչ աղբյուր դառնալ, հատկապես երբ մարդիկ չեն տեսնում իրենց հուզող հարցերի լուծումները ՔՊ-ի օրոք։

Այնուամենայնիվ՝ քիչ հավանական է, որ եվրոպական բողոքի ցույցերը կտարածվեն Հայաստանում։ Սոցիալական դժգոհությունն ինքնին դեռևս չի նշանակում, որ մարդիկ պատրաստ են հակակառավարական ցույցերի մասնակցել։ Դրա համար անհրաժեշտ են նաև հասարակական համախմբում և համոզմունք, որ բողոքը կարող է հանգեցնել փոփոխությունների։ Օրինակ՝ խորհրդարան անցած ուժերից մեկը խոստանում է, որ փողոցային պայքար լինելու է մեկ անգամ, որը հանգեցնելու է դրական արդյունքի։ Այս առումով՝ ենթադրելի է, որ այս ալիքը փողոց դուրս գալու առիթ կհանդիսանա։ Այսինքն՝ կա նաև այն ուժը, որը կարող է համախմբել և փողոց դուրս բերել բազմաթիվ մարդկանց։

Կարճ ասած՝ կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ անհրաժեշտ բոլոր պայմանները, որ եվրոպական ցույցերը տարածվեն Հայաստանում։ Հետևապես՝ ՔՊ-ական իշխանությունները պարտավոր են ընդառաջ գնալ և զիջումներ անել ժողովրդին, ընդդիմադիր ուժերին։ Օրինակ՝ կարող են որպես բարի կամքի դրսևորում՝ դադարեցնել ընդդիմադիր գործիչների հետապնդումները, մեղմացնել ընդդիմադիրների հանդեպ ագրեսիվ խոսույթը։ Կարող են նաև սոցիալական բարեփոխումներ իրականացնեն, իջեցնեն գները, որ մեղմեն հնարավոր սոցիալական բողոքները, որ դրանք չվերաճեն զանգվածային ցույցերի և ավերիչ անկարգությունների, ինչպիսին այս օրերին լինում են եվրոպական քաղաքներում։


Թաթուլ Մկրտչյան