Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն արձագանքել է
«Փաստինֆո»-ի հրապարակմանը ու պարզաբանել, թե 1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ 1 հաղորդման սցենարի ձեռք բերման համար։
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն գրել էր, որ «Հայաստանի հանրային Հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունը, ի դեմս գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի, առանց մրցույթի պայմանագիր է կնքել Գառնիկ Մակվեցյան անհատ ձեռնակատիրոջ հետ։ Պայմանագրով 1 միլիոն դրամը փոխանցվել է ԱՁ-ին՝ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության կարիքների համար Նոր ալիքի «Զավզակներ» հաղորդաշարի 3-րդ եթերաշրջանի հաղորդման սցենարիստի ծառայությունների ձեռքբերման համար։
Այս հաղորդման հյուր էր գնացել Նիկոլ Փաշինյանը։ Ընդ որում, սցենարների պատվիրման մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել էր պաշտոնական բաց աղբյուրներից։
ՀԸ-ն հաստատում է, որ սցենարներ պատվիրվել են, բայց վստահեցնում, որ նշված գումարը չի վճարվել միայն մեկ սցենարի, այլ եթերաշրջանի բոլոր սցենարների համար։
«Հարկ ենք համարում ընդգծել, որ հոդվածում ներկայացված տեղեկատվությունը, մասնավորապես՝ մեկ միլիոն ՀՀ դրամի վճարումը Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մեկ հաղորդման սցենարի պատրաստման հետ կապող ձևակերպումները կարող են հանրության շրջանում ընկալվել որպես փաստական տվյալներ, որոնք կասկածի տակ են դնում Հանրային հեռուստաընկերության գործունեության օրինականությունը և կարող են արատավորել Ընկերության գործարար համբավը՝ ստեղծելով տպավորություն, թե պետական միջոցներն օգտագործվել են կոնկրետ անձի մասնակցությամբ հաղորդման համար առանձին սցենար պատվիրելու նպատակով։
Նման ներկայացումը, հաշվի առնելով պայմանագրի իրական բովանդակությունն ու նախատեսված ծառայությունների ծավալը, կարող է գնահատվել որպես իրականությանը չհամապատասխանող և զրպարտչական բնույթի տեղեկատվություն»,-նշված է ՀԸ-ի պատասխան նամակում։ Պարզաբանող նամակում նաև հավելել են, որ 1 միլիոն դրամը տրամադրվել է այդ եթերաշրջանի բոլոր՝ ընդհանուր առմամբ 12 հաղորդումների պատրաստման շրջանակում սցենարիստի ծառայությունների մատուցման համար։
Նկատենք, որ գնումների մասին պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության մեջ, ի սկզբանե, նման հիշատակում չի եղել։