Ներքին 51 րոպե առաջ - 18:30 15-10-2026

Դատախազության լռությունը․ ո՛չ հետապնդում են թույլտվություն տվածներին, ո՛չ էլ նախազգուշացնում են քաղաքապետարանին

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցում մայթերին գտնվող կրպակների բռնի ապամոնտաժման հետևանքով՝ տասնամյակներ շարունակ տվյալ տարածքում առևտրով զբաղվող, հարկեր վճարող և պետական օրինական փաստաթղթեր ունեցող քաղաքացիները մեկ օրում զրկվել են իրենց միակ ապրուստի միջոցից։

Այս պատմության մեջ, թերևս, ամենացավոտ հարցն այն է, թե ինչու է պետությունն իր իսկ թույլ տված նախկին «սխալների» կամ օրինականացումների հարվածը կոտրում բացառապես բարեխիղճ քաղաքացու մեջքին։

Եթե կառույցներն անօրինական են, ապա ինչու մինչ օրս պատասխանատվության չեն կանչվել 15-20 տարի առաջ այդ թույլտվությունները ստորագրած պաշտոնյաները՝ Կադաստրից մինչև քաղաքապետարան։

Ինչու Գլխավոր դատախազությունը ժամանակին չնախազգուշացրեց քաղաքապետարանին՝ զսպելու քաղաքացիների սեփականության իրավունքը ոտնահարող կոշտ վարչարարությունը։ Oragir.News-ը պարզաբանումներ է խնդրել պատասխանատու գերատեսչություններից։

Մասնավորապես, եթե քաղաքապետարանը քանդում է այնպիսի կրպակ, որն ունի օրինական սեփականության վկայական, արդյոք Գլխավոր դատախազությունը չպե՞տք է նախազգուշացներ քաղաքապետարանին, որ դա անօրինական է։ Եվ այն պաշտոնյաները, որոնք 15-20 տարի առաջ տվել են այդ թույլտվությունները, դատախազությունը նրանց նկատմամբ արդյոք անելիք չունի՞։

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը մեր բանավոր հարցերին ի պատասխան խնդրեց հարցերը գրավոր ուղարկել, միևնույն ժամանակ փոխանցեց, որ կրպակների տերերից ոմանք արդեն իսկ բողոք են ներկայացրել Գլխավոր դատախազություն։

Մեր զրուցակիցն այդպես էլ չպատասխանեց հարցին՝ արդյոք քաղաքապետարանի պաշտոնյաների գործողություններին կտրվի՞ իրավական գնահատական, թե ոչ։ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության փոխանցմամբ՝ քանդման աշխատանքներն իրականացվում են հանրային շահի և մայթերն ազատելու տրամաբանությամբ։

Սակայն մեր հարցին, թե ինչու քրեական գործեր չեն հարուցվում ժամանակին թույլտվություն տվող պաշտոնյաների դեմ, փոխարենը քանդվում են քաղաքացիների՝ օրինական հիմքերով ստացած կառույցները, քաղաքապետարանի լրատվության վարչության աշխատակից Ջուլիետա Ազարյանն ասաց, որ պաշտոնյաների մասին տեղեկատվություն չունի։

«Երեկ պետք է 15 կրպակներ քանդման ենթակա լինեին, որոնցից 13-ն ենք քանդել, երկուսը չեն քանդվել․ այդ երկուսի մասով կա դատական պրոցես։ Շուրջ 42 կրպակ, որոնք մոտավորապես մեկ ամիս առաջ են քանդվել, չեն ունեցել որևէ օրինական փաստաթուղթ»,- հայտնեց Ազարյանը՝ շարունակելով․ «Քանդված 13 կրպակները և՛ մակերեսով, և՛ տեղադիրքով, ըստ էության, չեն համապատասխանում փաստացի իրենց ունեցած շինությունների մակերեսներին։ Այսքանը կարող եմ ասել, իսկ մնացածի մաստով չունեմ տեղեկատվություն՝ իրավական որևէ գործընթաց նախկինում կամ հիմա կա՞, թե՞ չէ։ Կարող եք գրավոր հարցում ուղարկել, կպատասխանենք»։

Քաղաքապետարանի ներկայացրած թվերն ու փաստարկները, թե շինությունները չեն համապատասխանում իրենց փաստացի մակերեսներին, չեն փարատում բնակիչների մտահոգությունները։ Եթե անգամ կան շեղումներ, ապա առանց պատշաճ գրավոր ծանուցման ու մարդկանց ապրանքը դուրս բերելու ողջամիտ ժամկետ տալու՝ գույքը տրակտորների տակ գցելու հիմք չէ։

Ավելին, հարցի սլաքները կրկին ուղղվում են դեպի անցյալ՝ քաղաքապետարանի նախկին ղեկավարների պաշտոնավարման տարիներ, երբ կնքվում էին այս հողհատկացումներն ու վարձակալության պայմանագրերը։

Եթե տարիներ առաջ Քաղաքապետարանն ու Կադաստրը անօրինական թույլտվություն կամ սեփականության վկայական են տվել, ապա քաղաքապետարանն իրավունք չուներ տրակտորով քանդելու մարդկանց խանութները. նրանք պարտավոր էին նախապես կա՛մ նյութապես փոխհատուցել, կամ գործունեության ծավալման այլընտրանքային տարածք առաջարկել։

Հասմիկ Մովսիսյան