Ուղիղ եթեր
Ներքին 50 րոպե առաջ - 19:18 15-10-2026

Ես արդար եմ 100 տոկոս․ Ծառուկյանը՝ իր դեմ հարուցված գործի մասին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վստահեցնում է, որ իր դեմ հարուցված քրեական գործն արհեստական է, շինծու և ապօրինի։ Նա այդ մասին հայտարարեց դատական նիստի ժամանակ՝ դիմելով դատավոր Մանվել Շահվերդյանին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր մեկնարկել է Ծառուկյանի գործով առաջին դատական նիստը։

«Սարքած գործ է՝ ապօրինի, անօրինական Ծառուկյանի հանդեպ: Ես էստեղ արդար եմ, արդար եմ 100 տոկոս, մեղք չունեմ: Տեսաժապավենը նայող մարդիկ որ տեսնեն, ամեն ինչ դառնում է պարզ, քանդվում է»,– ասաց Ծառուկյանը։

Նա պնդեց, որ գործում առկա են իր անմեղությունը հաստատող փաստաթղթեր, ձայնագրություններ և տեսանյութեր, որոնք, իր համոզմամբ, հերքում են ներկայացված մեղադրանքները։

«Պետք է արդարություն լինի, ամոթ է։ Թուղթը դրված է, ստացականը կա, ձայնագրությունը կա։ Հարգելի՛ դատավոր, կարո՞ղ եք արդար որոշում կայացնել»,– ասաց նա։

Արդեն 3 ամիս կալանքի տակ գտնվող Ծառուկյանը հավելեց, որ գործի հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ կան նաև հեռախոսում և էլեկտրոնային սարքերում պահպանված նյութերում, որոնց միջոցով, ըստ նրա, հնարավոր է պարզել գումարների ստացման և փոխանցման ժամանակագրությունը։

Նա քննադատեց նաև նախաքննության ընթացքը՝ պնդելով, որ քննիչները չեն ուսումնասիրել բոլոր առկա տեսանյութերն ու ձայնագրությունները։

«Սա խայտառակություն է, հարգելի՛ դատավոր, փաստով, ասածով, ձայնագրությամբ, ստորագրությամբ»,– շեշտեց Ծառուկյանը։

Նրա ելույթի ընթացքում դատավորը նշեց, որ ներկայացված հանգամանքներն ու ապացույցները կքննարկվեն դատաքննության ընթացքում։
«Այդ ամենը կհետազոտենք»,– ասաց նիստը նախագահող դատավոր Շահվերդյանը։