Ուղիղ խոսք 1 ժամ առաջ - 21:40 28-09-2026

Էլեկտրաէներգիայի նոր պահանջարկը մինչև 10% թանկացման կհանգեցնի

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Վերջին շրջանում մամուլում ակտիվորեն քննարկվում են գազի և էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացումների մասին լուրերը։ Հայաստանի էներգետիկ համակարգի խոցելիության, առկա ռիսկերի և սպառման կառուցվածքի փոփոխության շուրջ Oragir.News-ը զրուցել է տնտեսագետ, Tvyal.com հարթակի հիմնադիր Աղասի Թավադյանի հետ։

Նրա վերլուծությամբ՝ երկրի էներգետիկ ցանցերն այսօր կանգնած են համակարգային լուրջ խնդիրների առաջ, որոնք պայմանավորված են ինչպես բազային կայանների մաշվածությամբ, այնպես էլ ներքին պահանջարկի աննախադեպ աճով։

Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքն այսօր հիմնված է չորս հիմնական աղբյուրների վրա՝ ջերմաէլեկտրակայաններ (ՋԷԿ), ատոմային էլեկտրակայան (ԱԷԿ), հիդրոէլեկտրակայաններ (ՀԷԿ) և արևային կայաններ։ Սակայն այս հաշվեկշիռը պարբերաբար խախտվում է, ինչը մեծացնում է կախվածությունը հանածո վառելիքից։

Անդրադառնալով Մեծամորի ԱԷԿ-ի գործոնին՝ Աղասի Թավադյանը նշում է. «Մեր էլեկտրական ցանցերում բավականին լուրջ խնդիրներ կան։ Սկսենք նրանից, որ ատոմակայանը 5 ամիս կանգնած է եղել։ Այն ընդհանուր էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 28 տոկոսն էր ապահովում, և այդ 5 ամիսների ընթացքում համակարգը չէր կարողանում գեներացնել այդ ծավալը։

Մեր ատոմակայանն ամեն տարի 1-2 ամսով փակվում է, քանի որ դրա շահագործման նախնական ժամկետն արդեն գրեթե 15 տարի է, ինչ ավարտվել է։ Թեև այն երկարաձգվելու է մինչև 2036 թվականը, սակայն ամռան ամիսներին ստիպված են լինում փակել՝ տեխնիկական սպասարկում իրականացնելու համար։ Ատոմակայանի բացակայությունը փոխհատուցվել է ջերմաէլեկտրակայանների արտադրության ծավալների աճով. սա նշանակում է ռուսական գազի սպառման ռեկորդներ»։

Թավադյանի խոսքով՝ համակարգի վրա ճնշումը մեծանում է նաև սպառողների վարքագծի և կենցաղի կտրուկ փոփոխության պատճառով։ Էլեկտրամոբիլների ներմուծումն ու նոր շենքերի ջեռուցման առանձնահատկությունները պահանջարկը հասցնում են պիկային մակարդակի։

«Այսօր էլեկտրական մեքենաների թիվն արագորեն ավելանում է։ Եթե 3 տարի առաջ դրանց տեսակարար կշիռը գրեթե 0% էր, ապա այս պահին մեքենաների արդեն 5-10 տոկոսը էլեկտրական են։ Քանի որ վառելիքի գինը Երևանում բարձր է և դեռ առնվազն մեկ տարի բարձր կմնա, դրանց թիվն օրեցօր շատանալու է։ Մոտ 15-20,000 ավտոմեքենաների անցմաքս ներմուծման քվոտան միանգամից սպառվեց, և ստիպված եղան այն ևս 5,000-ով շատացնել։ Սա բերելու է նրան, որ էլեկտրականության պահանջարկն առաջին հերթին մեծանալու է ավտոմեքենաների հաշվին։ Երկրորդ պատճառը նորակառույցներն են։ Այս պահին կառուցվող շենքերի գրեթե կեսը կառուցվում է առանց գազի թույլտվության (ենթակառուցվածքի), քանի որ այն բավականին թանկ է նստում սեփականատերերի վրա։ Արդյունքում՝ բնակիչները ստիպված են ձմռանն իրենց տները ջեռուցել էլեկտրականությամբ, ինչն էլ ավելի է մեծացնում ծանրաբեռնվածությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հասմիկ Մովսիսյան