Արտաքին 12 ժամ առաջ - 07:52 28-09-2026

Հաջորդ շաբաթ Իրանի հետ բանակցություններ եմ ակնկալում․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնկալում է, որ Իրանի հետ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ։ Այս մասին նա հայտարարել է կիրակի՝ սեպտեմբերի 27-ին, ամերիկյան Axios լրատվական կայքին տված հեռախոսազրույցում ։

«Ես ակնկալում եմ նոր բանակցություններ Իրանի հետ (առաջիկա շաբաթվա ընթացքում – խմբ. ): Նրանք ցանկանում են համաձայնագիր, բայց դա այն համաձայնագիրը չէ, որը ես եմ ուզում: Մենք կարող էինք համաձայնվել դրան մեկ տարի առաջ: Նրանք գերագնահատեցին իրենց ուժը»,- ասաց Սպիտակ տան ղեկավարը: Հարցին, թե արդյոք նա քննարկում է Իրանին հարվածներ հասցնելու հնարավորությունը, ամերիկացի առաջնորդը պատասխանեց, որ «միշտ մտածում է դրա մասին»:

Թրամփի խոսքերը երկու երկրների միջև բանակցությունների վերսկսման մասին Axios-ին հաստատել են նաև երկու տարածաշրջանային աղբյուրներ, որոնք ցանկացել են անանուն մնալ։ Նրանք ակնկալում են, որ կատարցի միջնորդները, որոնք նախկինում մասնակցել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև հանդիպումներին, կհանդիպեն Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչիի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Վիտկոֆի հետ արդեն սեպտեմբերի 28-ին ։

Միևնույն ժամանակ, Axios-ը մատնանշում է երկու երկրների տարբեր պատկերացումները հնարավոր համաձայնագրի վերաբերյալ։ Մինչ Թեհրանը ցանկանում է կենտրոնացնել ցանկացած բանակցություն Հորմուզի նեղուցի լիարժեք բացման և ԱՄՆ ռազմածովային շրջափակման վերացման վրա, Վաշինգտոնը պնդում է ավելի լայն համաձայնագրի կնքման վրա, որը կներառի զիջումներ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ։