Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 49 րոպե առաջ - 20:32 28-09-2026

Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հայաստանում ցեմենտի գնի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է ազդեցություն ունենալ ոչ միայն շինարարության ինքնարժեքի, այլև հետագայում բնակարանների գների և պետության կողմից հիփոթեքային ծրագրերի շրջանակում կատարվող ծախսերի վրա։

Տնտեսագետ Գագիկ Մակարյանի խոսքով՝ խնդիրը պետք է դիտարկել ամբողջ շղթայի մեջ, այլ ոչ միայն այն հարցի շրջանակում, թե գործարանը բարձրացրե՞լ է ցեմենտի վաճառքի գինը, թե՞ ոչ։

Մակարյանը նշում է, որ ներկայում տարբեր ընկերություններ պնդում են՝ ցեմենտը ձեռք են բերում ավելի բարձր գնով, մինչդեռ գործարանը հայտարարում է, որ իր վաճառքի գինը չի փոխվել։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է պարզել, թե որտեղ է առաջանում այդ գնային տարբերությունը։

«Մի ամիս է այդ խոսակցությունը գնում է, տարբեր ընկերություններ անընդհատ ասում են, որ թանկ գնով են ձեռք բերում, գործարանն անընդհատ հայտարարում է, որ մենք նույն գնով ենք վաճառում։ Ու որևէ պետական վերահսկողություն չի ճշտել՝ արդյոք ո՞ր կողմն էր սխալ, ո՞ր կողմը՝ ճիշտ, ո՞վ է խաբում, ո՞վ չի խաբում, ի՞նչն է պատճառը, որովհետև ակնհայտորեն մարդիկ տեսնում են, որ գինը բարձրացել է»,- Oragir.News-ի հետ զրույցում կարծիք է հայտնում տնտեսագետը։

Վերջինս հնարավոր տարբերակներից մեկը համարում է ցեմենտի տարբեր մարկաների և դրանց գների հարցը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ուսումնասիրել՝ արդյոք շուկայում նախկինում տարածված մի մարկայի փոխարեն այժմ առաջարկվում է ավելի բարձր մարկայի արտադրանք, որի գինը համապատասխանաբար բարձր է։

Այս վարկածը, ըստ Մակարյանի, հնարավոր է ստուգել՝ համադրելով արտադրանքի մարկան, որակը և վաճառքի գինը։ Մյուս հնարավոր պատճառը, նրա խոսքով, կարող է լինել միջնորդ օղակի առկայությունը։ Տնտեսագետը չի բացառում, որ արտադրանքը գործարանից կարող է վաճառվել մեկ այլ ընկերության, որն այնուհետև վերավաճառում է ավելի բարձր գնով։

Այս դեպքում անհրաժեշտ է ուսումնասիրել փաստաթղթերը՝ պարզելու համար, թե ով է իրական վաճառողը, ինչ գնով է արտադրանքը դուրս գալիս գործարանից և որտեղ է առաջանում գնային տարբերությունը։ Մակարյանը հնարավոր խնդիր է համարում նաև կառավարման արդյունավետության փոփոխությունը։

Նրա խոսքով՝ անգամ նույն ծավալի արտադրության դեպքում արտադրության ընթացքում առաջացող կորուստների ավելացումը կարող է բարձրացնել ինքնարժեքը և արդյունքում անդրադառնալ վերջնական գնին։

Միաժամանակ տնտեսագետը չի բացառում, որ գործարանի կառավարման փոփոխությունից հետո նախկին մատակարարների և գործընկերների հետ հարաբերություններում առաջացած խնդիրները նույնպես կարող են անդրադառնալ մատակարարումների վրա։ Մակարյանի խոսքով՝ ցեմենտի գնի բարձրացման ազդեցությունն առաջին հերթին կարող է փոխանցվել շինարարության ինքնարժեքին։ Հայաստանում կառուցապատման մեծ մասը իրականացվում է մոնոլիտ բետոնով, որի արտադրության մեջ ցեմենտը էական բաղադրիչ է։

Հետևաբար, եթե ցեմենտի արժեքը բարձրանում է, ավելանում է նաև բետոնի և, ի վերջո, շինարարության ինքնարժեքը։ Մեծածավալ շինարարության դեպքում, երբ օգտագործվում են հազարավոր խորանարդ մետր բետոն, նույնիսկ փոքր գնային տարբերությունը կարող է զգալի լրացուցիչ ծախս առաջացնել կառուցապատողի համար։

Այդ դեպքում, ըստ տնտեսագետի, կառուցապատողը կարող է կանգնել ընտրության առաջ՝ բարձրացնել բնակարանի վաճառքի գինը կամ լրացուցիչ ծախսը կլանել սեփական շահույթի հաշվին։

Եթե շինարարության ինքնարժեքի աճը շարունակվի, դրա ազդեցությունը բնակարանների շուկայում կարող է դրսևորվել ոչ թե անմիջապես, այլ ավելի ուշ՝ տարվա վերջին կամ հաջորդ տարի, քանի որ կառուցապատողներն արդեն ձեռք բերած և օգտագործված շինանյութի ծախսերը հետագայում կարող են ներառել նոր վաճառվող բնակարանների գներում։

Մակարյանը խնդրի մեկ այլ կարևոր հետևանք է տեսնում․ եթե շինարարության թանկացումը հանգեցնի բնակարանների գների բարձրացման, քաղաքացիները ստիպված կլինեն ավելի մեծ գումար վճարել բնակարան ձեռք բերելու համար։

«Բնականաբար, եթե թանկանում է այնպես, որ բնակարանների գները թանկանան, բնակիչները արդեն ավելի թանկ պիտի ձեռք բերեն, հետևաբար իրենք ավելի մեծ գումարներ պիտի հիփոթեք վերցնեն, ավելի շատ իրենց գրպանի փողը դնեն»,- նշում է նա։

Տնտեսագետի խոսքով՝ այս դեպքում խնդիրը կարող է անդրադառնալ նաև պետության ֆինանսական ծախսերին, եթե քաղաքացին օգտվում է պետական աջակցության կամ հիփոթեքային սուբսիդավորման ծրագրից։

«Եթե հիփոթեքով է դեռ նրանք, որոնք որ իրավունք ունեն հիփոթեքի, էդ հիփոթեքի կոմպենսացիան կատարում է պետությունը, պետությունն էլ է ուզում, որովհետև եթե բնակարանները ավելի թանկ են, դրա հիփոթեքային վճարը ավելի մեծ է լինելու, հետևաբար պետությունն էլ ավելի շատ է վերադարձնելու»,- ասում է Մակարյանը։

Նրա խոսքով՝ այս դեպքում պետք է հաշվարկել ոչ միայն բնակարանի թանկացումից պետության հնարավոր լրացուցիչ հարկային մուտքերը, այլև այն գումարները, որոնք պետությունը կարող է լրացուցիչ ուղղել հիփոթեքային ծրագրերի շրջանակում փոխհատուցումների կամ սուբսիդավորման համար։

«Հիմա որտե՞ղ է պետությունը ուզում՝ ավելի շատ հարկեր կհավաքի՞, թե՞ ավելի շատ հիփոթեք կսուբսիդավորի, հաշվարկ պիտի արվի մոտավորապես»,- ասում է տնտեսագետը։

Տնտեսագետը շեշտում է, որ ցեմենտի գնի շուրջ առաջացած իրավիճակը չպետք է սահմանափակվի միայն գործարանի հայտարարությամբ՝ գինը փոխվե՞լ է, թե՞ ոչ։ Անհրաժեշտ է ուսումնասիրել, թե գնային փոփոխությունը շղթայի որ հատվածում է առաջանում և ինչ հետևանքներ է ունենում։

«Ոչ թե միայն պիտի գնի մասին խոսեն, այլ պիտի խոսեն էդ ամբողջ շղթայի մասին, այսինքն՝ էկոնոմիկան սիրում է, որ լինի մանրակրկիտ բոլոր փուլերը ուսումնասիրել»,- ասում է նա։

Մակարյանի գնահատմամբ՝ եթե իրականում տեղի է ունեցել թանկացում, պետք է հասկանալ, թե այն ինչի է հանգեցնում՝ արտադրության ինքնարժեքի, շինարարության ծախսերի, բնակարանների գների, քաղաքացիների հիփոթեքային բեռի և, ի վերջո, պետության ծախսերի տեսանկյունից։

«Միայն գնի մասին խոսելով, որ չենք թանկացել ու խուսափել, բայց եթե, իրոք, թանկացում կա, հարկավոր է հասկանալ, որ էդ թանկացումը ո՞ւր է տանում»,- ընդգծում է տնտեսագետը։

Այսպիսով, ըստ Գագիկ Մակարյանի, ցեմենտի գնի շուրջ առաջացած խնդրի ամբողջական գնահատման համար անհրաժեշտ է ոչ միայն պարզել՝ որտեղ և ինչ չափով է առաջացել գնային տարբերությունը, այլև հաշվարկել դրա հնարավոր ազդեցությունը շինարարության, բնակարանների շուկայի, քաղաքացիների ֆինանսական բեռի և պետական հիփոթեքային ծրագրերի ծախսերի վրա։

Հասմիկ Մովսիսյան