Ներքին Տեսանյութ 31 րոպե առաջ - 20:42 24-09-2026

Գյումրիի Շահումյան փողոցում պարեկները աջ ու ձախ բոլորին տուգանում են. ահազանգ

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Oragir.News-ին ահազանգած քաղաքացին հայտնում է, որ Գյումրիի Շահումյան փողոցի արևմտյան թևում վերջին մեկ ամսվա ընթացքում վարորդները հայտնվել են տուգանքների տակ։

Քաղաքացու խոսքով՝ Շահումյան փողոցի այդ հատվածը գրեթե ամբողջությամբ զբաղեցնում են առևտրի և սպասարկման օբյեկտները, որոնց դիմաց մեքենաները շուրջ 30 տարի կայանել են մայթին ուղղահայաց՝ առանց նման սահմանափակման։ Սակայն, ըստ ահազանգի, մոտ մեկ ամիս է՝ պարեկները սկսել են վարորդներին տուգանել այդ հատվածում կայանելու համար։

«Կանգառն արգելող որևէ նշան չկա, գծանշում ընդհանրապես չկա։ Բացի մեկ հատվածում հետիոտնային անցումից, չկան ո՛չ կետագծեր, ո՛չ հոծ գծեր, ո՛չ կայանատեղիների կամ կանգառների համապատասխան գծանշումներ։ Մի հատվածում վերջերս մի քանի գիծ են գծել»,– պատմում է քաղաքացին։

Նրա փոխանցմամբ՝ պարեկները տուգանքները հիմնավորում են այն հանգամանքով, որ եթե տվյալ հատվածում չկան կայանման համար նախատեսված «գրպանիկներ» կամ կայանումը թույլատրող թեք գծանշումներ, ապա մայթին ուղղահայաց կայանելն արգելված է։

Խնդիրը, սակայն, ըստ քաղաքացիների, այն է, որ համապատասխան գծանշումները տարածքում բացակայում են, իսկ քաղաքապետարանը, նրանց խոսքով, չի շտապում հարցը կարգավորել։

Արդյունքում տուգանքների են ենթարկվում ոչ միայն սովորական վարորդները, այլև այն առաքիչները, որոնք ամեն օր ապրանք են մատակարարում Շահումյան փողոցի առևտրի և սպասարկման օբյեկտներին։

«Մարդիկ 30 տարի եկել, կայանել են այդ տարածքում, հիմա հայտնվել են ամեն օր տուգանվողների շարքում։ Եթե կայանումն արգելված է, թող համապատասխան նշաններ ու գծանշումներ լինեն, մարդիկ էլ իմանան՝ որտեղ կարելի է կանգնել, որտեղ՝ ոչ»,– ասում է քաղաքացին։

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում հարց է առաջանում՝ ինչու՞ նախ համապատասխան կազմակերպումը չի իրականացվում, իսկ հետո միայն վարորդների նկատմամբ վարչական պատասխանատվություն կիրառվում։

«Էս հարցը ե՞րբ է լուծվելու։ Ամբողջ մարզի վարորդներին տուգանեն, նո՞ր»,– հարցնում է ահազանգած քաղաքացին։

Այսպիսով՝ Շահումյան փողոցի նշված հատվածում, քաղաքացիների պնդմամբ, իրավիճակը վերածվել է ամենօրյա տուգանքների․ նշաններ չկան, գծանշումները գրեթե բացակայում են, բայց պարեկները աջ ու ձախ տուգանում են վարորդներին։

Տեսանյութ:

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված