Ներքին Խոսք 1 ժամ առաջ - 20:00 23-09-2026

Ոստիկանությունը բանակ չէ. ո՞վ է որոշում՝ որ մասնագիտության դեպքում կարելի է բանակ չգնալ. փորձագետը՝ ՆԳՆ նախագծի մասին

ՆԳՆ-ն առաջարկում է փոփոխություններ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում։

Oragir.News-ի ռազմական փորձագետն անդրադարձել է այս նախագծին:

«ՆԳՆ-ն առաջարկում է՝ պետական պատվերով ՆԳՆ ուսումնական հաստատությունում սովորողը ստանա տարկետում, ապա ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում սահմանված ժամկետը ծառայելուց հետո ազատվի պարտադիր զինվորական ծառայությունից։
Բայց ինչո՞ւ նույն տրամաբանությունը չի գործում, օրինակ՝ պետական պատվերով պատրաստված բժշկի, ինժեների, ուսուցչի կամ գյուղատնտեսի դեպքում»,- նշում է փորձագետը:

Ըստ նրա՝ եթե ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում աշխատելը կարող է փոխարինել բանակին, ապա ինչո՞ւ բժշկի աշխատանքը, որը նույնպես պետության համար անհրաժեշտ է, չի կարող։ Ո՞վ է որոշում՝ որ մասնագիտությունն է այնքան կարևոր, որ դրա համար բանակ կարելի է չգնալ։

«Ոստիկանությունը բանակ չէ։ Փրկարար ծառայությունն էլ բանակ չէ։ Ու եթե սա բացառություն է, պետք է հստակ հիմնավորվի՝ ինչո՞ւ հենց նրանց համար։ Հակառակ դեպքում ստացվում է՝ նույն պարտավորությունը մեկի համար պարտադիր է, մյուսի համար՝ մասնագիտությունից կախված»,- եզրափակում է ռազմական վերլուծաբանը։