Մամուլ 4 շաբաթ առաջ - 08:11 23-09-2026

ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի անկախության 35-ամյակի առիթով բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել նաև ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանին։

ՀՀ նախագահի սեպտեմբերի 16-ի հրամանագրով Անի Միշայի Բադալյանին շնորհվել է «արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար» դիվանագիտական աստիճան։ Նույն աստիճանը ստացել են նաև ԱԳ նախարարի խորհրդական Հայկ Դարբինյանն ու ԱԳՆ եվրոպական ինտեգրման վարչության պետի պաշտոնակատար Լենա Թերզիկյանը, իսկ Նելլի Սարոյանին՝ ավելի բարձր՝ «արտակարգ և լիազոր դեսպան» աստիճան։

Այսպիսով՝ հանրությանը հիմնականում որպես ԱԳՆ խոսնակ հայտնի Անի Բադալյանը ստացել է օրենքով բարձրագույնների շարքին դասվող դիվանագիտական աստիճան։ Հենց այս հանգամանքն էլ, ըստ «Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրների, ԱԳՆ-ում քննարկումների առիթ է դարձել։

Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին շրջանում Բադալյանի դերակատարությունը նախարարությունում զգալիորեն ընդլայնվել է․ նա ոչ միայն պաշտոնական խոսնակն է, այլև արտաքին քաղաքականության տարբեր հարցերում առանցքային դերակատարում ունի։ Տարբեր ուղղություններով հարցերի ու տեղեկատվության ճշտումների դեպքում աշխատակիցներին հաճախ ուղղորդում են հենց Բադալյանի միջոցով։ Թերևս այդ պատճառով է, որ քննարկման թեմա է դարձել նաև այն, որ մամուլի խոսնակի պաշտոն զբաղեցնող Բադալյանը համեմատաբար արագ ստացել է բարձրագույն դիվանագիտական աստիճաններից մեկը։

Նկատենք, որ Անի Բադալյանն ԱԳՆ համակարգում աշխատում է 2014 թվականից։ 2023-ի հունվարին նշանակվել է ԱԳՆ Եվրոպայի վարչության ԵՄ բաժնի պետի պաշտոնակատար, իսկ նույն տարվա մարտին՝ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ։

ԱԳՆ պաշտոնական կայքում նա նշված է նաև որպես Լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետի պաշտոնակատար։ Վարչությունը պատասխանատու է արտաքին քաղաքականության և ԱԳՆ գործունեության լուսաբանման, նախարարի ու փոխնախարարների մամուլի միջոցառումների կազմակերպման և ԶԼՄ-ների հետ աշխատանքի համար։

Բադալյանը նաև պարբերաբար Արարատ Միրզոյանի կողքին է նրա հրապարակային գործունեության ընթացքում՝ որպես նախարարության տեղեկատվական քաղաքականության պատասխանատու»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով