Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 28 րոպե առաջ - 12:59 03-09-2026

Նույն խախտման դեպքում ինչո՞ւ է տարբերություն դրվում. վարորդական իրավունքից զրկված վարորդները ակցիա են իրականացրել

Մերի Հակոբյան

Լրագրող

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները։ Նրանք պահանջում են հստակեցնել, թե ինչ սկզբունքով են որոշ քաղաքացիների վերադարձվում վարորդական իրավունքները, իսկ մյուսներին՝ ոչ։

Ակցիայի մասնակիցներից մեկը նշել է, որ խնդրի վերաբերյալ նախկինում ևս բողոքի ակցիաներ են իրականացրել և խոստումներ ստացել, սակայն հարցը մինչ օրս լուծում չի ստացել։

«Ես առաջիններից եմ եղել, որ այս հարցով բողոքել եմ։ Մեզ խոստացել էին, որ խնդիրը կլուծվի, սակայն հիմա մարդկանց մասնատում են։

Չենք հասկանում՝ ինչ սկզբունքով են որոշել, թե ում պետք է վերադարձնեն վարորդական իրավունքները։ Ասում են՝ 2020 թվականից են հաշվում։ Բայց եթե մարդը 2019 թվականին է զրկվել և նրա զրկման ժամկետն ավարտվել է 2020 թվականին, ինչո՞ւ նրան իրավունք չեն տալիս, իսկ 2020 թվականին զրկվածին տալիս են։ Նույն խախտման դեպքում ինչո՞ւ է տարբերություն դրվում։

Պարոն վարչապետ, խնդրում եմ՝ այս հարցին լուծում տվեք։ Հոգնել ենք արդեն։ Քանի՞ անգամ պետք է գանք այստեղ։ Մենք գումար չենք ուզում, մեր վարչական իրավունքն ենք ուզում, որպեսզի կարողանանք աշխատել և ընտանիք պահել։ Ստեփանավանից, Կիրովականից մարդիկ գալիս են։ Քանի՞ անգամ պետք է մարդիկ ճանապարհածախս կատարեն, որպեսզի իրենց հարցին լուծում ստանան»։

Մեկ այլ մասնակից նշել է, որ 2024 թվականին Ռուսաստանում զրկվել է վարորդական իրավունքից, ինչի հետևանքով Հայաստանում չի կարողանում վերականգնել այն։

«Ռուսաստանում 2024 թվականին զրկվել եմ վարորդական իրավունքից։ Ասում են՝ Ռուսաստանում զրկվածներին չեն տալիս։ Ես ընտանիքով եկել եմ Հայաստան և ուզում եմ այստեղ՝ իմ երկրում, ապրել ու աշխատել, բայց չեմ հասկանում՝ ինչու են որոշներին տալիս, իսկ մեզ՝ ոչ։ Ես մոտ 30 տարի մեքենա եմ վարում։ Ոչ վթար եմ ունեցել, ոչ դատվածություն ունեմ, ոչ էլ որևէ լուրջ խախտում։

Գրեթե բոլոր կարգերի վարորդական իրավունք ունեմ։ 80 տոննանոց մեքենա եմ վարում, որով կարող եմ լավ գումար աշխատել և ընտանիք պահել։ Հիմա 200 հազար դրամով բանվորություն եմ անում։ Եթե վարձն էլ վճարում եմ, չգիտեմ՝ ինչպես պետք է ընտանիքս պահեմ»։

Մեկ այլ քաղաքացի հայտնել է, որ վարորդական իրավունքից զրկվել է 2018 թվականին՝ տեսախցիկներով արձանագրված խախտումների հետևանքով։

«Ես 2018 թվականին եմ զրկվել։ Այստեղ ոչ վթար եմ ունեցել, ոչ էլ խմած վիճակում եմ մեքենա վարել։ Զրկվել եմ տեսախցիկներով արձանագրված տուգանքների պատճառով։ Բալային համակարգը 2020 թվականի հունվարի 1-ից է ներդրվել։ Մինչև հիմա չեմ հասկանում՝ ինչ սկզբունքով են որոշում, թե ում վերադարձնեն վարորդական իրավունքը։ 2022 թվականին եմ իմացել, որ զրկված եմ։ Փաստաթուղթը մինչ օրս ինձ մոտ է։ Դիմումներ ենք գրել, սակայն պատասխաններ չենք ստացել։ Ոչինչ չեն բացատրում։ Օրինակ՝ 2020 թվականին զրկված անձին իրավունք են տալիս, իսկ 2016-2020 թվականներին զրկվածներին՝ ոչ։ Եթե նույն խախտման համար է, ինչո՞ւ է տարբերություն դրվում»։

Ակցիայի մեկ այլ մասնակից անդրադարձել է նաև նախընտրական շրջանում ստացած խոստումներին։

«Սկզբում ասում էին՝ բոլորին տալու ենք վարորդական իրավունքները։ Չէին ասում՝ 16 թվականից զրկվածներին չենք տալու, 17 թվականից զրկվածներին չենք տալու, Ռուսաստանում զրկվածներին չենք տալու կամ Արցախից եկածներին չենք տալու։ Ասում էին՝ բոլորին տալու ենք։ Հիմա ինչո՞ւ են մարդկանց տարբերակում։ Ես պարզ հարց եմ տալիս՝ ի՞նչ տարբերություն կա։ Եթե մարդը 2020 թվականին նույն խախտման համար է զրկվել, նրան տալիս են, իսկ եթե 2018 թվականին նույն խախտման համար է զրկվել, չեն տալիս։ Թող բացատրեն՝ ինչ սկզբունքով է այդ տարբերակումը կատարվում»։

Տեսանյութ:

Մերի Հակոբյան