Մատղաշ գառները կենդանի քաշով 45-65 հազար դրամ արժեն շուկայում, 8-10 ամսական հորթերը՝ 200-300 հազար, երինջները՝ 300-450 հազար դրամ։
Պարզ երկընտրանք է առաջարկել Նիկոլ Փաշինյանը։ Փորձելու են համոզել ընդդիմադիր գործընկերներին։ Եթե չհաջողվի, ապա գնալու են արտահերթ ընտրությունների։ Իսկ ո՞ր տարբերակն է ազնիվ՝ արտահերթ ընտրությունների գնա՞լը, թե՞ 6 հոգու համոզելը։
Ընտրապայքարի վրա ծախսվում են հսկայական ֆինանսական ռեսուրսներ։ Հաշվի առնելով ՔՊ-ի ցածր վարկանիշը և հանրության մի մասի ապատիան՝ ենթադրելի է, որ հարյուր միլիոնավոր դոլարներ կծախսվեն ընտրարշավի վրա։ Ենթադրաբար՝ ավելի էժան կլինի ընդդիմադիր գործընկերներին համոզելը։ Սակայն այս ուղին ազնիվ ու թափանցիկ չի եղել և, ենթադրաբար, չի էլ լինի այս պարագայում։
Օրինակ՝ մի քանի տարի առաջ Երևանի ընտրություններում ընդդիմադիր միավորներից մեկը՝ «Հանրային ձայն» կուսակցությունը, յուրովի աջակցեց Տիգրան Ավինյանին, ու վերջինս դարձավ քաղաքապետ։ Ո՞վ իմացավ, թե ինչպես դա հաջողվեց ՔՊ-ին, ի՞նչ գնով կարողացան կորզել այդ մի քանի քվեն, ապահովեցին քվորումն ու քաղաքապետի աթոռը ստացան։ Ենթադրելի է, որ գաղտնի բանակցություններ են եղել ՔՊ-ի և ընդդիմադիր այդ խմբավորման միջև։ Սակայն դրանց մանրամասները հանրությանը հայտնի չեն։
Ի տարբերություն այս կարգի մութ գործարքների՝ ընտրական գործընթացները մեծ մասամբ թափանցիկ են։ Օրենքի պահանջ է, որ թափանցիկ լինեն ծախսվող միջոցները։ Իրավապահներն էլ ուշի ուշով հետևում են ընտրապայքարի մեջ ներգրավված ուժերին։ Բայց պատգամավորին կամ ավագանու անդամին համոզելու և նրա քվեն կորզելու գործընթացներին չեն հետևում, նման բացահայտումներ չկան։
Իսկ ինչպե՞ս են համոզելու ընդդիմադիր գործընկերներին՝ կողմ քվեարկել սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու նախագծին։
Ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներն արդեն հայտարարել են, որ ոչ մի քվե չեն տալու ՔՊ-ին այս հարցում։ Սա նշանակում է, որ համոզելը չի հաջողվելու քաղաքական հարթության մեջ։ Սակայն կան մարդկային գործոններ։ Պատգամավորն էլ մարդ է, մարդկային խնդիրներ, հետաքրքրություններ, վախեր ունի։ Այս առումով քննարկման ենթական են մի քանի վարկածներ։
Առաջին վարկածով ենթադրելի է, որ ՔՊ-ն կարող է փորձել խարդավանք հյուսել թիրախավորված ընդդիմադիր պատգամավորների շուրջ, նրանցից թիմային գաղտնիք կորզել, հետո գժտեցնել նրանց թիմի հետ, որից հետո նրանց թիմից պոկելը կդառնա դյուրին։
Երկրորդ տարբերակը մարդկային վախերի վրա խաղալն է։ Ոչ բոլոր ընտրյալներն են ոգով ամուր։ Եվ ՔՊ-ն կարող է փորձել փնտրել, գտնել 6 փոքրոգիների, վախեցնել նրանց հետապնդումներով, մանր-մունր վատություններով և սպառնալիքի տակ կորզել բաղձալի քվեն։
Երրորդ տարբերակը նյութապես գայթակղելն է։ Պատգամավորների շարքում գործարար մտածողություն ունեցող մարդիկ կան, որոնք հանգամանքների բերումով են հայտնվել քաղաքականության մեջ, քաղաքական գործունեությունն իրենց առաքելությունը չեն համարում, քաղաքական, գաղափարական սկզբունքայնություն չունեն։ Այսպիսի պատգամավորների հետ հեշտ է գործարար թեմաներով զրույց վարելը, նյութական հետաքրքրություններով գայթակղելը։ Օրինակ՝ եթե շատ մեծ գումար առաջարկեն մեկ կողմ քվեարկության համար, քանի՞ պատգամավոր կդիմադրի այդպիսի գայթակղիչ առաջարկությանը։
Կարճ ասած՝ ընդդիմադիր գործընկերներին համոզելու ենթադրյալ տարբերակները շատ են։ Հաշվի առնելով այն, որ մինչ օրս նման որևէ գործարք չի բացահայտվել, ենթադրելի է, որ 6 պատգամավորի քվե կորզելու փորձն էլ չի բացահայտվի, այսինքն՝ վառվելու ռիսկ գրեթե չկա։ Այլ է այս կարգի գործարքի բարոյական աստառը։ Բազմաթիվ քաղաքացիներ են հետապնդվում ընտրական գործընթացներում փող բաժանելու, ստանալու կասկածանքներով։ Իսկ պատգամավորներին նյութապես գայթակղելը կամ ճնշումների ենթարկելն ու այդպիսով նրանց քվեն կորզելն ազնի՞վ է։
Իհարկե՝ ինքնին վիրավորական է վարչապետի հայտարարությունը, թե փորձելու են համոզել ընդդիմադիր գործընկերներին։ Սրա մեջ արդեն իսկ կա ակնարկ, թե ընդդիմադիր գործընկերների շարքերում քաղաքական սկզբունքայնություն չունեցող, քաղաքական ռեալությունները չհասկացող, ոգով թույլ, նյութական գայթակղությանը չդիմացող մարդիկ կան, որոնց կարելի է համոզել։ Եվ եթե կան, ապա կհամոզեն, և չեն ընկնի խալխի քուչեքը, ահռելի միջոցներ, ժամանակ և առողջություն չեն ծախսի։
Թաթուլ Մկրտչյան