Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 50 րոպե առաջ - 19:45 23-10-2026

Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

«Մարդիկ ինձ ասում են, որ երկրում վախի մթնոլորտ կա։ Սիրելի հայրենակիցներ, վախի մթնոլորտը տգիտության հետևանք է․ երկուստեք տգիտության՝ ինչպես վախեցնողի, այնպես էլ՝ վախեցողի տգիտության»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը՝ կոչ անելով հանրությանը կրթվել ու լայնացնել մտահորիզոնը։

«Այս մարդիկ կոնկրետ ցույց են տալիս իրենց վերաբերմունքը նրանց հանդեպ, ովքեր վախենում են, լռում ու տանում այն ամբողջ անօրինությունները, որոնք տեղի են ունենում պետական ամբողջ համակարգում՝ կրթական, քաղծառայության և այլն։ Մենք տեսնում ենք՝ ինչպես են մարդիկ ՀՈԱԿ-ներից, ՊՈԱԿ-ներից և անգամ մասնավոր սեկտորից վախենում խոսել։ Պատճառն այն է, որ վախենում են գործազուրկ մնալ, հետապնդվել, քրեական գործերով անցնել, կալանավորվել՝ անգամ կին, սեռ, տարիք հաշվի չառնելով»,- արձաքանքելով Հակոբյանի հայտարարությանը, ասաց ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

Վերջինիս պնդմամբ՝ հարցը պետք է տրվի հենց Աննա Հակոբյանին՝ հիմա ավելի տգետ է վախեցո՞ղը, թե՞ վախեցնողը։

Հովսեփյանը նկատեց, որ եթե համակարգը համախմբվի, ոչ մի իշխանություն չի կարող ճնշել նրանց, քանի որ պետությունն ուժեղ կախվածություն ունի քաղաքացիների հարկերից. «Ի՞նչ պետք է անեն, եթե համախմբվի մի ամբողջ կրթական համակարգ ու դուրս գա էս անօրինությունների դեմ։ Ով է իրենց ինչ-որ բան անելու և ով կարող է։ Կամ ինչից են վախենում բիզնես ոլորտում. մտածում են՝ բոլորին գետնի՞ն պիտի պառկեցնեն ու տանե՞ն։ Վերջապես, իրենք շատ ծանր կախված են այդ յուրաքանչյուրի տրված հարկերից, ու եթե թելը կտրվեց, բոլորով ուղղակի սովամահ են լինելու»։

Սոֆյա Հովսեփյանը կարծիք հայտնեց, որ Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր խնդիրը հենց իրենց տանն է. «Բնականաբար, Աննա Հակոբյանը չի ասի, որ երկրի ղեկավարը ահաբեկում է Հայաստանի Հանրապետությունում բնակվող ցանկացած քաղաքացու։ Ինքը պիտի մեղադրի դիմացինին և ոչ թե խնդիրը տեսնի իրենց տանը։ Հիմա անընդհատ խոսում է բռնությունից, բայց, կներեք, առաջին բռնարարը իրենց տանն է։ Գուցե ազնիվ լինի ու ուղիղ ասի, որ հենց իր տան բռնարարի դեմ պայքարելու մասի՞ն է խոսքը»։

Հովսեփյանի ձևակերպմամբ՝ բռնությունը միայն ֆիզիկական չէ, այլև հոգեբանական, ինչը տարածվում է նաև կրթական համակարգում. «Բռնությունը ինձ համար այն է, երբ ես առավոտ կանուխ արթնանում եմ ու իմ երկրում պետք է թոփ կարևոր անվտանգային հարցի նյութ կարդամ, բայց կարդում եմ, թե ինչպես է երկրի ղեկավար կոչվողը կոշիկ փայլեցնում։ Այդքան լավ կոշիկ սրբո՞ղ ես, գնա մի տեղ նստի՝ կոշիկ սրբելով զբաղվիր։ Դա բռնություն է իմ հոգեբանության, իմ աչքին, մտածողությանը, բարոյականությանն ու արժեհամակարգին։ Ու էդ ամեն ինչը մտնում է դպրոց, որտեղ ես աշխատում եմ, և դա ինձ համար բռնություն է, որովհետև ես առնչվում եմ այդ արժեհամակարգով ձևավորված արդեն սերնդի հետ»։

Ամփոփելով՝ Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ եթե հանրությունը շարունակի լռել, ապա ինչ-որ տեղ իշխանության գնահատականները կդառնան իրատեսական, սակայն քաղաքացիներին «տգետ» անվանելու իրավունք վախի մթնոլորտ ստեղծողները չունեն. «Մեծ հաշվով համաձայն եմ. եթե բնակչությունը հասկանում է ու լռում է իրանց այդքան արարքներից հետո, ուրեմն գուցե ինքը ճիշտ է։ Բայց միևնույն ժամանակ հասկանում եմ, որ դու գործ ունես չհասկացող, որևէ սկզբունք չունեցող բռնարարների հետ, որոնք, եթե պետք է՝ քեզ ուղղակիորեն կփակեն, 6 միլիոն դրամ կալանք կդնեն հաշիվներիդ, դատարան կներքաշեն։ Դա բռնությո՞ւն է, թե՞ չէ։ Տգե՞տ եմ ես, ըստ Աննա Հակոբյանի. չէ՛, ես համարում եմ, որ տգետը հենց իրենք են»։

Հասմիկ Մովսիսյան

Ձեզ գուցե հետաքրքրի