Ներքին 3 ամիս առաջ - 17:43 16-07-2026

Սա կուլակաթափության դասական դրսևորում է․ Սուրենյանցը՝ «Արարատցեմենտ»-ի մասին

Մերի Հակոբյան

Լրագրող

«Սա կուլակաթափության դասական դրսևորում է կամ դրա փորձը, ակնհայտորեն՝ ապօրինի, սեփականության իրավունքի դեմ ապօրինի ոտնձգություն։ Կարծում եմ՝ այս հարցով ի վերջո միջազգային արբիտրաժի կդիմեն, քանի որ գործ ունենք ակնհայտ ապօրինության հետ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն, անդրադառնալով Հակակոռուպցիոն դատարանի այսօր ընդունած որոշմանը, որով «Արարատցեմենտը» հանձնվում է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը։

Նրա խոսքով՝ իշխանությունների կողմից նման որոշումները քաղաքական գնահատականի խնդիր են առաջացնում։

«Եթե իշխանությունները որևէ խնդիր են ունենում ինչ-որ մարդու հետ, ապա փորձում են նաև նրա ունեցվածքի հետ կապված քայլեր իրականացնել։ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ և դրանից հետո բացահայտ խոսում էր ունեզրկելու, խստացնելու մասին»,- նշեց Սուրենյանցը։

Նա ընդգծեց, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ոչ միայն պայքարել հետևանքների, այլ նաև պատճառների դեմ։

«Իմ տրամադրությունն այն է, որ պետք է պայքարել, ստեղծել քաղաքական կենսունակ համակարգեր և փորձել հակազդել ոչ թե ռեպրեսիվ մեքենայի ռեսուրսներով, այլ իրավական ու քաղաքական գործիքակազմով։ Ի վերջո պետք է հասնել նրան, որ երկրում որակապես իրավիճակ փոխվի»,- ասաց նա։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է հնարավոր, որ նույն անձին պատկանող տարբեր գույքերի վերաբերյալ կարճ ժամանակահատվածում նման որոշումներ են կայացվում, Սուրենյանցը նշեց, որ, իր գնահատմամբ, նման գործընթացներում նախ որոշվում է թիրախը, ապա իրականացվում են իրավական քայլերը։

«Ընտրում են մարդուն, թիրախին, հետո արդեն որոշում են՝ ինչ գործիքներով ցավ պատճառել, ինչպես ունեզրկել։ Այսպիսի որոշումները մեկ մարդու քմահաճույքով կայացող գործընթացներ չպետք է լինեն»,- ասաց նա։

Սուրենյանցը նաև անդրադարձավ «Արարատցեմենտը» հետ վերադարձնելու հնարավորությանը։

«Նրանք բավականին առաջ են գնացել և փորձում են պետականացնել։ Մենք էլ պետք է փորձենք մեր իրավական և քաղաքական գործիքակազմով, նաև միջազգային հարթակներում դրան հակազդել»,- նշեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 16-ին, Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ընկերությունը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը։ Դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության միջնորդությունը։

Դատախազության փոխանցմամբ՝ որոշումն ընդունվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում, որը հարուցվել է Գագիկ Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց դեմ։

Նույն հայցով դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 75 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 38 ընկերություններում մասնակցություն, ինչպես նաև շուրջ 106 միլիարդ դրամի ապօրինի ծագում ունեցող գույք և միջոցներ։

Նշենք, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր «Արարատցեմենտ»-ի ազգայնացման մտադրության մասին։ Հուլիսի 9-ին նա հայտնել էր նաև, որ գործարանում ժամանակավոր կառավարիչ է նշանակվելու, սակայն դեռևս չի ներկայացվել, թե ինչ ընթացակարգով և ինչ ժամկետներով է իրականացվելու այդ գործընթացը։


Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով