Մամուլ 4 ամիս առաջ - 08:21 20-06-2026

ԱԱԾ-ն անօդաչու թռչող սարք է գնել. երբ և ինչու. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն, որը խորհրդարանական ընտրությունների ընթացքում ակտիվորեն պայքարում էր ընտրակաշառք բաժանողների դեմ՝ նրանց որոնելով բացառապես ընդդիմադիրների շտաբներում կամ գրասենյակներում, օրեր առաջ նաև հրապարակավ իրազեկեց, որ հունիսի 6-ին և 7-ին Հանրապետության ամբողջ տարածքում իրականացնելու են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Կոմիտեն հայտարարում էր, որ օրենսդրությամբ իրեն վերապահված ողջ գործիքակազմի կիրառմամբ և ժամանակակից տեխնիկական սարքավորումների, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի, գործադրմամբ իրականացվելու են գործողություններ, որոնք բացառապես միտված են լինելու ընտրակաշառք տալու և ստանալու հանցավոր սխեմաների մեջ ներգրավված անձանց բացահայտմանն ու չեզոքացմանը։

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով Հակակոռուպցիոն կոմիտեի վերջին գնումների ցանկը, հետաքրքիր փաստ է արձանագրել։ Պարզվում է՝ կոմիտեն վերջին շրջանում հիմնականում օգտվել է գրասենյակային պարագաների ձեռքբերման, ավտոլվացման, ինչպես նաև թարգմանչական ու փորձաքննական ծառայություններից։ Մինչդեռ անօդաչու թռչող սարքի ձեռքբերման վերաբերյալ որևէ գնում կոմիտեի կողմից չի արձանագրվել։

Փոխարենը, «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անօդաչու թռչող սարք է ձեռք բերել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։ Մասնավորապես, 2026 թվականի մայիսի 26-ին ԱԱԾ-ն «ԷԼՄԱՐԿԵՏ» ՍՊԸ-ից գնել է անօդաչու թռչող սարք։

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հայտնված փաստաթղթի համաձայն՝ գնված սարքը հագեցած է ինչպես ցերեկային, այնպես էլ ջերմատեսիլ տեսախցիկներով։ Այն հնարավորություն ունի ցանկացած պահի իրականացնել տեսանկարահանում, պահպանել և արխիվացնել ստացված նյութերը։ Բացի այդ, սարքն ապահովում է տեսանշանի փոխանցում 4G կապի միջոցով, ինչը փաստացի հնարավորություն է տալիս իրական ժամանակում հետևել կատարվող գործողություններին։

Ըստ փաստաթղթի՝ մեկ անօդաչու նկարահանող սարքի համար պետական բյուջեից վճարվել է 2 միլիոն 995 հազար դրամ։

Սակայն այստեղ առաջանում է մեկ կարևոր հարց. եթե ընտրակաշառքի դեմ պայքարի շրջանակում ուժային կառույցները հայտարարում էին անօդաչու սարքերի լայն կիրառման մասին, ապա ինչո՞ւ մինչ օրս որևէ պետական կամ ուժային կառույց չի հրապարակել այդ սարքերի միջոցով կատարված թեկուզ մեկ տեսագրություն կամ տեղագրական տվյալ։ Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է հանրային մեծ հետաքրքրություն առաջացրած ընտրական գործընթացներին և դրանց շրջանակում իրականացված լայնածավալ օպերատիվ գործողություններին։

Ստացվում է՝ դրոնը գնվել է, դրա տեխնիկական հնարավորությունները բավականին լուրջ են, պետական բյուջեից վճարվել է գրեթե 3 միլիոն դրամ, սակայն հանրությունը մինչ օրս չի տեսել այդ սարքի աշխատանքի որևէ արդյունք։ Թե իրականում որտեղ և ինչ նպատակներով է կիրառվել անօդաչու սարքը, կամ արդյոք այն օգտագործվել է հենց ընտրական գործընթացների ընթացքում, առայժմ մնում է անհայտ»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին