Ներքին 3 ամիս առաջ - 16:28 19-06-2026

Փաշինյանը ներկա է գտնվել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը։ Պահպանելով կրթահամալիրի նախկին պատմամշակութային տեսքը՝ վերակառուցվել է դպրոցի երեք և կառուցվել մեկ նոր մասնաշենք՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում։

Շինարարական աշխատանքների համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 2 մլրդ դրամ: Կրթահամալիրը հագեցվել է նաև ժամանակակից պահանջներին համապատասխան լաբորատորիաներով, համակարգչային տեխնիկայով և սարքավորումներով։

Մասնագիտական դպրոցում ուսումնական գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով հաստատությունը կահավորվել է անհրաժեշտ գույքով՝ ներառյալ արվեստանոցների համար նախատեսված մոլբերտներ, կերպարվեստի դարակաշարեր, նատյուրմորտի սեղաններ և լուսամփոփեր, քանդակի հաստոցներ, դիզայնի սեղաններ և այլն։ Ժամանակակից կրթության բոլոր պահանջներին համապատասխանող դպրոցը նախատեսված է 600 աշակերտի համար։

Ողջունելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է դպրոցի նորամուտի առիթով և հիշեցրել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում առկա է հանրապետությունում արվեստի, սպորտի 100 դպրոցների կառուցման նախագիծ։ Վարչապետը դպրոցաշինության ծրագրերում ընդգծել է ամեն անգամ մի նոր բաղադրիչի ավելացումը. «Դա շատ կարևոր է, որպեսզի դպրոցաշինությունը Հայաստանի Հանրապետությունում զարգացնենք, որովհետև շինարարությունը՝ շինարարություն, բայց ինքն էլ շերտեր ունի և դպրոցաշինությունն ու մանկապարտեզաշինությունն առանձնահատուկ ուղղություններ են»։

Այդ համատեքստում, երկրի ղեկավարն ընդգծել է դպրոցների մոտակայքում բակային խաղահրապարակների առկայության կարևորությունը և նշել, որ այդ հարցում կհամագործակցեն քաղաքապետարանի գործընկերների հետ։ Անդրադառնալով իրականացված աշխատանքներին՝ Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ որակի փոփոխությունը շատ էական է և կարևոր, ինչը սկզբունքային հարց է։

Վարչապետը նշել է, որ երկու տարի առաջ սկսել են անդրադառնալ այդ հարցին, թե ինչպիսի՞ն պետք է լինի Իրական Հայաստանի գեղագիտությունը. «Պետության քաղաքական ռազմավարությունները երբեմն ոչ միայն չեն արտահայտվում արվեստի, ձևերի մեջ, այլև շատ հաճախ որևէ կապ չունեն պետության և իրավունքի իրականության հետ։ Սա նույնպես պրոբլեմ է, որի մասին մենք պետք է մտածենք։ Այստեղ էլ է պետք հասկանալ, որ մեզ պետք է ժամանակ, համբերություն, մեզ պետք է ոչ թե վիճաբանություն, այլ բանավեճ, այդ բոլոր հարցերը հասցեագրելու համար»։

Շնորհակալություն հայտնելով դպրոցի կամավոր ատեստավորում անցած ուսուցիչներին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է կրթությունը բարելավելու կարևորությունն ու անհրաժեշտությունը։ «Առիթ ունեցել եմ ասելու՝ չկա որևէ մեկը, որ գիտի ամեն ինչ, հետևաբար՝ յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի։ Մենք պետք է սա դարձնենք կենսակերպ, ապրելակերպ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար, որովհետև դա է պետության զարգացման գրավականը»,- ասել է երկրի ղեկավարը։

Ամփոփելով խոսքը՝ վարչապետը կրկին շնորհակալություն է հայտնել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող, հսկիչ դրամարկղային կտրոն թողարկող և հսկիչ դրամարկղային կտրոն պահանջող բոլոր մարդկանցից։

«Մենք պետք է հասկանանք ինչպես է այս ամեն ինչը ստեղծվում։ Այս ամեն ինչը ստեղծվում է աշխատանքի, ձևավորված հարկերի, պետական եկամուտների հավաքագրման և պետական եկամուտների հասցեագրման միջոցով և ճանապարհով»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը և շնորհակալություն հայտնել դպրոցաշինության ծրագրի բոլոր մասնակիցներին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան