Ներքին 7 ամիս առաջ - 19:00 16-03-2026

Նույն տարում ծնված տղաները տարբեր ժամկետներով են ծառայում․ ծնողները ստորագրահավաք են սկսել

Պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման վերաբերյալ նոր օրենքի կիրառումը դժգոհություն է առաջացրել մի շարք ծնողների շրջանում։ Նրանք նշում են, որ ստեղծված իրավիճակը անհավասար պայմանների մեջ է դնում նույն տարում ծնված երիտասարդներին։

Oragir.News-ի հետ զրույցում զինծառայողի մայր Նինա Արզումանյանը նշեց, որ ծնողները մտահոգված են օրենքի կիրառման հետևանքով առաջացած տարբերություններով։

«Մենք հասկանում ենք, որ օրենքը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, և 2026 թվականից պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 18 ամիս։ Սակայն մեզ համար անհասկանալի է, թե ինչպես կարող է նույն տարում ծնված, նույն դասարանում սովորած և նույն տարիքին հասած երիտասարդներից մեկը ծառայել 24 ամիս, իսկ մյուսը՝ 18 ամիս»,– ասաց նա։

Արզումանյանի խոսքով՝ խոսքը 2007 թվականին ծնված երիտասարդների մասին է, որոնց մի մասը արդեն զորակոչվել է կամ պատրաստվում է զորակոչվել նախկին՝ 24 ամիս ծառայության պայմաններով, մինչդեռ մյուսները կծառայեն արդեն նոր՝ 18 ամիս ժամկետով։

«Սա ակնհայտորեն առաջացնում է անարդարության և խտրականության զգացում նույն սերնդի երիտասարդների նկատմամբ։ Մենք գիտակցում ենք, որ օրենքը հետադարձ ուժ չունի, սակայն վստահ ենք, որ պետությունը կարող է գտնել մեխանիզմներ, որոնք թույլ կտան նույն ժամանակահատվածում ծնված երիտասարդների համար ապահովել հավասար պայմաններ»,– նշեց զինծառայողի մայրը։

Նրա խոսքով՝ հազարավոր ընտանիքներ ակնկալում են, որ պատասխանատու կառույցները կանդրադառնան խնդրին և կվերանայեն ստեղծված իրավիճակը։

«Որևէ ծնող չի կարող հանգիստ ընդունել մի որոշում, որը իր որդուն դնում է անհավասար պայմանների մեջ՝ նույն ծառայությունը կատարելու դեպքում։ Չի կարելի ընդունել, որ մեր երեխայի համադասարանցին 6 ամիս ուշ է գնում բանակ, բայց օրերի տարբերությամբ ավելի շուտ է տուն գալիս»,– ասաց Արզումանյանը։

Ծնողները հույս ունեն, որ հարցը կբարձրաձայնվի հանրային հարթակներում, և պետությունը կգտնի լուծումներ, որոնք կապահովեն հավասարություն նույն սերնդի երիտասարդների համար։

«Մեր պահանջը պարզ է՝ ապահովել հավասարություն։ Այս հարցը վերաբերում է ոչ միայն մեր ընտանիքներին, այլ նաև արդարության և հավասարության սկզբունքին, որը պետք է գործի յուրաքանչյուր քաղաքացու համար»,– եզրափակեց Նինա Արզումանյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով