Ներքին 7 ամիս առաջ - 16:37 16-03-2026

ՌԴ-ից 80 հազար ընտրող բերելու գինը․ որքա՞ն պետք է ծախսի ФСБ-ն

Հայաստանում նախընտրական քարոզարշավը ոչ պաշտոնապես մեկնարկել է։

Նախընտրական թոհուբուհի մեջ հնչող քաղաքական հայտարարությունների հորձանուտում երբեմն լինում են նաև թեզեր, որոնք առաջին հայացքից թվում են սենսացիոն, սակայն փշրվում են՝ հասարակ թվաբանությանն առնչվելիս։

Վերջերս «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող, «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը պնդել էր, որ Ռուսաստանի ԱԴԾ-ն (ФСБ) ճնշում է գործադրում այդ երկրում գտնվող հայ գործարարների նկատմամբ, որպեսզի վերջիններիս միջոցով 80 հազար ընտրող տեղափոխի Հայաստան՝ հոգալով նրանց տեղափոխման ծախսերը, ինչպես նաև խոստանալով 100 հազար ռուբլի ընտրակաշառք տրամադրել։

Եկեք մի կողմ դնենք քաղաքականությունը և միասին մի փոքր հաշվարկ կատարենք՝ հասկանալու համար, թե որքա՞ն գումար պետք է ծախսի ՌԴ ԱԴԾ-ն՝ 80 հազար ընտրող տեղափոխելու համար․ երբ ակնկալվող 80 հազար ձայները բազմապատկում ենք խոստացվող 100 հազար ռուբլի ընտրակաշառքով, ստացվում է 8 միլիարդ ռուբլի, ինչը համարժեք է շուրջ 100 միլիոն դոլարի։ Սա միայն կաշառքի գումարն է։ Եթե սրան գումարենք տրանսպորտային ծախսերը, կեցությունը և լոգիստիկան, գումարը կդառնա աստղաբաշխական, իսկ արդյունքը՝ անկանխատեսելի, քանի որ գաղտնի քվեարկության պայմաններում ոչ ոք չի կարող վերահսկել, թե Հայաստան տեղափոխված անձինք ում օգտին են քվեարկել։

Նկատենք՝ գումար խնդրի միայն կեսն է. հարց է առաջանում, թե ինչպե՞ս է հնարավոր 80 հազար մարդու Ռուսաստանից Հայաստան տեղափոխել։ Եթե օգտագործենք ստանդարտ 40-տեղանոց զբոսաշրջային ավտոբուսները, ապա անհրաժեշտ է լինելու առնվազն 2000 ավտոբուս։ Այս իրավիճակում շատերը գուցե պատկերացնեն Վրաստանի սահմանին կանգնած սահմանապահի դեմքը, ով տեսնում է ավտոբուսների նման անվերջանալի շարասյուն։ Դա ոչ թե սովորական անցուդարձ է, այլ փաստացի մի ամբողջ քաղաքի էվակուացիա։

Մյուս տարբերակն այն է, որ մարդիկ Հայաստան գան անհատական մեքենաներով։ Յուրաքանչյուր մեքենայում կարող է առավելագույնը 5 մարդ տեղափոխվել, ուստի Հայաստան պետք է մուտք գործի առնվազն 16 հազար մեքենա։ Սա կառաջացներ պատմության մեջ ամենամեծ խցանումը, որը Լարսի անցակետից կձգվեր մինչև Երևանի կենտրոն։

Հաջորդ տարբերակը ինքնաթիռն է․ 150 տեղանոց Boeing-ով 80 հազար մարդ տեղափոխելու համար կպահանջվի 533 չվերթ։ Համեմատության համար՝ «Զվարթնոց» օդանավակայանը օրական սպասարկում է մոտ 30-40 չվերթ։ Սա նշանակում է, որ երկու շաբաթ շարունակ Հայաստանը պետք է դադարեցնի բոլոր կանոնավոր չվերթերը և սպասարկի միայն «կրասնոդարյան դեսանտին»։

Հարց է առաջանում նաև՝ եթե կառույց ունենար 100 միլիոն դոլար և նպատակ՝ ազդելու ընտրությունների վրա, կընտրե՞ր ամենաթանկ, ամենաբարդ և ամենատեսանելի մեթոդը։ Նման խոշոր գումարով հնարավոր էր գնել Հայաստանի ողջ գովազդային շուկան, բոլոր հեռուստաալիքները, վահանակները և նույնիսկ կազմակերպել անվճար համերգների շարք ողջ հանրապետությունում, որի արդյունքում հնարավոր կլիներ շոշափելի արդյունքների հասնել՝ շատ ավելի քիչ ռեսուրսներ ծախսելով։

Դավադրության տեսությունները միշտ էլ գրավիչ են, բայց դրանք հաճախ հօդս են ցնդում թվերի ճնշման տակ։

Կարճ ասած՝ երբեմն «բացահայտումներ» անելու համար բավական է պարզապես վերցնել հաշվիչը։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա