Ներքին 20 րոպե առաջ - 17:28 04-11-2026

39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Նոյեմբերի 29-ին Շիրակի մարզի Ամասիա համայնքում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։ Համայնքի գործող ղեկավար Ջեմմա Հարությունյանը առաջիկա ընտրություններին մասնակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։

Oragir.News-ն ուսումնասիրել է համայնքապետի ընտանիքի գույքային դրության վերաբերյալ հրապարակված հայտարարագրային տվյալները։

Համաձայն նոյեմբերի 1-ին հրապարակված հայտարարագրային տեղեկությունների՝ Ջեմմա Հարությունյանի ամուսինը՝ Մարսել Կարապետյանը, ունի 39 միավոր անշարժ գույք և 5 ավտոմեքենա։

Կարապետյանը «Աշոցքի ԱՏՃ» ճանապարհաշինական ընկերության տնօրենն է։

Նշենք, որ նրա գույքային դրության վերաբերյալ ուշագրավ տվյալներ էին հրապարակվել նաև ավելի վաղ։ Մասնավորապես, 2021 թվականի հայտարարագրում Մարսել Կարապետյանը նշել էր 26 միավոր անշարժ գույք։

Նույն հայտարարագրում որպես ավանդ նա նշել էր 270 միլիոն դրամ, 526 հազար ԱՄՆ դոլար և 500 հազար ռուսական ռուբլի։

Բացի այդ, 2021 թվականին Կարապետյանը «Աշոցքի ԱՏՃ» ՓԲԸ-ից հայտարարագրել էր 1 միլիոն 600 հազար դրամ աշխատավարձ և 57 միլիոն դրամ՝ ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտ։

Հարկ է ընդգծել, որ նշված դրամական միջոցները վերաբերում են 2021 թվականի հայտարարագրին և չեն արտացոլում պարտադիր կերպով ընտանիքի ներկայիս ֆինանսական վիճակը։

Այստեղ մի հետաքրքիր դրվագ էլ կա. Ջեմմա Հարությունյանի ամուսնու` Մարսել Կարապետյանի ղեկավարած ընկերությունը նախկինում պետական պատվերներ է ստացել նաև Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների ճանապարհների պահպանման աշխատանքների համար։

Մասնավորապես, 2023 թվականի հունվարի 11-ին Շիրակի մարզպետարանը «Աշոցքի ԱՏՃ» ՓԲԸ-ի հետ 100 միլիոն դրամի համաձայնագիր էր կնքել՝ մարզային նշանակության ճանապարհների ամառային և ձմեռային պահպանման աշխատանքների իրականացման նպատակով։

2022 թվականին նույն աշխատանքների դիմաց ընկերությանը փոխանցվել էր 81 միլիոն դրամ։

Այսպիսով, հրապարակված տվյալների համաձայն՝ Ամասիայի համայնքապետի ամուսինը տիրապետում է զգալի անշարժ և շարժական գույքի, իսկ նրա ղեկավարած ընկերությունը պետական միջոցներով իրականացրել է ճանապարհների պահպանման աշխատանքներ։


Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
18:00 Առջևում նոյեմբերի 9-ն է. Հ1-ը կապիտուլյացիայի թեմային կանդրադառնա՞
17:51 Բանակում մի շարք դեպքերում ինքնասպանություն գործելու պատճառ է հանդիսացել սեկտայի հարելը. ՔԿ նախագահ