Ներքին 1 տարի առաջ - 09:06 02-09-2025

Սեպտեմբերի 2-ը ոգեշնչում է հային, մղում Արցախն ազատագրելու

Արցախը զավթված է, Արցախի իսկական տերերը բռնի տեղահանվել են։ Սակայն այս իրավիճակը չի ընկճում հայերին։ «Արար» հիմնադրամի վերջին հարցումների տվյալներով՝ հարցվածների 92 տոկոսը կարծում է, որ Արցախը կրկին ազատագրվելու է։

Այսօր սեպտեմբերի 2-ն է, Արցախի անկախության օրը։ 1991-ից մինչև 2023-ն այն իրական տոն էր։

Իսկ ի՞նչ նշանակություն ունի այսօր Սեպտեմբերի 2-ը։

Մի ժամանակ մեծ վեճ կար, թե ո՞րն է կարևոր՝ Սեպտեմբերի 2՞-ը, թե՞ Դեկտեմբերի 1-ը։

Ոմանք կարծում էին, թե Խորհրդային Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի Գերագույն խորհուրդների 1989 թվականի դեկտեմբերի 1-ի համատեղ որոշումը իրավական ուժ ունի։ Այս որոշմամբ՝ Արցախը միավորվել է Հայաստանին, Հայաստանի մի մասն է դարձել։ Դեկտեմբերի 1-ի մասին նշում կա նաև ՀՀ անկախության գործընթաց սկսելու մասին 1990-ի օգոստոսի 23-ի հռչակագրում։

Իսկ 1991-ի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանն ընդունել է հռչակագիր ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին։ Սեպտեմբերի 2-ն ավելի բարձր դասողները կարծում էին, թե Դեկտեմբերի 1-ի որոշումը կոնֆլիկտային է, աշխարհն այն չի ընդունում, նույնիսկ Հայաստանի Հանրապետությունն այն փաստացի չի ընդունում, քանի որ 1991-ի Սեպտեմբերի 21-ի հանրաքվեի ժամանակ ԼՂՀ-ում տեղամասեր չբացվեցին։

Այսօր այս վեճը դադարել է, քանի որ Արցախը բռնազավթված է, հայերն այնտեղ չեն ապրում, բռնի տեղահանվել են։ Դեկտեմբերի 1-ի որոշումն ու Սեպտեմբերի 2-ի հռչակագիրը, սակայն, առանձին-առանձին շարունակում են իրենց ճանապարհը։ Եվ դրանք այսօր սոսկ պատմական իրադարձություններ չեն, քաղաքական ուրույն նշանակություն ունեն։ Դեկտեմբերի 1-ն այսօր էլ լուրջ մտահոգություն է առաջացնում չբարեկամ երկրում։ Բաքուն պահանջում է, որ ՀՀ սահմանադրությունից հանվի 1990-ի օգոստոսի 23-ին ընդունված ՀՀ Անկախության հռչակագրի մասին հղումը, քանի որ այս փաստաթղթում նշում կա Դեկտեմբերի 1-ի մասին։

Սեպտեմբերի 2-ն էլ միայն պատմական ամսաթիվ չէ։ Սեպտեմբերի 2-ը խորհրդանշում է, որ մի ժամանակ Արցախն անկախ էր, թեև՝ չճանաչված։ Այնտեղ ապրում էին իսկական տերերը՝ հայերը։ Այն հայկական բնօրրան է, հայկական կենսատարածք, Հայաստանի երբեմնի ինքնիշխան տարածքը։ Հետևաբար՝ կրկին կարող է հայկական դառնալ։

Խորհրդային բռնազավթման տարիներին Մայիսի 28-ը ոգեշնչում էր անկախության համար պայքարողներին։ Մայիսի 28-ը հիշեցնում էր, որ մի ժամանակ Հայաստանն անկախ է եղել։ Ուստի կարող է նորից անկախանալ։ Պատկերավոր ասած՝ Մայիսի 28-ը անկախության համար պայքարի փարոսն էր։ Նույնպիսի նշանակություն է ձեռք բերում Սեպտեմբերի 2-ը։

Կարճ ասած՝ Սեպտեմբերի 2-ն այսօր ոգեշնչում է մարդկանց, վառ պահում Արցախն ազատագրելու գաղափարը։ Ու քանի դեռ մարդիկ նշում են Սեպտեմբերի 2-ը, ապա կարելի է հույս փայփայել, որ լուսավոր մի օր Արցախը վերստին ազատ կլինի ու փաստացի կմիավորվի Հայաստանի հետ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով