Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:15 19-06-2025

ՀԷՑ-ը խլելուց հետո ոչ ոք ներդրում չի անի Հայաստանում

Ներդրումային միջավայրի գրավչությունը պայմանավորված է ապահովությամբ։ Եթե պաշտպանված չեն, ապա ներդրում չեն անում։ «Ես ասում եմ՝ շատ արագ ՀԷՑ-ը կլինի պետական սեփականություն»,- հունիսի 18-ին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային Ժողովում հարցուպատասխանի ընթացքում։

Ի՞նչ հետևանք կունենա ՀԷՑ-ի ազգայնացումը։

Շատ տարիներ առաջ ՀԷՑ-ն, ավելի ճիշտ՝ այն, ինչի վրա ստեղծվեց ՀԷՑ-ը, պետական էր, կորուստները մեծ էին՝ 17 տոկոս, իսկ ռուսներին վաճառելուց առաջ հասավ մոտ 50 տոկոսի։ Ռոբերտ Քոչարյանի կառավարությունն ասում էր, թե համակարգում ներդրումներ անելու փող չունի, պետությունը լավ տնտեսվարող չէ։ Ու տվեցին ռուսներին։ «Էլեկտրիկ Երևան» շարժման արդյունքում Մոսկվան ՀԷՑ-ը վաճառեց Սամվել Կարապետյանի հետ առնչվող մի ընկերությանը։ Նրա կատարած ներդրումների արդյունքում ներկայումս կորուստները կազմում են 8.2%, որից 7%-ը տեխնիկական կորուստներ են, իսկ մոտ 1.2%-ը՝ առևտրային կորուստներ: Այս պատմությունը հուշում է, որ ազգայնացնելուց հետո, հնարավոր է՝ ներդրումները պակասեն, իսկ կորուստներն ավելանան։

Իհարկե՝ ՀԷՑ-ը վատ է աշխատում, կամայական անջատումներ են լինում, հավելագրումների դեպքեր են եղել։ Ահազանգեր կան, որ օրվա որոշ ժամերին մատակարարվող էլետրաէներգիան ոչ թե 220 վոլտ է, այլ 240-ից ավելի, որը թույլատրելի շեղումից անց է, ինչի հետևանքով էլեկտրական որոշ սարքեր փչանում են, նյութական վնաս պատճառում մարդկանց։ Սակայն ո՞րն է երաշխիքը, որ ազգայնացումից հետո հավելագրում, կամայական անջատում, ստանդարտի խախտում չեն լինի։ Հակառակը՝ կարծիք կա, թե ազգայնացումից հետո ՀԷՑ կառավարման օղակներում կթափանցեն ՔՊ համակիր ձևացող պատեհապաշտներ, որոնց ձեռքում ՀԷՑ-ում ավելի խայտառակ բաներ կլինեն, քան ներկայում։

Ավելի մեծ մտավախությունն առնչվում է ներդրումների նվազմանը։ Սամվել Կարապետյանը աշխարհում հայտնի միլիարդատեր է։ Չնայած՝ ՌԴ քաղաքացի է, բայց ՀՀ-ում արմատներ ունի, գործընկերներ։ Եթե այսպիսի ուժեղ ու պաշտպանված, հանրության մի մասի սերն ու հարգանքը վայելող գործարարի ձեռքից կոպտորեն խլում են ՀԷՑ-ը, ապա պոտենցիալ ներդրողները երկար կմտածեն՝ ՀՀ-ում ներդրում անե՞ն, թե՞ ոչ։

Այսինքն՝ ազգայնացումը նուրբ գործընթաց է։ Հարկ է այնպես անել, որ պոտենցիալ ներդրողները հուշտ չլինեն, հասկանան, որ սա օրինաչափություն չէ, բացառություն է, քաղաքական աստառ ունի։ Լավատեսական կարծիք կա, թե այս առումով են ՀԷՑ-ն ազգայնացնելու գործընթացից առաջ հորինել պատմույթ այն մասին, թե Սամվել Կարապետյանը Նիկոլ Փաշինյանին դեմ է, ՌԴ-ից ուղղորդվում է, ուզում է իշխանությունը խլել ՔՊ-ից և այլն։ Այս բաներն ուղեկցում են հանրային ցույցերով, քրեական վարույթով, որ աշխարհին, պոտենցիալ ներդրողներին ցույց տան, թե սա իշխանության համար կենսական հարց է, իշխանությունը պահելու թեմա է, կամայական գրոհ չէ ներդողի դեմ, կամայական ազգայնացում չէ։ Այս սփոփիչ վարկածը, սակայն, համոզիչ չէ։

Առավել իրատեսական է հանրային խոսույթում շրջանառվող այն պնդումը, թե ՀԷՑ-ն այսպիսի աղմուկով ազգայնացնելուց հետո ոչ ոք չի ուզենա ՀՀ-ում ներդրումներ անել։ Նույնիսկ պայմանավորված ծրագրերը կարող են վերանայվել։ Մարդիկ կվախենան, որ Նիկոլ Փաշինյանը մի օր էլ կուզենա իրենց բիզնեսն ազգայնացնել, խլել իրենց տարիների ձեռքբերումը։ Իսկ եթե ներդրումներ չլինեն, ապա տնտեսությանը մեծ վնաս կպատճառվի, և ժողովուրդն ու պետությունը շատ կտուժեն։

Կարճ ասած՝ եթե մի օր մարդիկ իրար հարց տան, թե ինչո՞ւ ներդրումներ չեն անում Հայաստանում, ապա կարող են հիշել ՀԷՑ-ի ազգայնացումը, որի ընթացքում այնպիսի սարսափ տարածվեց, որ պոտենցիալ ներդրողները որոշեցին ներդրում չանել ՀՀ-ում, քանի դեռ իշխանության է Նիկոլ Փաշինյանը։ Ամենաշատը կվախենան Մոսկվան ու ռուսահայ գործարարները, որոնք Հայաստանում ներդրում չեն անի, ունեցածն էլ արագ կվաճառեն թուրքերին, չինացիներին, այնպիսի գործընկերների, որոնք չեն վախենա կամայական ազգայնացումից։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք